Բաժիններ՝

«Աջ ղեկով մեքենաների մասին օրենքը պետք է վերանայվի»

Հայ-վրացական սահմանում արգելափակված շուրջ 150  և վրացական տարբեր քաղաքներում գտնվող 2000-2500 մեքենաների հարցը շարունակում է օդում կախված մնալ:

«Վարորդի ընկեր» ԻՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանի փոխանցմամբ՝ առաջիկայում քննարկումներ են տեղի ունենալու գերատեսչությունների ներկայացուցիչների, հասարակական կառույցների  հետ: Ներկա կլինեն թե՛ մեքենա ներմուծողները, թե՛ նրանք, ովքեր իրենց համար են մեքենա պատվիրել՝ հույսով, որ հոկտեմբերի 1-ից օրենքն արդեն չի գործի:

«Աջ ղեկով մեքենաների հարցով կա նաև իրազեկվածության պակասի խնդիր: Թյուրըմբռնում է առաջացել, քանի որ հայտնել են, որ հոկտեմբերի 1-ից արգելքը հանվելու է: Նախապես պետք է տեղեկացնեին, որ հոկտեմբերի 1-ն ընտրվել է, քանի որ ԵԱՏՄ համաձայնագրի շրջանակներում 6 ամսից ավելի ոչ մի բանի վրա արգելք դնելու իրավունք չունեն, այն 6 ամիսը մեկ պետք է վերանայվի: Հետո, երբ ավելի լավ են ուսումնասիրել ԵԱՏՄ համաձայնագրի դրույթները, հասկացել են, որ տեխնիկական միջոցներին դա չի վերաբերում: Միաժամանակ հայտնեմ, որ 2020 թվականից ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններում արգելվելու են աջ ղեկով մեքենաները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դավիթ Պեդանյանը:

«Չգիտես՝ ինչու՝ Ռուսաստանից առաջ ենք ընկել ու նման օրենք ընդունել: Սկզբից էլ մեզ մոտ աջ ղեկերի հետ կապված մոտեցումը սխալ եղավ: Մաքսազերծումը, չգիտես՝ ինչու, աջ ղեկով մեքենաների համար ավելի էժան էր, քան ձախինը, այնինչ, հակառակը պետք է լիներ: Դա աբսուրդ էր»,- նկատեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

168.am-ի հարցին՝ արդյո՞ք աջ ղեկով մեքենաները քիչ ծախսատար են, և դա՞ է պատճառը, որ շատ են ներմուծում, Կարեն Չիլինգարյանը պատասխանեց.

«Իրականում Ճապոնիայում արտադրված, շահագործված մեքենաներն ավելի որակյալ են, քիչ օգտագործված են, քան, եթե ԱՄՆ-ից կամ Եվրոպայից ներկրեն: Ավելին՝ նույն մոդելի մեքենան Ճապոնիայից կես գնով են ձեռք բերում»:

Դավիթ Պեդանյանն էլ նշեց, որ ճապոնիայից ներմուծված մեքենաների մեծ մասը չունի փոփոխման հնարավորություն, աջ ղեկը չեն կարող դարձնել ձախ, ուստի առաջարկում է վերանայել այս օրենքը:

«Որպեսզի խթանեն ձախ ղեկով և նոր մեքնենաների ներմուծումը, կարծում եմ, մաքսատուրքը կարող են նվազեցնել, աջ ղեկով մեքենաներն էլ կարողանան արտահանել»,- հավելեց «Վարորդի ընկեր» ԻՀԿ համահիմնադիրը:

Հարցին՝ արդյո՞ք աջ ղեկով մեքենաների դեպքում վթարները հաճախ են լինում, Կարեն Չիլինգարյանը պատասխանեց.

«Դա իրականությանը չի համապատասխանում, նույնիսկ տոկոսային հարաբերությամբ եթե վերցնենք, ավելի քիչ են աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարները»:

Բայց սրա պատճառը, Դավիթ Պեդանյանի կարծիքով՝ այն է, որ աջ ղեկով մեքենաները քիչ են:

Նշենք, որ ՀՀ կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծերում նշվում է, որ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելվածի և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է 2018 թվականի ապրիլի 1-ից արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս