Բաժիններ՝

«Որսագողությունը կրկին շարունակվում է և ամենուրեք ձուկ է վաճառվում»

Սևանա լճում խեցգետնի և ձկան պաշարի քանակի հետ կապված ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել, սակայն, ըստ նախնական տվյալների՝ լճում ձկան պաշարի ավելացման միտում է նկատվում:

ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի խոսքով՝ Սևանա լճում տեղի ունեցող անկառավարելի որսի պատճառով, ցավոք, ձկան պաշարներն այնքան չեն ավելանում, որքան դրա պոտենցիալը կա:

«Որսագողությունը կրկին շարունակվում է և ամենուրեք ձուկ է վաճառվում: Հիմա շատ կարևոր է, որ նախաձվադրական և ձվադրական շրջանում պահպանվի այդ վտառը: Այժմ կուտակումներ են առաջանում՝ հանձին սիգի և իշխանի, այդ կուտակումների ժամանակ ավելի հեշտ է որս իրականացնել:

Այդ պատճառով էլ ձկնորսները գերադասում են այս սեզոնին իրականացնել ձկան որս, քանի որ ամռան սեզոնին ձուկը ցրված է լճում, իսկ գարնանը որսում են մանրաձուկը, որը կրկին անթույլատրելի է: Այսինքն՝ այն ժամանակահատվածներում, երբ պետք է շատ խիստ հսկողություն լինի որսագողության դեմ, տեղի է ունենում հակառակը՝ մեծ քանակությամբ որս»,- լրագրողների հետ զրույցում նշեց Բարդուխ Գաբրիելյանը:

Ըստ նրա, ձկնապաշարի ավելացումը կապված է ձվադրման պայմանների լավացման, ջրի մակարդակի բարձրացման և մանրաձկան պոտենցիալի քանակի շատ լինելու հետ, և, եթե կանխվի որսագողությունը, ապա ձկնապաշարի քանակը կարող է մի քանի անգամ ավելանալ:

Բարդուխ Գաբրիելյանը նոր կառավարությանը հորդորեց, որպեսզի այս տարի միջոցներ ձեռնարկեն նախաձվադրային և ձվադրող վտառները պահպանելու համար և խիստ հսկողություն սահմանեն որսագողության դեմ:

Անդրադառնալով խեցգետնի պաշարներին, որը երկար տարիներ Սևանա լճի համար դիտարկվում է՝ որպես արդյունագործական նշանակության, Բարդուխ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ խեցգետնի քանակը կտրուկ նվազել է, ինչն առաջին հերթին կապված է գերորսի հետ:

«Խեցգետնի պաշարների կտրուկ անկում գրանցվել է 2014 թվականից, երբ սկսել են օգտագործել չինական խեցգետնաորսիչներ, որոնք որսում են բոլոր չափերի կենդանիներին, ինչն էլ բերել է խեցգետնի պաշարների խզման: Նույնիսկ կարող ենք տեսնել, որ լճում մեծ կենդանիներ հազվադեպ են պատահում, հիմնականում փոքր են և ոչ արդյունագործական նշանակության: Այս հարցը պետք է կարգավորվի, քանի որ և խեցգետինը, և ձուկը պետք է որսացվի արդյունքագործական չափի, մենք ոչնչացնում են մատղաշ սերունդը, որը պետք է լրացնի արդյունագործական պաշարը»,- ընդգծեց Բ. Գաբրիելյանը:

168.am-ի դիտարկմանը, թե նախորդ տարիների համեմատ, այս տարի որքանո՞վ են ավելացել սիգի արդյունագործակական պաշարները, Բարդուխ Գաբրիելյանը նկատեց, որ յուրաքանչյուր տարի մոտ 100 տոննայով սիգի արդյունագործական պաշարն ավելանում է:
«Իսկ ձկան ընդհանուր պաշարը կազմված է այս արդյունագործական պաշարի ընդամենը 20-25 տոկոսից, իսկ մնացածը կազմում են ոչ արդյունագործական չափի ձկները, որոնք մանրաձկներն են, ինչը, ցավոք, որսվում է: Ինչ վերաբերում է իշխան ձկան պաշարներին, ապա մենք այսօր չունենք բավարար չափի պաշարներ, որպեսզի դրանց որսը թույլատրվի»,- շեշտեց Բ. Գաբրիելյանը:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս