Հայաստանյան քաղհասարակությունն ուծացվում է

Հայկական իրականության մեջ քաղաքացիական հասարակության շուրջ տագնապալի իրավիճակ է ստեղծվել: Վերջինս համարվում է քաղաքական համակարգից հարաբերականորեն անկախ ինստիտուտ: Չափազանցություն չի լինի ասել, որ այս համակարգը, որը համարվում էր Հայաստանում քիչ թե շատ կայացածներից մեկը, այժմ գտնվում է ոչնչացման եզրին՝ գոնե այն իմաստով, որ դարձել է սուռոգատային և սպասարկում է տրամագծորեն իր նպատակներին հակադիր շահեր։

Տասնյակ տարիներով արևմտյան հիմնադրամներից` հանուն ժողովրդավարության կայացման սնվող քաղաքացիական կառույցներն ու փորձագիտական և լրագրողական հանրության զգալի հատվածը շեղվել է իր հիմնական առաքելությունն իրականացնելուց և ակամայից ներկա քաղաքական իրավիճակում դարձել է առկա հակամարտության ընդգծված կողմ։ Այժմ այն հաճախ հանդես է գալիս գործող իշխանության դատապաշտպանի, իսկ նրա քննադատների հանդեպ՝ մեղադրողի դիրքերից:

Ավելին, երկրի սոցիալ-քաղաքական կյանքում տեղի ունեցող աղաղակող հակաժողովրդավարական իրադարձությունները ոչ միայն հանդիպում են վերոգրյալ սեգմենտի արհամարհանքին, այլև հենց իրենց ջանքերով իշխանությանն անցանկալի թեմաները պարզապես լռեցվում են:

Օրինակները բազմաթիվ են. կառավարության կողմից անլուծելի մնացած Ամուլսարի հանքի շահագործման թեման, գաղտնալսված ԱԱԾ և ՀՔԾ պետերի խոսակցության բովանդակության մեջ առկա խիստ մտահոգիչ փաստերը, խոսքի ազատության նկատմամբ տեղի ունեցող ակնհայտ տեռորը համացանցում և համացանցից դուրս, դատական համակարգում առկա ակնհայտ ընտրովի վերաբերմունքը, երկրի տնտեսության՝ գնալով վատթարացող իրավիճակը, Սիրիայում ՌԴ-ին հաճոյանալու համար իշխանությունների` ՀՀ ԶՈՒ անձնակազմ ուղարկելու պատրաստակամությունը և, վերջապես, ԼՂ հակամարտության շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, որոնք բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում ամենավտանգավոր կետում են գտնվում:

Կարդացեք նաև

Վերոգրյալ թեմաները հետևողականորեն մանիպուլյացվում են հենց այն խմբերի կողմից, որոնց առաջնային նպատակը, ըստ էության, հենց այս խնդիրները ժամանակին ախտորոշելն ու հանրությանը ներկայացնելն է: Փաստարկենք հերթականությամբ. շուրջ 2 տասնամյակ է, ինչ արևմտյան հիմնադրամներից շատ կոնկրետ կազմակերպություններ ֆինանսավորվում են ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության համար, այդ ֆինանսավորման աղբյուրները հրապարակային են, և հատկացվող գումարի չափերն ավելի քան բավարար են, որպեսզի հնարավոր լինի երկրում պատշաճ ձևով ապահովել խախտված իրավունքների առնչությամբ արձագանքները:

Մինչև վերջին իշխանափոխությունն այս կառույցներն անգամ ամենաչնչին հարցին արձագանքում էին բավականին օպերատիվ և բուռն, բայց իշխանափոխությունից հետո նրանց գործառույթները, կարծես, տրամագծորեն փոխվել են:

Իշխանափոխությունից հետո արևմտյան գումարներով սնվող ոչ կառավարական կազմակերպությունների կարկառուն ներկայացուցիչների գերակշիռ մասն այս կամ այն կերպ ներգրավվել է իշխանական համակարգում (ոմանք՝ կառավարական ՊՈԱԿ-ներում, ոմանք՝ գործադիրում, ոմանք՝ Երևանի ավագանու իշխանական ցուցակով դարձել են ավագանի, շատերին, թերևս, կտեսնենք ԱԺ արտահերթ ընտրություններին իշխանական ցուցակում) և այդպիսով դարձել են կառավարական ոչ կառավարական կազմակերպություններ (GONGO-ներ), մինչդեռ այս մարդիկ դեռևս շարունակում են ֆինանսավորվել՝ որպես ոչ կառավարական կազմակերպություններ, և պարտավոր են արձագանքել մարդու իրավունքների և, մասնավորապես, խոսքի ազատության ակնհայտ ոտնահարման դեպքերին:

Համացանցում օրը 24 ժամ տարատեսակ կեղծ օգտահաշիվների կողմից ակնհայտ ատելության խոսքի քարոզ է ընթանում իշխանության թերությունները բարձրաձայնող անհատների, կայքերի և կազմակերպությունների հասցեին, բայց արևմտյան գումարներով ՀՀ-ում ժողովրդավարությունը խթանողները հազարավոր կեղծ օգտահաշիվներով ուղղորդված հարձակումներին արձագանքելու փոխարեն՝ զբաղված են իշխանության ընդդիմախոսների խոսքերում «սուտ» փնտրելով:

Շատ կոնկրետ դեպքի մասին. մի քանի օր առաջ Մարալիկում մի խումբ մարդիկ հարձակվեցին իշխանության ամենախիստ քննադատների խմբի վրա: Այս դեպքի վերաբերյալ որևէ իրավապաշտպան կազմակերպություն հայտարարությամբ հանդես չեկավ, իսկ համացանցում որոշ իրավապաշտպաններ անգամ խրախուսեցին տեղի ունեցածը:

Նույն մտահոգիչ իրավիճակն է տիրում արևմտյան մասնավոր և պետական գումարներով ֆինանսավորվող ԶԼՄ-ների շրջանում: Անհրաժեշտ է ֆիքսել, որ արևմտյան հիմնադրամները մեր երկրում մեդիայի վրա գումարներ են ծախսում այն պարզ պատճառով, որ մենք համարվում ենք կիսաազատ մեդիադաշտ ունեցող երկիր, և այդ գումարներն ամբողջությամբ պետք է ուղղվեն պետական քարոզչության այլընտրանքային հարթակներ ստեղծելուն:

Ավելին, ազատությունների միջազգային ինդեքսների գնահատման ժամանակ հաճախ հաշվի են առնվում այնպիսի ֆորմալ ցուցանիշներ, ինչպես ազատությունների համար պայքարի ֆինանսավորման չափն է և, հատկացնելով գումարները տարիներով փորձված գործընկերներին, այժմ դոնորները չեն էլ հետևում, որ այդ միջոցներն օգտագործվում են տրամագծորեն հակառակ նպատակներով, քան հայտարարված է։

Մայիսից հետո արևմտյան ֆինանսավորում ունեցող գրեթե բոլոր ԶԼՄ-ները դարձել են պետական քարոզչության սատելիտներ: Օրինակ, ամենահայտնի արևմտյան պետության բյուջետային ֆինանսավորում ունեցող լրատվամիջոցն իր ողջ մեդիառեսուրսը ներդրել է պետական իշխանության քարոզչությունն ապահովելու համար:

Մարալիկում արդեն երկու ամիս է՝ մի խումբ մարդկանց կողմից ուղղակի պարալիզացվել է տեղական իշխանության գործունեությունը, Ամուլսարի հանքի աշխատակիցների իրավունքները խախտված են, և մարդիկ չեն կարողանում գնալ աշխատանքի, Մարալիկում հարձակվում են այլակարծիք մարդկանց վրա, մինչդեռ այս ամենին անհաղորդ է մնում ոստիկանությունը, իսկ արևմտյան գումարներով ազատ մամուլ ստեղծելու հեռանկարով ֆինանսավորված ԶԼՄ-ները կա՛մ տոտալ անտեսման են ենթարկում այս խնդիրները, կա՛մ նկարահանող խումբ են ուղարկում իշխանությունների ուղղակի հովանավորությամբ խախտումներ անող մարդկանց լուսաբանելու համար:

