
ՌԴ Գլխավոր դատախազությունը հաստատեց, որ Սահակ Կարապետյանը գտնվում էր կործանված ուղղաթիռում

Ռուսաստանի Գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը ՏԱՍՍ-ի հետ զրուցելիս հաստատել է, որ ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը գտնվում էր Կոստրոմայի մարզում կործանված ուղղաթիռում։ «Մենք տեղյակ ենք այդ իրադրությանը: Նախնական տվյալներով՝ Սահակ Ալբերտովիչը գտնվում էր այդ ուղղաթիռի ուղեւորների թվում»,-ասել է նա:
«Օդաչուն եւ ուղեւորները զոհվել են ավիապատահարի հետեւանքով: Զոհվածների անձերի նույնականացման համար կանցկացվեն փորձաքննություններ»,-պարզաբանել է Գլխավոր դատախազության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ «արտակարգ պատահարի վայրում աշխատում են Գլխավոր դատախազության աշխատակիցները»:
Սահակ Կարապետյանը ծնվել է 1960 թվականին Ռոստովի մարզի Եգորլիկյան շրջանի Սովետսկի խուտորում: 1983 թվականին ավարտել է Ռոստովի Մ.Ա. Սուսլովի անվան պետական համալսարանը՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ: 2006-ից մինչեւ 2016 թվականը գլխավորել է Գլխավոր դատախազության միջազգային իրավական-համագործակցության գլխավոր վարչությունը, 2016 թվականից գլխավոր դատախազի տեղակալն էր, այդ պաշտոնում նա տնօրինում էր միջազգային համագործակցության հարցերը: