«Չգիտեմ որևէ երկիր, որտեղ նման լուծում կա. դա կհակասի ընտրական իրավունքին». Արտակ Զեյնալյան
«Ես չգիտեմ որևէ երկիր, որտեղ նման լուծում կա տրված։ Կարծում եմ՝ դա կհակասի ընտրական իրավունքին և իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։ Այս ԸՕ-ում դա ուղղակի հնարավոր չէ ներառել»,- Ազգային ժողովում այս մասին հայտարարեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ ի պատասխան «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի այն առաջարկի, թե պետք է հնարավորություն տալ ընտրություններին քիչ ձայներ հավաքած կուսակցություններին՝ իրենց ստացած ձայները փոխանցել գործընկեր որևէ քաղաքական ուժի։
Սերգեյ Բագրատյանն էլ վստահեցրեց, թե դրանով ժողովրդավարության ավելի բարձր մակարդակ հնարավոր կլինի ապահովել. «Որևէ քաղաքացի մտահոգություն չի ունենա, որ իր ձայները կկորչեն։ Այս իմաստով՝ 10 հազար և 20 հազար ձայն ունեցող քաղաքական ուժը հնարավոր չէ կոռուպցիոն սխեմաներ իրագործեր»։
Զեյնալյանը հստակեցրեց՝ խոսքը ոչ թե քվեարկողների, այլ այն ուժերի մասին է, որոնք իրենց հավաքած ձայները փոխանցելու են մեկ այլ քաղաքական ուժի, որը հաղթահարել է նվազագույն սահմանը. «Հավանականությունը, որ կարող են մանիպուլյացիաներ արվել, համարվում է նաև կոռուպցիա»։
ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ հետաքրքրվեց՝ ճի՞շտ է հասկանում, որ թե առաջին, թե երկրորդ, թե երրորդ ուժերը պետք է նվազագույն շեմը հաղթահարեն, նոր 4-րդին վերաբերի ԱԺ անցնելու պայմանը։ «Եթե երկրորդ և երրորդ ուժերը չեն հաղթահարել նվազագույն շեմը, ապա նրանք այսպես թե այնպես անցնելու են ԱԺ, ունենալու են 1/3 մանդատ։ Խոսքը վերաբերում է չորրորդին, եթե նա հաղթահարել է 2 տոկոսը։ Եթե չորրորդ ուժը 2 տոկոսը չի հաղթահարել, ապա 3 քաղաքական ուժ է լինելու ԱԺ-ում»,- պարզաբանեց Արտակ Զեյնալյանը։