Ինչպես էր Պլասիդո Դոմինգոն ելույթներից առաջ ոգեշնչում Լիաննա Հարությունյանին
Օժտված լինելով ձայնային աչքի ընկնող կարողություններով՝ այս երգչուհին հանդես է գալիս ծավալուն օպերային երկացանկով՝ անթերի կատարելով տարբեր կոմպոզիտորների գործեր: Իր երաժշտական կարիերան սկսելով որպես դաշնակահարուհի ու երգչուհի՝ նա մշտապես գիտակցել է, որ իր ապագան հենց երգարվեստում է: «Արմենպրես»-ի #CultTalk նախագծի հերոսը սոպրանո Լիաննա Հարությունյանն է: Հոկտեմբերի 25-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կանցկացվի Ջ. Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի պրեմիերան: Լիաննա Հարությունյանը մարմնավորելու է հենց Մադամ Բաթերֆլային: «Արմենպրես»-ի հետ զրույցում օպերային երգչուհին պատմում է առաջիկա պրեմիերայի, Քովենտ Գարդենում առաջնաելույթի ու աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հետ համագործակցության մասին:
«Մադամ Բաթերֆլայ»
«Մադամ Բաթերֆլայ» վաղուց էինք ուզում ներկայացնել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ: Ես հիմա իմ երգացանկում այս դերերգը շատ եմ կատարում բազում թատրոններում: Այդ դերը 2013-ից եմ կատարում: Երևանյան ներկայացումից հետո Բաթերֆլայի դերերգով հանդես կգամ Վիեննայի պետական օպերայում և Լիսեուի մեծ թատրոնում (Բարսելոնա):
Առանց Հայաստանի հնարավոր չէ…շնչել
Ես այս տարիներին Հայաստան հաճախ եմ եկել, որովհետև շատ մտերիմներ ունեմ այստեղ: Առանց Հայաստանի պարզապես չեմ կարողանում շնչել: Բայց այս տարի հայ հանդիսատեսի առջև 22 տարվա դադարից հետո համերգով հանդես եկա: Ինձ համար շատ պատասխանատու էր, շատ հուզիչ: Այս անգամ «Մադամ Բաթերֆլայ»-ի պրեմիերայից առաջ էլի հուզմունք կա, բայց մի քիչ ավելի հանդարտ եմ: Ուզում եմ, որ իմ ելույթները Հայաստանում ավելի հաճախակի լինեն:
Առաջարկներ կան, ծրագրեր ունենք նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ: Ուղղակի ես պետք է գրաֆիկիս հետ կարողանամ հարմարեցնել:
Մենակատար հասկացությունը
Երբ ես ելույթ եմ ունենում որևէ կոլեկտիվի կամ երաժիշտի հետ, ես չեմ մտածում, որ ես մենակատար եմ և մնացածն ինձ նվագակցում են: Մենք մի խումբ ենք, ամբողջություն, և երբ համերգ ենք տալիս, դա իմ մենահամերգը չէ, մեր համատեղ ելույթն է: Չեմ սիրում մենակատար հասկացությունը…
Դաշնամուրն ու դերասանական տաղանդը
Ես երաժշտական կրթություն ունեմ, 7 տարի դաշնամուրի դասերի եմ հաճախել: Չեմ կարող ասել, որ անտարբեր էի ջութակի կամ թավջութակի հանդեպ, բայց դաշնամուրն ավելի հեշտ էր նվագակցելու համար: Երբեք նպատակ չեմ ունեցել դաշնակահարուհի դառնալու, չնայած որ ուսուցիչս շատ մեծ հույսեր էր ինձ հետ կապում: Ես միշտ ցանկություն ունեի բեմի վրա լինելու, փոքրուց դերասանական տաղանդ ունեի: Օրինակ, վերցնում էի մայրիկիս հագուստները, սկսում էի ինչ-որ դերեր մարմնավորել:
Հարությունյանը՝ Վերդիական սոպրանո
Վերդին շատ հետաքրքիր կոմպոզիտոր է: Վերդիի գործերը երգելու համար պետք է շատ հատկանիշներ ունենաս: Դու չես կարող Վերդի «չորուցամաք» երգել: Վերդին այն կոմպոզիտորն է, որի գործերը շատ բարդ է կատարել:
Մեծ թատրոններում ես սկսեցի հանդես գալ Վերդիի գործերով, և երևի թե դա էր պատճառը, որ ինձ ճանաչեցին որպես վերդիական երգչուհի: Բայց ես չեմ ուզում, որ դա կարծրատիպ մնա, ուզում եմ ընդլայնել իմ երկացանկն ու երգել նաև այլ կոմպոզիտորների գործեր:
…Լեզուն շատ բան է փոխում երգեցողության մեջ: Դու չես կարող ռուսերեն երգել այնպես, ինչպես հայերեն: Յուրաքանչյուր լեզու ունի իր մոտեցումը և պետք է զգալ, հասկանալ ու մոտիկից ըմբռնել:
Առաջնաելույթ՝ Քովենտ Գարդենի արքայական թատրոնում
2013-ին ես հանդես եկա Քովենտ Գարդենի արքայական թատրոնում առաջնելույթով՝ դիրիժոր Անտոնիո Պապանոյի ղեկավարությամբ կատարելով Էլիզաբեթ Վալուայի դերը Վերդիի «Դոն Կառլոս»-ում: Ամենատպավորիչ ելույթն էր, որով ես ճանաչվեցի միջազգային բեմում: Շատ պատասխանատու օր էր, պատասխանատու պահ: Որոշիչ իմ կարիերայի մեջ: Չեմ կարողանում այդ օրը համեմատել մյուս օրերի հետ, որովհետև դա անմոռանալի, անբացատրելի մի բան էր:
Համագործակցություն՝ Պլասիդո Դոմինգոյի հետ
Պլասիդո Դոմինգոյի հետ 2015-ին երգեցի Մետրոպոլիտեն օպերայում՝ Ջուզեպե Վերդիի «Սիմոն Բոկանեգրա» օպերայում, հանդես եկա Ամելիայի դերերգով:
5 ներկայացում խաղացինք, ու պետք է ասեմ, որ ամեն անգամ հրաշք էր կատարվում բեմի վրա: Դոմինգոն շատ խարիզմատիկ, հետաքրքիր անձնավորություն է : Համագործակցությունը շատ հետաքրքիր անցավ: Սովորաբար ներկայացումը սկսվելուց երկու ժամ առաջ ես գալիս էի, սկսում էի փոխվել, ձայնավարժություն անել: Ներկայացման սկզբում Դոմինգոն գալիս էր, մտնում էր իմ հանդերձարան, ծաղիկներ էր նվիրում ինձ, գրկում էր, կատակում էր, տրամադրությունս բարձրացնում, այդ ջերմությամբ հեռանում էր: Ամեն ներկայացման մեկնարկին գալիս էր, նույն ջերմ վերաբերմունքը ցույց տալիս ու գնում: Ասեմ, որ շատ հազվադեպ է նման բան պատահում: Շատ հաճելի էր:
…Պիտի անկեղծ լինեմ և ասեմ, որ շատ հազվադեպ եմ մեր դաշտում նկատել մրցակցություն: Մենք շատ լավ մթնոլորտում ենք աշխատում: Երևի թե հասկացել ենք, որ եթե կոլեգան լավ վիճակում է, դա նաև մյուսի հաջողությունն է, ներկայացման հաջողությունը:
Աջակցություն արվեստին
Առանց արվեստի մարդիկ չեն կարող ապրել: Լավ կլինի, որ մարդիկ հասկանան դա, հասկանան, թե արվեստն ինչքան մեծ դեր կարող է ունենալ իրենց կյանքում: Ես ուզում եմ, որ մեր հայ բարերարները հասկանան, որ մեր մշակույթը, մշակույթի գործիչներն իրենց թիկունքի, աջակցության, մասնակցության կարիքն ունեն:
Մարդիկ կարիք ունեն հոգևոր սննդի: Ամբողջ աշխարհում բարերարները մեծ փողեր են տալիս արվեստին, դա շատ ակտուալ է: Շատ կուզենամ, որ հայ բարերարների մասնակցությունն էլ ավելի ակտիվ կլինի:
Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան
Լուսանկարը՝ Տաթև Դուրյանի