Անբարոյականություն է բանտերում գտնվողներին ամիսներ շարունակ խաբել համաներման աննախադեպության մասին լոլոներով. Փաստաբան
ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան, բազմաթիվ աղմկահարույց քրեական գործերով անցնող անձանց պաշտպան Մուշեղ Շուշանյանի կարծիքով` առաջիկայում հայտարարբող համաներումնայնքան էլ աննախադեպ չէ, ինչի մասին պնդում են իշխանությունները։
Facebook-յան իր էջում փաստաբանը գրում է. «Շատ կարճ կասեմ։ «Թավշյա հեղափոխությունից» հետո սկսեցին խոսել մաքսիմալ կարճ ժամկետում համաներում հայտարարելու և ռեժիմի բանտերից՝ ռեժիմի զոհերին ազատելու անհրաժեշտության մասին։
Առաջինը խոսեց Գարեգին Չուգասզյանը, ով բանտից ազատվելով շարունակեց հացադուլը, պահանջելով ոչ միայն քաղբանտարկյալների և ռազմագերիների ազատ արձակումը, այլև աննախադեպ լայն համաներում նաև քրեական հանցանքներ կատարելու մեջ մեղադրվող կամ դատապարտված անձանց համար։ Վստահ եմ, որ ողջախոհ որևէ մեկը չի առարկի, որ բանտերում գտնվող անձանց մի զգալի մասը (չհաշված ակնհայտ ապօրինի քրեական հետապնդման ենթարկվածներին), եթե անգամ իրապես կատարել էին հանցագործություն, ապա դա ոչ այնքան նրանց հանցավոր հակումների պատճառով էր, որքան ժողովրդին կեղեքող հակամարդ ռեժիմի պարտադրած «խաղի կանոնների» պատճառով։
Այդ մարդիկ ռեժիմի զոհերն են, ինչպես զոհ է ողջ ժողովուրդը։
Սպասվող համաներման մասին հաջորդը խոսեց նաև հետհեղափոխական նոր կառավարությունը։ Հայտարարվեց, որ համաներման նախագիծ է պատրաստվում, հայտարարվեցին տարբեր ժամկետներ, խոսք էր գնում անգամ հուլիսի կեսերին համաներումը ընդունելու մասին։
Սակայն համաներման հայտարարումը ուշանում էր, իսկ արդարադատության նախարարը, հրաժարվելով տեղեկություններ հայտնել մշակվող նախագծի մասին, միայն դեմքին խորհրդավորություն հաղորդելով հայտարարում էր, որ այն աննադեպ է լինելու իր ընդգրկունությամբ։
Այժմ պաշտոնապես հրապարակվել է համաներման մասին օրենքի նախագիծը։ Նպատակ չունեմ մանրամասն վերլուծել այն։ Բայց անգամ սերժիկի կողմից վերջին անգամ՝ 2013-ին հայտարարված համաներմանը այն զիջում է որոշ առումներով՝ առաջին հերթին ընդգրկունությամբ։
Մեղմ ասած, անբարոյականություն է ամիսներ շարունակ բանտերում գտնվողներին և նրանց հարազատներին (էլ չեմ ասում՝ ողջ ժողովրդին) խաբել սպասվող համաներման աննախադեպության մասին լոլոներով և վերջում այսպիսի նախագիծ դնել շրջանառության մեջ։ Երիցս անբարոյականություն է ցմահ ազատազրկվածների մի մասի վրա համաներումը չտարածվելու նախատեսումը։
Բայց խնդրի բարոյական կողմի մասին չէ, որ միայն ուզում եմ խոսել։ Իսկ ո՞րն է այս ամենի նպատակը։ Ըստ իս՝ սա կարող է վկայել միայն, որ նախորդ հանցավոր համակարգի փոփոխություն ոչ միայն տեղի չի ունեցել, այլև չի էլ նախատեսվում այդ համակարգը կազմաքանդել (ապամոնտաժել) աժ լուծարումից և արտահերթ ընտրություններից հետո։ Հավանաբար՝ նոր և հին դեմքերի միքսով տեսողական խաբկանք առաջացնելու միջոցով համակարգի պահպանման խնդիր է դրված։
Չի՛ ստացվելու»։