
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Գրեգ Ջերեջյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Գրեգ Ջերեջյանին:
Նիկոլ Փաշինյանը կարևորել և բարձր է գնահատել հիմնադրամից կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և նշել, որ դրանք նպաստում են տարբեր ոլորտների զարգացմանն ու առկա խնդիրների լուծմանը: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ կառավարությունը պատրաստ է սերտորեն համագործակցել հիմնադրամի հետ՝ վերջինիս ծրագրերն արդյունավետ իրականացնելու գործում:
Գրեգ Ջերեջյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը, մասնավորապես, կրթության, առողջապահության, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում: Հիմնադրամի փոխնախագահը տեղեկացրել է, որ Մեղրիում նախատեսում են իրականացնել մշակութային ժառանգության պահպանմանը միտված խոշոր ծրագիր, որը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է հիմնադրամի նախաձեռնած ծրագրերն ու նշել, որ նշված ոլորտների զարգացման նպատակով կառավարությունը ևս նախատեսում է տարբեր նախագծեր: Վարչապետի պաշտոնակատարը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով նշված ոլորտներում կապահովվի առաջընթաց և զարգացում: