Time-ը ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի ղեկավարներին նշել է Խաղաղության նոբելյան մրցանակի գլխավոր հավակնորդների թվում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ներառվել են Խաղաղության Նոբելյան մրցանակի գլխավոր հավակնորդների ցուցակում: Մրցանակի առավել հավանական դափնեկիրների ցանկը հոկտեմբերի 3-ին հարապարակել է Time հանդեսը:
Կիմ Չեն Ունը եւ Մուն Չժե Ինը կարող են Խաղաղության նոբելյան մրցանակն ստանալ Կորեական թերակղզու միջուկազերծման ջանքերի համար, նշում է հրատարակությունը՝ նրանց որակելով որպես «ակնհայտ ֆավորիտների»: Հաղթելու հավակնորդներից մեկն էլ դարձել է ԱՄՆ-ի նախագահը, որի մասնակցությամբ հուլիսի 12-ին Սինգապուրում կայացավ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ պատմության մեջ առաջին բարձր մակարդակի հանդիպումը:
Ladbrokes խոշորագույն բրիտանական բուքմեյքերական գրասենյակը Թրամփի հաղթելու շանսերը գնահատում է 5 առ 2, ընդ որում Սպիտակ տան ղեկավարը հավասարապես կարող է մրցանակին արժանանալ ինչպես անձամբ, այնպես էլ Հարավային ու Հյուսիսային Կորեաների ղեկավարների հետ համատեղ, գրում է Time-ը: Փետրվարին Նորվեգիայի նոբելյան ինստիտուտը հայտնել էր, որ մրցանակի համար առաջադրվել է 217 մարդ եւ 112 կազմակերպություն, ընդամենը՝ 329 հավակնորդ:
Անվանակարգորդների թվով ռեկորդը սահմանվել էր 2016 թվականին, երբ նրանց թիվը 376 էր: Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիրը կհայտարարվի հոկտեմբերի 5-ին, իսկ պարգեւի հանձնումը տեղի կունենա Օսլոյում դեկտեմբերի 10-ին՝ շվեդ քիմիկոս Ալֆրեդ Նոբելի (1833-1896) մահվան տարելիցին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: