Բաժիններ՝

«Արարատյան դաշտավայրի ոռոգման ջրի խնդիրը չպետք է լուծել Սևանի ջրի հաշվին». Բարդուխ Գաբրիելյան

ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն անդրադառնալով Սևան լճի ջրի որակին՝ հիշեցրեց, որ այս տարի ամռանը տեղի է ունեցել լճին ոչ բնորոշ կապտականաչ ջրիմուռների ծաղկում։

Ըստ նրա, նման ծաղկում լինում է գրեթե ամեն տարի, սակայն այս տարի դրա չափերն ավելի շատ էին։

«Սրա հետ կապված՝ շատ բացատրություններ են տալիս, բայց գլխավոր պատճառներից մեկն արտառոց տաք տարին էր, սա կապված էր նաև ջրի մակարդակի իջեցման հետ, որը տեղի էր ունեցել այս տարվա սկզբին: Եթե բարձրացում լիներ, գուցե ջրիմուռների ծաղկում քիչ լիներ: Բացի այդ, լճում ավելացել էր ֆոսֆորի քանակը»,- ընդգծեց Բարդուխ Գաբրիելյանը։

Ըստ նրա, շատ կարևոր է, որ Սևանա լճում լինի ջրի դրական քանակ։
Ինչ վերաբերում է Սևանա լճից հավելյալ ջրառին, Բարդուխ Գաբիելյանը շեշտեց, որ ինքը Սևանա լճի փորձագիտական խորհրդի անդամ է, և ամեն տարի կառավարության անդամներն  իրենց խորհրդին ներկայացնում են տվյալներ, որ հավելյալ ջրառի պահանջ կա, և եթե փորձագիտական խորհուրդն իր թույլտվությունը չտա, ապա Արարատյան դաշտավայրը կչորանա։

«Իրավունք չունեմ այդ տվյալներին չհավատալու, քանի որ դրանք գոյություն ունեն, և մենք պետք է հիմնվենք դրանց վրա. Իրոք, հավելյալ ջրառի պահանջ կա։ Իհարկե, մենք աշխատում ենք նրանց հնարավորինս բացատրել, որ հավելյալ ջրառի չափը չպետք է այդքան շատ լինի, որքան իրենք են պահանջում։ Ոռոգման ջրի պակաս կա, քանի որ եղած ջուրը մենք օգտագործում ենք ոչ արդյունավետ։ Իսկ սա պայմանավորված է նրանով, որ ջրատարները, ջրամաբարները գտնվում են ոչ պատճաշ վիճակում, տեսել եմ ջրամբարներ, որոնք ֆանտանի նման հոսում են։ Հավատում եմ, որ Արարատյան դաշտավայրում ոռոգման ջրի խնդիր կա, բայց այդ խնդիրը չպետք է լուծել Սևանի ջրի հաշվին»,- ընդգծեց Բ. Գաբրիելյանը։

Նրա խոսքով, եթե ջրի կորուստներ չլինեն, և եղած ֆինանսական միջոցները ճիշտ ուղղվեն, ապա արդյունքում կլինի ջրի մեծ պաշարի կուտակում, որը կթեթևացնի Սևանի հավելյալ ջրառը։

Պատասխանելով 168.am-ի հարցին, թե ամեն տարի Սևանի հավելյալ ջրառը որքանո՞վ է ազդում լճի ձկնապաշարի վրա, Բարդուխ Գաբրիելյանն ասաց, որ Սևանի ջրի ավելացումն ու նվազումը էականորեն կարող է անդրադառնալ ձկնապաշարի քանակի ավելացման կամ նվազման վրա։

«Եթե հավելյալ ջրառը լճում բերի բացասական բալանսի, ապա մենք կունենանք ջրի որակի փոփոխություն, ինչն էլ իր հերթին անդրադառնում է ձկների, նրանց բազմացման և աճի վրա։ Ջրի որակի լավացումն ու ավելացումը վերջին տարիներին բերել էր ձկնապաշարի քանակի ավելացման»,- եզրափակեց Բ. Գաբրիելյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս