Երկու թեկնածու կպայքարի Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար
Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի թափուր պաշտոնի համար իրականացված լսումների արդյունքում առաջադրված հինգ թեկնածուներից ընտրվել են երկուսը` Կարեն Ներսիսյանը և Սուրեն Շահվերդյանը: Նրանք հնարավորություն կունենան առաջիկայում վերոնշյալ թատրոնում բեմադրել մեկական ներկայացում, ինչն էլ հնարավորություն կտա հետագա հստակ և համարժեք ընտրության կատարել:
Խորհրդակցությանը ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Կարինե Խոդիկյանը, նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը, նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյանը, «Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ֆրեդ Դավթյանը:
Թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում իրենց թեկնածությունն էր առաջադրել 5 մասնակից. նախկինում՝ Խաբարովսկի շրջանային դրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ՝ Ռոբերտ Մանուկյանը (ՌԴ քաղաքացի), Մոսկվայի Ս. Փարաջանովի անվան թատրոնի հիմնադիր, բեմադրիչ՝ Վլադիմիր Գաբբեն (ՌԴ քաղաքացի), Ղազախստանի Ալմաթի քաղաքի Մ. Յ. Լերմոնտովի անվան ռուսական դրամայի թատրոնի բեմադրող ռեժիսոր Կարեն Ներսիսյանը (ՌԴ քաղաքացի), Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի ռեժիսոր Նորա Գրիգորյանը, ռեժիսոր-բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյանը:
Աշխատանքային խումբը նախապես ծանոթացել է մասնակիցների կողմից ներկայացրած կենսագրականներին և թատրոնի առաջիկա գործունեության տեսլականին, տեղում տեսաձայնագրված տարբերակով քննության է առել յուրաքանչյուր թեկնածուի կողմից ներկայացրած ռեժիսորական աշխատանքները, լուսանկարները, մամուլից՝ ակնարկները, հղումները, ինչպես նաև ստեղծագործական գործունեությունը լուսաբանող այլ նյութերը: