Բաժիններ՝

Երբ սպասել հեղափոխական բյուջեին

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր ասուլիսում ներկայացրեց 2019 թ. բյուջեն: Ըստ նրա՝ բյուջեն փոխզիջում է հասարակության տարբեր շերտերի և հնարավորությունների միջև, բյուջեն սեփական եկամուտների և պարտք վերցնելու հնարավորությունն է, որ կարող ենք մեր երկրի հոգսերը հոգալու, առաջընթաց տեմպերով զարգացնելու ռելսերի վրա դնելու համար:

«Չէր կարելի կանգնեցնել կյանքը և 2019 թ. սկսել նոր էջից»,- ասաց Ա.Ջանջուղազյանը՝ նշելով, որ ՀՀ-ն իր պարտավորությունները կատարելու է:

Ըստ նրա՝ պարտք վերցնում ենք ոչ թե ընթացիկ կարիքները հոգալու, այլ արդյունք ստեղծելու համար, պարտքի վերաբերյալ մշտապես մտահոգություն է արտահայտվում, բայց հարկաբյուջետային քաղաքականության նպատակը պարտքը կայունացնելն ու կառավարելն է:

Նախարարը նշեց, որ առաջին անգամ 2019թ. ներկայացվել է ծրագրային բյուջե, և կարևոր է ոչ թե գործընթացը, այլ կատարվող ծախսի արդյունքը:

Ա.Ջանջուղազյանը նշեց, որ 2019 թ. ակնկալվում է ՀՆԱ-ի 4.9% իրական աճ, 1տրլն 462.4 մլրդ դրամ եկամուտներ, որից հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով` 1,396.8 մլրդ դրամ, դեֆիցիտը ծրագրավորվել է ՀՆԱ-ի 2.24 %-ի չափով՝ 151.6 մլրդ դրամ: 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կկազմի 3,409 մլրդ դրամ (7,053 մլն ԱՄՆ դոլար) կամ ՀՆԱ-ի 55.0%-ը, իսկ 2019 թվականի տարեվերջին այն կկազմի 3,610 մլրդ դրամ (7,468 մլն ԱՄՆ դոլար) կամ ՀՆԱ-ի 53.4%-ը:

Ըստ կանխատեսումների` 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ կառավարության պարտքը կկազմի 3,361 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 49.7 տոկոսը: «Արդյո՞ք սա մեր երազանքների բյուջեն է: Ո՛չ: Մենք պատիկներով ավելի ցանկություններ ունենք և պետք է մեր բոլոր ջանքերը ներդնենք դրա համար»,- ասաց Ա.Ջանջուղազյանը:

Հարցին՝ հեղափոխական բյուջեին հաջո՞րդ տարի սպասենք, նախարարը պատասխանեց. «Ոչ, մենք դա զուգահեռ անում ենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս