Ադրբեջանը երբեք չի բանակցի Արցախի պաշտոնական ներկայացուցչի հետ
Օգոստոսի 17-ին ՀՀ կառավարության 100-օրյա գործունեությանը նվիրված հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացին, հայտարարելով, որ պատրաստ է Արցախի հարցով լիարժեք բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, սակայն Արցախի անունից, Ադրբեջանի հետ պետք է բանակցի Արցախի իշխանությունը։
«Բայց ուզում եմ ասել, հաստատեք իմ ասածը, որ մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի: Բայց մենք նաև պատերազմ չենք ուզում: Մենք պատրաստ ենք իսկապես խաղաղ բանակցությունների, մենք պատրաստ ենք հասնել խաղաղ կարգավորման, բայց նա, ով փորձում է ինձ վրա որևէ կասկած գցել, էլի եմ ասում, նրանք չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ: Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, և ես ուզում եմ ասել հետևյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհատավամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ:
Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե՞ չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա: Դուք եք բարձրագույն իշխանությունը և որոշողը, և սրանում որևէ կասկած չի կարող լինել»,- դիմելով հանրահավաքի ներկաներին՝ իր ելույթում հայտարարել էր Փաշինյանը:
168.am-ի հետ զրույցում ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, խոսելով Արցախի Հանրապետության՝ բանակցային գործընթացի սեղանի շուրջ վերադառնալու հնարավորությունների մասին, փաստեց, որ մինչև 1997 թվականն Արցախը ներգրավված է եղել բանակցային գործընթացում, որից հետո տեղի ունեցած փոփոխությունները բերեցին նրան, որ բանակցային գործընթացում Արցախի անմիջական ներկայացուցիչները դարձան միջնորդված մասնակիցներ։
«Կա Մինսկի խմբի համանախագահողների խումբը, որը մշտապես մեկնում էր Երևան, Ստեփանակերտ և Բաքու։ Այսինքն՝ Արցախը երբևէ իրեն օտար չի զգացել բանակցային գործընթացում։ Եթե բանակցային գործընթացում այս պահին դրվի Արցախի անմիջական մասնակցության հարցը, ապա դա լինելու է հասկանալի պատճառներով։ Այսինքն, խոսքը կոնֆլիկտի կողմերի մասին է, որտեղ Արցախը, գուցե, հանդիսանում է դրանցից մեկը, համապատասխանորեն՝ Ադրբեջանը ևս կոնֆլիկտի մի կողմ է, որը պետք է բանակցի անմիջապես Արցախի հետ։
Ադրբեջանի համար սա բարդ ընդունելի տարբերակ է, որովհետև բանակցելով պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցչի հետ՝ սա արդեն իսկ Արցախի ինքնորոշումը ճանաչելու մի տարր կհանդիսանա, ինչին Ադրբեջանը չի գնա։ Սրան զուգահեռ՝ այդ երկիրը ոչ հավասարաչափ պահանջ է ներկայացնում, որպեսզի բանակցությունների մասնակից հանդես գա նաև ադրբեջանական համայնքը, իսկ մենք հասկանում ենք, որ այդ համայնքը կոնֆլիկտի կողմերից չէ։ Համապատասխանորեն, Հայաստանը՝ որպես երկիր, որն ապահովում է Արցախի անվտանգությունը, բանակցային գործընթացում հանդես է գալիս որպես բանակցող կողմ»,- նշեց Ալեքսանդր Մարկարովը։
Նրա բնորոշմամբ՝ Արցախի ներգրավումը բանակցային գործընթացքում այն խնդիրն է, որը գտնում է այլ պատասխան. Արցախը բանակցություններին մասնակցում է առնվազն նրանով, որ խնդրի կարգավորման որևէ տարբերակի ընդունում անհնարին է առանց Արցախի իշխանությունների և ժողովրդի համաձայնության։
Քաղաքագետի խոսքով՝ այս տեսանկյունից բանակցային գործընթացին հնարավոր է Արցախի հնարավոր մասնակցությունը, իսկ բանակցային սեղանի շուրջ Արցախի անմիջական ներկայացուցչի ներկայությունն այն նոր դրույթն է, որը փորձում են առաջ տանել ՀՀ ներկայիս իշխանությունները։
«Դժվար է ասել, կհաջողվի՞ իշխանություններին հասնել այս ամենին, պետք է սպասենք, այս պահին մեզ առնվազն հետաքրքրում է բանակցային գործընթացի շարունակությունը՝ նպատակ ունենալով գտնել կողմերի համար ընդունելի տարբերակներ»,- եզրափակեց Ա. Մարկարովը։
Նշենք, որ պաշտոնական Բաքուն արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ հայտարարել էր, որ ՀՀ ղեկավարության կողմից սա քայլ է, որն ուղղված է «բանակցային գործընթացի խախտմանը և ապակառուցողական ստատուս-քվոյի պահպանմանը»։
Զվարթ Խաչատրյան