Մամուլի համատեքստում մի հետաքրքիր իրողություն էլ գոյություն ունի. վերջին շրջանում իրենց համեմատաբար չեզոք են պահում այն ԶԼՄ-ները, որոնք երբեք արևմտյան ֆինանսավորում չեն էլ ունեցել:

Փորձագիտական հանրության կողմից ևս խիստ մտահոգիչ ազդակներ են ստացվում, և այս պարագայում հետևանքներն առավել քան վտանգավոր լինելու հավանականություն ունեն: Երբեմնի վառ քննադատ փորձագետներն այսօր «հեղափոխական գործիչների» են վերածվել, մեկը գիրք է գրում «հեղափոխության» գովաբանությամբ, մյուսը՝ «հիմնավորում» է Սիրիայում ՀՀ զորքերի այս կամ այն ձևաչափով մասնակցությունը, մեկ ուրիշը փորձում է բացատրել ԼՂ բանակցային գործընթացում հայկական դիրքերի, մեղմ ասած, մտահոգիչ կացությունը, հաջորդը փորձում է արդարացնել երկրի տնտեսական վիճակի վատթարացումը:

Այս մարդիկ կարծում են, որ հանրությունը մոռացել է, թե իրենք ինչ ջանասիրությամբ էին միջամտում անցնող տարիներին երկրում առկա արտաքին և ներքին քաղաքական անցուդարձին, և չեն գիտակցում, որ  իրենց ներկայիս «հեղափոխական» կեցվածքն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար:

Նախիջևանում հակառակորդը դիրքերն է բարելավում, ԼՂ բանակցային գործընթացում հայկական դիրքերը թուլանում են, Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները մեկը մյուսի հետևից հակամարտության կարգավորման մոտ լինելն ուրվագծող հայտարարություններ են անում, իսկ մեր փորձագիտական հանրության ներկայացուցիչներն այս թեման հնարավորինս շրջանցում են և իրենց հասանելի միջոցներով փորձում են լռեցնել այս խնդրի շուրջ ձևավորվող դիսկուրսը:

Իշխանությունների կողմից ՌԴ-ին հաճոյանալու համար Սիրիայում ռազմական ներկայություն ունենալու խայտառակ փաստը փորձագիտական շրջանակների կողմից փորձ է արվում ներկայացնել հնարավորինս մեղմ երանգներով: Իսկ նրանց «հարցերով», ովքեր հավատարիմ մնալով իրենց փորձագիտական անաչառությանը՝ «հեղափոխական» չեն դառնում, կզբաղվեն մի քանի հազար կեղծ օգտահաշիվներ, որոնք, ամենայն հավանականությամբ, աշխատավարձ են ստանում ՀՀ հարկատուների հաշվին:

Քաղաքացիական հասարակության նման այլասերումը պետք է լինի բոլորիս մտահոգության առարկան, այլ ոչ միայն՝ նրա դոնորների, քանի որ քաղաքացիական հասարակությունը հանդիսանում է երկրի ժողովրդավարական կառուցվածքի կարևոր մաս։ Մինչդեռ այս ճանապարհը Հայաստանն ավելի ու ավելի է հեռացնում ժողովրդավարությունից, և, եթե մինչ այժմ այդ ամենում  մեղադրում էինք միայն իշխանություններին, ապա այժմ գործող իշխանություններին հանցակցում են նաև արևմտյան հիմնադրամներից սնված և սնվող քաղհասարակության ներկայացուցիչները, նույն տեղից ֆինանսավորվող ԶԼՄ-ները և փորձագիտական հանրության զգալի մասը:

ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս