Արդյունաբերական Հայաստանի թշվառ շքեղությունը

Նոր կառավարությունը խոստանում է ուշադրություն դարձնել երկրի արդյունաբերության զարգացմանը: Սակայն այս ոլորտի մասին որևէ ծրագիր հրապարակված չէ: Հետևաբար՝ դժվար է ասել՝ նոր իշխանությունների հայտարարությունը պարզ պոպուլիզմի դրսևորո՞ւմ է, թե՞ լուրջ մտադրություն: Ի վերջո, մեր հասարակության ավագ խավի մոտ դոմինանտ են արդյունաբերագործարանային Հայաստանի մասին հիշողությունները:

Իսկ ավելի երիտասարդ սերունդն ամեն օր տեսնում է այդ արդյունաբերագործարանային տարածքների ու շինությունների կիսափլատակները: Տեսնում է քիչ թե շատ խոշոր բոլոր բնակավայրերում: Պարզ վիճակագրությունը հուշում է, որ արդյունաբերության ոլորտը ՀՆԱ-ի ընդամենը 17 տոկոսից պակաս մասնաբաժին ունի: Իսկ արդյունաբերության 62 տոկոսը բառացիորեն կապված է գյուղմթերքների վերամշակման հետ:

Հետևաբար՝ ամենամեծ ցանկության դեպքում էլ Հայաստանն արդյունաբերական երկիր համարելը մեծ չափազանցություն կհամարվի: Տեսեք՝ սեպտեմբեր ամսին մամուլն ընդամենը երկու-երեք անգամ է անդրադարձել արդյունաբերությանը (եթե խաղողի մթերումները չհաշվենք): Այդ հիշատակումները բառացիորեն արդյունաբերության ոլորտի կրճատման մասին են: Մեկը վերաբերում է «Արմենալին»: Նախկին ԿԱՆԱԶ-ը 2000թ. ձեռք բերեց ռուսական «Ռոսալը»:

Երբ 2007թ. վերազինումից հետո այն գործարկվեց, նշվում էր, որ այս ձեռնարկությունը լավագույնն է Եվրոպայում իր հիմնական արտադրանք փայլաթիթեղով: Այդ պահին խոսվում էր, որ ձեռնարկությունը մոտ 1000 աշխատատեղ կապահովի: Հետագայում ճշտվեց, որ 1000-ի փոխարեն՝ մոտ 700 աշխատատեղ ստեղծվեց, բայց փայլաթիթեղն արտաքին շուկայում մեծ պահանջարկ ուներ: Այն արտահանվում էր Արևմտյան Եվրոպա և ԱՄՆ: Անցած տարվա տվյալներով «Արմենալը» 64-րդ հարկատուն էր: Սակայն այս տարի հրապարակվող հարկային վիճակագրության պատկերը բոլորովին այլ է:

Ըստ հարկային ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների, այս տարվա առաջին կիսամյակում ձեռնարկության մուծած հարկերը 31 տոկոսով պակաս են նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած: Ձեռնարկությունը խոշոր հարկատուների ցանկում կտրուկ զիջեց դիրքերը` դառնալով 122-րդը: Թե մեր իշխանությունները, թե մամուլն «ըմբռնումով» մոտեցան հարցին: Մեզանից ոչինչ կախված չէ` Ռուսաստանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները հասան «Ռոսալին», հետևաբար՝ նաև մեր «Արմենալին»:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ ձեռնարկության մոտ 200 աշխատակից արդեն հարկադիր պարապուրդի մեջ է: Մարդիկ աշխատավարձ չեն ստանա: Բայց դա կարևոր չէ: Իրավիճակը ոլորտում տարածվում է կլոնավորման մեթոդով: Մինչև ամերիկյան պատժամիջոցների «տեղ հասնելը», մենք նմանատիպ մեթոդ կիրառել էինք Ամուլսարի պարագային: Մամուլը տեղեկատվություն հրապարակել էր Կապանի լեռնահարստացման կոմբինատի մասին: Հերթական պարապուրդ կամ նման իրավիճակ արձանագրելով: Կարծեմ հանրահայտ «Թեղուտի» մասին էլ է նման տեղեկատվություն տարածվել:

Մեր բնապահպանները շատ երկար ու անզիջում պայքարեցին այդ ուղղությամբ: Ու այս շաբաթ նմանատիպ լուրեր եկան արդեն Ալավերդուց: Դժվար չէր «գուշակել», որ պարապուրդի ոսկրոտ ձեռքը վաղ թե ուշ հասնելու է Ալավերդու պղնձաձուլական գործարանի կոկորդին: Այս ձեռնարկության ֆինանսական վիճակը կարծես ավելի ծանր է մյուսների համեմատ: Կարճ ասած, ոլորտը լուրջ ցնցումներ է ապրում: Մինչդեռ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը և Կապանի լեռնահարստացման կոմբինատը մշտապես Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են:

Ուստի կարող է անհասկանալի լինել, թե ինչու ոլորտի խնդիրները բավարար ուշադրության չեն արժանանում: Թե իշխանություններն են անտարբեր, թե հասարակությունը: Հասարակական անտարբերության տրամաբանական բացատրություն կարելի է գտնել: Արդյունաբերության ոլորտը Հայաստանում կապված է կոնկրետ բնակավայրերի հետ: Հետևաբար՝ մյուս բնակավայրերի բնակիչները համարյա տեղեկություն չունեն այդ ոլորտում աշխատողների սոցիալ-տնտեսական խնդիրների մասին:

Մյուս կողմից՝ ինքը՝ ոլորտը, աշխատատեղերի իմաստով մասշտաբային չէ: «Արմենալի» 200 աշխատակցի հարկադիր պարապուրդը մայրաքաղաքի մասշտաբով ընկալելի չէ: Իսկ մեր երկրի հանքարդյունաբերության ոլորտում ընդամենը 8300 մարդ է աշխատում: Դա արդյունաբերության ոլորտում զբաղվածների 10 տոկոսն է: «Շա՞տ է, թե՞ քիչ» հարցի պատասխանը կարելի է դիտարկել համեմատության մեջ:

Օրինակ, ծխախոտի արտադրության մեջ զբաղված է 3100 մարդ (արդյունաբերության ոլորտի աշխատողների չորս տոկոսը): Իսկ էլեկտրաէներգիայի արտադրության և մատակարարման, գազի մատակարարման ոլորտում՝ 19300 մարդ (ոլորտի մոտ 24 տոկոսը): Հետևաբար՝ աշխատատեղերի քանակով հանքարդյունաբերության ոլորտը, շատ կոպիտ ասած, իրենից «բան չի ներկայացնում»: Ուստի խնդիրները կարելի է չնկատելու տալ: Չնկատելու տալ` քանի դեռ բյուջեն դիմանում է: Ի վերջո, հայտնի բան է. «Խեղդվողի փրկությունը հենց իր՝ խեղդվողի գործն է»:

Տեսանյութեր

Լրահոս