«Հարցի լուծումն արագացնել՝ նշանակում է՝ ճնշում գործադրել, որպեսզի Հայաստանը կատարի տարածքային զիջումներ»

Հոկտեմբերի 25-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն այցելել էր Հայաստան։ Այն ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի տարածաշրջանային այցն էր, որը մեկնարկել էր հոկտեմբերի 21-ին Մոսկվայից, նա Հայաստան էր եկել Բաքու կատարած այցից հետո, և տարածաշրջանային այցն ավարտվելու է Վրաստանում։

Հայաստանյան այցի շրջանակներում Ջոն Բոլթոնն անդրադարձել էր տարբեր հարցերի, այդ թվում՝ Արցախի հիմնահարցին, Ադրբեջանի սպառազինությանը, Հայաստանի կողմից Սիրիա զորամիավորում ուղարկելուն, և այլն։

«Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի ղեկավար, պատմաբան Գևորգ Մելքոնյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ջ. Բոլթոնի Հայաստան այցի մեսիջներին, նկատեց, որ այս այցը տարածաշրջանում նոր զարգացումների սկիզբ է դնում, որը մասնավորապես պայմանավորված է լինելու իրանական գործոնով։ Եթե այս գործոնը չլիներ, պատմաբանը համոզված է, որ Բոլթոնը դժվար թե այցելեր Հայաստան և Ադրբեջան։

«Բոլթոնի այցը և արած հայտարարությունները ցույց են տալիս, որ այցի հիմնական մեխը ոչ թե Արցախի հիմնահարցի կարգավորում էր, այլ  Հայաստանի մասով Իրանի հետ հարաբերությունների վերանայումը։ Այսինքն՝ այսօր ամերիկյան արտաքին քաղաքականության դոկտրինան Արևելքում պայմանավորված է Իրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելով։ Միացյալ Նահանգները հասկանում է, որ այդ պատժամիջոցների հետ կապված՝ Հայաստանը, ինչպես նաև Ադրբեջանը ունեն շատ լուրջ դեր, ըստ էության, երկուսն էլ հարևան պետություններ են»,- ասաց Գևորգ Մելքոնյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ մտահոգիչ էր այն հանգամանքը, որ Բոլթոնը բաց տեքստով խոսեց հայ-իրանական հարաբերությունների և հայ-իրանական սահմանի մասին։ Այս պարագայում պատմաբանը կարծում է, որ  հայկական կողմը ոչ միայն դիվանագիտական, այլև վերլուծական մակարդակով պետք է հայտարարի, որ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների հարցում Հայաստանը չի կարող ունենալ որևէ ներգրավվածություն, քանի որ կա հարավային սահման, որն ունի ռազմավարական մեծ նշանակություն։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանն Իրանի հետ ունի լավ հարաբերություններ, որոնք աստիճանաբար ավելի են զարգանում։

«Եթե մենք գնանք Իրանի հետ հարաբերությունները վատացնելու ճանապարհով, ապա Արցախի հարցում հայտնվելու ենք ավելի ծանր վիճակում, ինչ վիճակում կհայտնվենք ԱԺ արտահերթ ընտրություններից հետո։ Քանի որ Բոլթոնը հայտարարեց, որ պետք է արագացվի Արցախի հիմնահարցի կարգավորումը։ Մենք տեսանք, որ Հայաստանից հեռացող ԱՄՆ դեսպանն այս հարցի հետ կապված հնչեցրեց ամերիկյան տեսակետը։ Հարցի լուծումն արագացնել՝ նշանակում է՝ ճնշում գործադրել, որպեսզի Հայաստանը կատարի տարածքային զիջումներ։ Այս հարցի հետ կապված հայկական կողմի պատասխանը գրեթե չկա»,- շեշտեց Գևորգ Մելքոնյանը։

Հարցին, գուցե Բոլթոնը նկատի է ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո բանակցային գործընթացի ակտիվացո՞ւմը, Գ. Մելքոնյանն ընդգծեց, որ խնդիրն արդեն  ոչ թե բանակցային գործընթացի մեջ է, այլ կոնկրետ գործողությունների։ Եթե լինի միայն բանակցային գործընթաց, ապա սա ողջունելի է, քանի որ  Հայաստանի բոլոր իշխանությունները եղել են դրա կողմնակիցը։

«Ըստ էության, արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինելու են շատ կարևոր ազդակ այս հարցում։ Որովհետև այժմ տարօրինակ կերպով խաղաղություն կա սահմանին, և կարծես թե բոլորը սպասում են, այսպես ասած, այս ընտրություններին, որպեսզի հիմնախնդրի կարգավորման գործընթացը արագացնեն։ Կրկնում եմ՝ կարգավորման գործընթացը ինչպես նրանք են տեսնում, ցավոք, տարածքներ՝ խոստման դիմաց է, ինչը չի բխում հայության ռազմավարական շահերից։ Բոլթոնի այցի հետ կապված պետք է դիտարկենք երկու ուղղություն՝ հայ-իրանական հարաբերությունները, որտեղ մենք Արևմուտքին պետք է հասկացնենք, որ այդ հարաբերությունները մեզ համար կենսական են, և Արցախի խնդրի կարգավորման արագացված գործընթաց, որը ոչ թե փոխզիջումային, այլ զիջումային տարբերակն է։ Կարծում եմ՝ այս առումով մենք բավականին ասելիք ունենք, և մտավորականներն ու վերլուծական շրջանակները պետք է արտահայտեն իրենց կարծիքը՝ հասկացնելու, որ խնդրի նման լուծումը չի բխում հայության շահերից»,- նշեց Գևորգ Մելքոնյանը։

Ինչ վերաբերում է Սիրիա Հայաստանի կողմից զորամիավորում ուղարկելու Միացյալ Նահանգների տեսակետին, Գևորգ Մելքոնյանը նկատեց, որ Ջոն Բոլթոնը հայտնեց ԱՄՆ-ի կարծիքը՝ նշելով, որ Հայաստանին խորհուրդ չեն տա գնալ այդ քայլին, քանի որ սա նրանց շահերից չի բխում։

«Միշտ ասել եմ, որ Սիրիայում հայկական զորախմբի խնդիրը հայության շահերի պաշտպանությունն է»,- եզրափակեց Գ. Մելքոնյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս