Կառաջարկի՞ արդյոք ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզ

«Հարավային Կովկասում գերտերությունների մրցակցությունը մեծացել է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով առաջիկայում ամերիկացի պաշտոնյաների ՀՀ կատարելիք այցերին։

Հիշեցնենք, որ հաջորդ շաբաթ Հայաստանում է լինելու ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը, իսկ ամսվա վերջին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։

Բարձրաստիճան այցերի օրակարգերի վերաբերյալ դեռ հստակություն չկա։ Սակայն ուշագրավ է, որ վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր շնորհավորական նամակում ՀՀ անկախության տոնի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ առաջիկայում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հնարավորություններ կբացվեն։ Ի դեպ, նման բովանդակությամբ անդրադարձով՝ Թրամփի երկրորդ փորձն էր։

Ստանիսլավ Տարասովն արձանագրեց, որ գերտերությունների ակտիվության աճ է նկատվում Անդրկովկասում, խոսքը և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների մասին է, ինչը, ըստ նրա՝ ինչ-որ առումով պայմանավորված է նաև Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններով և ընդհանրապես տարածաշրջանային բուռն իրադարձություններով։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը սկսել է ակտիվ աշխատել արտաքին քաղաքական հարցերի ուղղությամբ՝ հաղթահարելով ադապտացիոն և անորոշության փուլը, ուշադրությունը բևեռելով նաև այս տարածաշրջանին, տեսնելով, որ Ռուսաստանը ևս ակտիվ է իր նախաձեռնություններում, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում։

Տարասովի դիտարկմամբ, ՀՀ նոր իշխանության հետ ևս պետք է բարձր մակարդակով նախանշել հարաբերությունների ընթացքը, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգներում որևէ հանդիպում տեղի չունեցավ ՀՀ իշխանությունների հետ։ «Սխալ կլինի տարանջատել այս գործիչներից որևէ մեկի այցի օրակարգը, դրանք երկուսն էլ կարևոր են և հատկանշական։ Կարիք չկա նշել, որ Ջոն Բոլթոնն առավել ազդեցիկ քաղաքական ֆիգուր է ամերիկյան քաղաքական կյանքում, ով ներկայումս բավականին թելադրող դիրքեր ունի Միացյալ Նահանգներում։

Ջորջ Քենթն արդեն Բաքվում է և ուշագրավ դիտարկումներ է արել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ ասելով, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Մադրիդյան սկզբունքների և վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, այդ թվում՝ Դուշանբեում, և որ ԱՄՆ-ը հավատարիմ է իր ստանձնած պարտավորություններին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում։ Սա նշանակում է, որ ամերիկյան կողմը փորձում է նախկինում իր ստանձնած պասիվ դիրքորոշումից անցում կատարել առավել ակտիվ դիրքորոշման։

Չեմ կարծում, թե դա ենթադրում է կարգավորման հարցում առանձին ճանապարհային քարտեզի ներկայացում, այլ սեփական դիրքորոշման, որը չի տարբերվում ԵԱՀԿ ՄԽ դիրքրոոշումից, ակտիվ շրջանառում և հնարավորության դեպքում հանդիպումների կազմակերպում սեփական հովանու ներքո։ Ըստ էության, Դուշանբեում արդյունավետ պայմանավորվածություն եղավ հակամարտող երկրների ղեկավարների միջև, որը, ինչպես երևում է տեղեկատվական հոսքերից, մի փոքր դեպի դրականն է փոխել իրավիճակը հակամարտության գոտում։ Սակայն բանակցային գործընթացում իրավիճակը կրկին բարդ ու անհասկանալի է, փակ հասարակությունից և փորձագիտական հանրությունից։ Անհասկանալի է, թե ինչպես են ղեկավարները հանկարծակիորեն ինչ-որ հարցի շուրջ պայմանավորվում՝ միևնույն ժամանակ համաձայնության չգալով երկար մշակված օրակարգերի հարցում, ինչպիսին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններն են։

Ուշագրավ է, որ չնայած Դուշանբեի հանդիպման արդյունքներին, կողմերի հրապարակային դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել, դրա մասին են փաստում Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի վերջին անդրադարձերը»,- մեկնաբանեց Տարասովը։

Ռուս քաղաքական վերլուծաբանն այն կարծիքին չէ, թե ամերիկյան կողմը՝ ի դեմս Քենթի և Բոլթոնի, հստակ նախաձեռնությամբ է հանդես գալու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն հնարավորության դեպքում ամերիկյան դիվանագիտությունը հարթակ կընձեռի կողմերին բանակցությունների համար։ «Տարածաշրջանում գերտերությունների մրցակցությունը մեծանում է, փոքր երկրների հետ ավելի սերտ համագործացկության գինն է բարձրանում։ Բայց Ղարաբաղյան ճակատում իրավիճակը կրկին բարդ է, ու ոչ մի միջնորդի ակտիվության դեպքում ներկայումս հաջողություն չեմ ակնկալում»,- ասաց Ստանիսլավ Տարասովը։

Ինչ վերաբերում է Բոլթոնի այցին, ապա, ըստ Տարասովի, նրա այցի օրակարգում ևս կլինի ԼՂ հակամարտության կարգավորման հարցը՝ համեմված շատ ավելի լայն կոնտեքստով։ «Բայց իմ կարծիքով, այցի օրակարգում Բոլթոնի ավանդական թեմաներն են լինելու՝ Իրան, Սիրիա, Ռուսաստան»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս