
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում ոչ աշխատանքային կլինի 2 օր

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում երկու օր կհայտարարվի ոչ աշխատանքային: Այդ մասին կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք հանդես ենք եկել օրենսդրական նախաձեռնությամբ և պետք է խնդրենք վաղը հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ, որպեսզի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի կապակցությամբ երկու օր հայտարարվի ոչ աշխատանքային օր:
Դրա համար անհրաժեշտ է որոշակի օրենսդրական փոփոխություն և, ըստ էության, քանի որ շատ մեծ են ծավալները և եզրակացությունն այն է, այդ թվում՝ ոստիկանության, որ շատ ավելի ճիշտ կլինի, որ այդ երկու օրը հայտարարվի ոչ աշխատանքային, մենք այդ ուղղությամբ կգնանք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ օրերն են հայտարարվելու ոչ աշխատանքային:
Գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում՝ հոկտեմբերի 11-12-ը: