Բաժիններ՝

«Այս դատը այն մարդանց դեմ է, ովքեր իմ կյանքը վերածել են իսկական դժոխքի». Հովհաննես Գալստյան

«Իմ ֆիլմը կասեցված է, իմ ստեղծագործելու պահանջը՝ արգելափակված, իմ ընկերությանը սնանկացման վտանգ է սպառնում ու մարդիկ, որ բերել են ինձ այսօրվան, իրականում ոչ այնքան մեղավոր են, որքան իրավիճակների զոհ են, ինչպես ես ինքս, հետևաբար հասկանալի են, բայց երբեք, երբեք արժանի չեն ներման»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի համառեժիսոր և համապրոդյուսեր, Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության և «ՍԻՆԵՄԱ» շարժապատկերային արվեստների արդյունաբերական և կրթական կենտրոնի հիմնադիր Հովհաննես Գալստյանը:

Պարոն Գալստյանի նշած խնդիրներն առաջացել են «Տատիկիս վարսերը» կինոնախագծից 2017 թվականին Մշակույթի նախարարության և Ֆիլմ հանձնակատարի կողմից շորթված 7 մլն դրամին և ՀՀ մշակույթի նախարարության կողմից ֆիլմի գերմանացի և բուլղարացի արտադրողների՝ նույն գումարի վերադարձի մասին նամակներին չպատասխանելու արդյունքում, ինչի մասին 168.am-ը գրել էր դեռ ամռանը: Այս ամիսների ընթացքում ֆիլմը շարունակում է կասեցված մնալ, գումարները չեն վերադարձվել ՀՀ նախարարության կողմից, ինչն էլ ստիպել է Հովհաննես Գալստյանին խնդիրը լուծել դատական ճանապարով:

– Պարոն Գալստյան, դեռ ամռանը հայտարարել էիք «Տատիկիս վարսերը» ֆիլմի պաշտպանության համար դատական գործընթաց սկսելու մասին, ի՞նչ հանգրվանում եք հիմա։

– Այն պահից, երբ ֆիլմի միջազգային գործընկերների հետ ընտրեցինք դատական ճանապարհով արդարության հասնելու ուղին, մոտ երեք ամիս պահանջվեց, մինչև կարողացանք իմի բերել ֆիլմի իրավական փաստաթղթերը։ Դրանց զգալի մասը օտար լեզուներով էին, ինչ-որ մաս պետք էր թարգմանել, վավերացնել։ Նյութերին ծանոթանալով՝ մեր փաստաբանը մի քանի ռազմավարություններ առաջարկեց։ Եվ ինքն էլ առանձնացրեց ամենաարդյունավետը, ինչին իմ գործընկերները համաձայնեցին։ Ինչ-որ պահից սկսած, ես հստակ գիտակցեցի, որ ուզում եմ հեռանալ սոցիալական շփումներից, հրաժարվել հասարակական կյանքի ռիթմից կախվածության պատրանքից և ամբողջովին կենտրոնանալ դատավարության վրա։ Այս դատը այն մարդանց դեմ է, ովքեր իմ կյանքը վերածել են իսկական դժոխքի։ Իմ ֆիլմը կասեցված է, իմ ստեղծագործելու պահանջը՝ արգելափակված, իմ ընկերությանը սնանկացման վտանգ է սպառնում ու մարդիկ, որ բերել են ինձ այսօրվան, իրականում ոչ այնքան մեղավոր են, որքան իրավիճակների զոհ են, ինչպես ես ինքս, հետևաբար հասկանալի են, բայց երբեք, երբեք արժանի չեն ներման։ Ու դատվարությունը հույս է, հնարավորություն, նոր սկզբի պահանջ, որն իմ կյանքը բաժանել է «մինչև» և «հետո»-ի, որին ես կառչած եմ ու որին պատրաստ եմ ամբողջ երկու հարյուր տոկոսով։

– Կարո՞ղ եք բացել որոշ մանրամասներ:

– Դատը կսկսվի, ես կբացահայտեմ ֆիլմի արտադրության մանրամասները և բոլորը կտեսնեն, որ արտասահմանյան ներդրումների, միջազգային տարածման, դիստրիբյուցիայի համաձայնագրերի ու պայմանավորվածությունների, միջազգային մասնագետների ներգրավվածության, Հայաստանից դուրս աշխատանքների ծավալի չափով «Տատիկիս վարսերը» ֆիլմը Հայաստանում չունի ու մոտակայում չի ունենա որևէ մրցակից։ Ինչո՞ւ դա չնկատվեց, կամ ինչո՞ւ դրա դիմացը միտումնավոր փակելու նման տգեղ փորձ արվեց, նախորդ ու ներկա մշակույթի նախարարների, կինոկենտրոնի, կինոհանձնակատարի «խղճին է»։ Հուսամ նրանք կտան այդ հարցերի պատասխանները դատարանում։ Ֆիլմի հանդեպ կատարված չարագործություններն այնքան ակնհայտ են, իսկ ֆիլմի առավելություններն այնքան բացահայտ, որ մենք կարող էինք գործը դատարան չհասցնել։ Մոբիլիզացնել մեր աջակիցներին ու դիմել հրապարակային ակցիաների, հացադուլի, ցույցերի։ Բայց մենք ընտրեցինք ամենադժվար, մեզ համար ամենածանր ճանապարհը, որպեսզի հասնենք հրապարակային բացահայտման՝ ստվերային պայմանավորվածությունների փոխարեն։ Այս ֆիլմի ճակատին գրված է «հաղթող» և դա շուտով կընկալեն բոլորը։

– Եթե ֆիլմն իսկապես այդքան արժանիքներ ունի, ինչո՞ւ է այսպիսի ծանր կացության մեջ հայտնվել։

– Ենթադրում եմ, որ Ֆիլմի և անձամբ իմ մասին նախկին և ներկա մշակույթի նախարարներին ինչքան հնարավոր է և նույնիսկ անհնարինի չափ ապատեղեկատվություն է մատուցվել նրանց խորհրդատուների, մասամբ էլ իմ «մտահոգ» կոլեգաների կողմից։ Դա նրանց մոտ ձևավորել է անվստահության, անգամ ատելության մթնոլորտ։ Պատճառը մեր հաջողություններն են միջազգային համատեղ արտադրության դաշտում։ Տեսեք, 2017-18 թվականներին, երբ մեր ֆիլմի հաստատված ֆինանսավորումը ապօրինի կասեցվել է, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մոտ 550 մլն դրամ է հատկացվել կինոարտադրությանը։ Հին ու նոր նախարարների հրամաններով կինոկենտրոնի ձևավորված, այսպես կոչված, «անկախ» հանձնաժողովները տասնյակ ֆիլմերի ֆինանսավորում են հատկացրել։ Դրանց մի մասը խաղարկային լիամետրաժ ֆիլմեր են, որ այս տարի արդեն դուրս են եկել էկրան։ Մի մասը դեռ կհայտնվի էկրանին։ Ահա այդ բոլոր ֆիլմերը միասին չեն ապահովվել իրենց վրա ծախսված գումարների գոնե 5-10%-ի վերադարձը պետ բյուջե: Դրանց բացարձակ մեծամասնությունը չի մասնակցել միջազգային կինոփառատոնների, ոչ մի ֆիլմ չի վաճառվել միջազգային վարձույթում։ Սա կատարյալ տապալում է, որը մշակույթի երկու նախարարների ձևավորած հանձնաժողովների ոչ կոմպետենտության արդյունք է։ Իսկ մենք խոսում ենք «Տատիկիս Վարսերի» մասին, որի միջազգային ներդրումները երեք անգամ գերազանցում են հայաստանյան մասնակցությունը։ Մեր գործընկերների շնորհիվ Եվրոպական հինգ երկրների 88 կինոթատրոն պլանավորել էր ֆիլմը իր ֆիլմացանկում։ Ահա այս արդյունքները Հայաստանում անբարյացկամության այդպիսի հզոր ալիք բարձրացրեցին։ Բայց մենք դրանից միայն մոտիվացվում ենք։

– Ինչպե՞ս են վերաբերվում Ձեր միջազգային գործընկերները Հայաստանում ֆիլմի հանդեպ ձևավորված այդպիսի մթնոլորտին։

– Տարբեր։ Մեր բուլղարացի գործընկերը հումորով է վերաբերվում, ասում է շատ նման է Բուլղարիային։ Ըստ երևույթին, կոլեգիալ թշնամանքը բնորոշ է համայնավարական անցյալով երկրներին։ Իսկ գերմանացի մեր գործընկերն իսկապես զարմացած է։ Նա գտնում է, որ Գերմանիան Եվրոպայի ամենաբյուրոկրատական երկիրն է, և դա երբեմն հունից հանում է իրեն, բայց մեր պատմությունը ցույց է տալիս, որ սառը բյուրոկրատիան ավելի տանելի է, քան անմիտ մարդկանց սուբյեկտիվ թշնամանքը։

– Ինչ կասեք Ձեզ համար այս ծանր շրջանում մարդկային կորուստների մասին, դրանք շա՞տ են։

– Երբեք չեմ մտածում գնացողների մասին։ Ինձ հիացնում են մեր կողքին կանգնածները։ Ես խորապես շնորհակալ եմ ֆիլմի բուլղարացի և գերմանացի գործընկերներին։ Նաև Ռուսական կինոարտադրության հսկա «Կիտ» կինոընկերությունը՝ ի դեմս Ռաֆայել Մինասբեկյանի, որ օգնության ձեռք մեկնեց ամենադժվար պահին, Ցենտրալ Պարտնյորշիփ ընկերությանը, Հայաստանում, մեր ներքին կինոարտադրության գիգանտ «Շարմին»՝ ի դեմս իմ լավ բարեկամ Կարեն Ղազարյանի։ Ես շնորհակալ եմ Գևորգ Գևորգյանին, Վարդան Աբովյանին, որ մնացին ֆիլմի կողքին, անկախ ծանր ընթացքից։ Եվ իհարկե ֆիլմի թիմին եմ երախտապարտ՝ ռեժիսորից մինչև հաշվապահ։ Մնացածը թող պատասխանեն իրենց խղճի առաջ։ Չնայած ինչպես մեր էպոսում է ասվում՝ «Դառնանք, զօղորմին չի տանք…»։ Հենց էպոսին հետևելով՝ մենք ֆիլմին թշնամիների անունները ևս «հավերժացնելու» ենք տիտրերում։

– Ասացիք, որ փակվել եք ու չեք հետևում հասարակական կյանքին, իսկ քաղաքական գործընթացներին հետևո՞ւմ եք։

– Ոչ։ Բայց ունեմ մի կարևոր ուղերձ, որ կուզեի հղել մեր քաղաքական ուժերին։ Վստահ չեմ, որ այս «ափալ-թափալի» մեջ որևէ քաղաքական միավոր հատուկ կենտրոնանալու է մշակութային քաղաքականության վրա, առավել վստահ չեմ, որ կան ունակ մարդիկ, որ կարող են անել դա, բայց կա երկու դրույթ, որ համառորեն հորդորում եմ ներառել քիչ թե շատ մտածող քաղաքական ուժերի ծրագրերում․

Ա) Մշակույթի կառավարման նոր մոդելի կիրառում, ըստ որի պետական աջակցությունը կհասնի ուղիղ արվեստագետին՝ մասնագիտական ֆոնդերի միջոցով՝ շրջանցելով «մշակույթի նախարարություն» կոչվող պատուհաս միջնորդ օղակը։ Միայն այդպես մենք կազատվենք չինովնիկական միջամտություններից և պալատական արվեստագետների ցուցակներից։

Բ) «Մեկենասության մասին օրենքի» ամրագրում։

Արե՛ք սա, մնացածը կանեն արվեստագետները և հիշեք․ հեղափոխություն չկա, ինչպես ոչինչ չկա այս կյանքում, քանի դեռ մշակույթը չի ամրագրել այն։

Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս