Վարչապետի խորհրդականը «սխալ է հանել» իր վերադասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի անգամ հայտարարել է, թե Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ պետք է անցկացնել՝ լուծելու համար ներքաղաքական ճգնաժամը, քանի որ այդ ամենի արդյունքում տուժում է նաեւ տնտեսությունը. ներդրողները սպասում են ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակի կայունացմանը: Երեկ այս տեսակետը պնդել է նաեւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` հավելելով, որ որքան ուշ կայանան խորհրդարանական ընտրությունները, եւ սպասողական վիճակը երկարի, այդքան ավելի վատ երկրի տնտեսության համար:
Թվում էր՝ ամեն ինչ ասված է, սակայն երեկ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, խոսելով օտարերկրյա ներդրումների ու Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին, միանգամայն այլ տրամաբանության մեջ է խոսքերը ձեւակերպել, եւ արդյունքում ստացվել է այնպես, որ նա «սխալ է հանել» վերադասին:
«Ներդրողները ոչնչի չեն սպասում»,- նշել է նա` պատասխանելով հարցին՝ վարչապետն ասում է, որ ներդրողները սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որ ներդրումներ անեն:
Գասպարյանն, իհարկե, փորձել է մեկնաբանել ասածները` հավելելով, թե ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները շատ դրական են ընկալվում գործարարների կողմից, արդեն ներդրողներ են եկել տարբեր երկրներից: Կարճ ասած` պաշտոնյաներին չէր խանգարի խոսելուց առաջ մտածել, ինչպես խորհուրդ էր տալիս վարչապետ Փաշինյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: