Եթե 15-20 տարի առաջ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում սովորում էր մոտ 300 ուսանող, այս տարի ընդունվել է 7-ը
«Սովետական Միության փլուզումից հետո մենք կարողացել ենք գիտական զարգացումը պահել հիմնականում միջազգային կապերի, դրամաշնորհների, գիտաժողովների շնորհիվ: Այսօր աստիճանաբար նվազում է քիմիայի նկատմամբ երիտասարդների հետաքրքրությունը: Եթե 15-20 տարի առաջ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում սովորում էր մոտավորապես 300 ուսանող, այս տարի ընդունվել է ընդամենը 7-ը: Ասպիրանտուրայում անգամ անվճար տեղեր են հատկացվում, սակայն ցանկացողներ չկան: Մենք պետք է ամեն ինչ անենք՝ այս բացասական երևույթը վերացնելու համար»,- «Քիմիայի սահմանները, Հայաստան» քիմիային նվիրված միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր Աշոտ Սաղյանը:
Նրա փոխանցմամբ՝ նույն խորագրով նախորդ գիտաժողովը, որը կազմակերպվել է 2013 թվականին, շատ արդյունավետ է եղել:
«Գիտական կապերի շնորհիվ՝ միայն իմ գիտական խմբից 6-7 երիտասարդ գործուղվեց ԱՄՆ, Ռուսաստան ու եվրոպական երկրներ, աշխատեցին տեղի գիտական կենտրոններում: Ավելին՝ ստեղծվեց նոր, գեղեցիկ հայկական ընտանիք: Մեծ Բրիտանիայից ՀՀ ժամանած ազգությամբ հայ երիտասարդն ամուսնացավ իմ գետական խմբի գեղեցկուհու հետ: Համոզված եմ՝ այս գիտաժողովն էլ կլինի արդյունավետ և արգասաբեր»,- նշեց Աշոտ Սաղյանը:
Հավելենք, որ գիտաժողովի ավարտին՝ հոկտեմբերի 25-ին, տեղի կունենա «Ամենատաղանդավորը» կրթաթոշակային ծրագրի մրցանակաբաշխությունը, որի ընթացքում գիտնականների միջազգային հանձնաժողովը հայ երիտասարդ քիմիկոսներից կընտրի ամենապայծառ միտք ունեցողին, ով արտերկրի քիմիական հետազոտական լավագույն կենտրոններից մեկում կստանա եռամսյա գիտահետազոտական պրակտիկա անցնելու հնարավորություն:
Անի Կարապետյան