Բաժիններ՝

Ռիսկեր, որոնք կարող են նվազեցնել հաջորդ տարվա տնտեսական աճը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ կառավարությունը 2019 թվականի համար կանխատեսում է 4.9% տնտեսական աճ, որն ամրագրված է 2019 թվականի պետական բյուջեի նախագծում։

Պետբյուջեի ուղերձում, բացի փաստացի ցուցանիշներից և կանխատեսումներից, թվարկված են նաև տնտեսական աճի նվազմամբ ուղղությամբ ռիսկերը։

Այդ ռիսկերի հիմնական մասը արտաքին են՝  պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումներով։ Ինչպես նշվում է բյուջետային ուղերձում, մասնավորապես, Ռուսաստանի դեմ ընթացիկ տարվա օգոստոսին ԱՄՆ-ի ՖՆ-ի կողմից ընդունված պատժանիիջոցների փաթեթի երկրորդ փուլի ուժի մեջ մտնելու դեպքում (նախատեսված է նոյեմբերի վերջին), կարող են հանդես գալ Ռուսաստանի տնտեսական աճի սպասվածից ցածր տեմպերով, ինչի արդյունքում հնարավոր է տրանսֆերտների կանխատեսվածից պակաս ներհոսք, արտահանման ցածր աճ և ներդրումների նվազում:

ԱՄՆ-ի գծով ռիսկերը, սակայն, այդքանով չեն սահմանափակվում։ Օրինակ, ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի բարձրացման և առևտրային գործընկեր երկրների պատասխան միջոցառումների հետ կապված առևտրային ոլորտի լարվածությունը դեռևս կշարունակվի, ինչը կարող է խաթարել ինչպես աշխարհի, այնպես էլ ՀՀ գործընկեր երկրների տնտեսական աճի հեռանկարները։

Փաստաթղթում նշվում է նաև, որ ԱՄՆ և Եվրամիության որդեգրած դրամավարկային քաղաքականության ազդեցությամբ տոկոսադրույքների բարձրացումը կառաջացնի փոխարժեքի արժեզրկման հետ կապված ռիսկեր, որոնք կարող են հանգեցնել արտաքին պարտքի սպասարկման լրացուցիչ բարդությունների, արտահանման և ներմուծման կառուցվածքային տեղաշարժերի:

Որպես ՀՀ տնտեսական աճի նվազման ռիսկ դիտարկվում է նաև այն, որ կապիտալի հոսքերի հետագա նվազման միտումը դեպի զարգացող երկրներ կարող է շարունակվել, հատկապես՝ այն երկրներ, որոնք ունեն ավելի թույլ տնտեսական հեռանկարներ, կամ՝ բարձր քաղաքական ռիսկեր։ Այս պայմաններում, կարող են առաջանալ դեպի ՀՀ ՕՈՒՆ-ի ներհոսքի ռիսկեր:

Բնականաբար, աշխարհաքաղաքական վիճակը, այդ թվում՝ տարածաշրջանային ռազմական հակամար­տությունները, ինչպես նաև հարևան երկրների հետ քաղա­քական հակադրությունները կարող են սահմանափակել մասնավոր ներդրումների հետագա ներհոսքը և թուլացնել տնտեսական ակտիվությունը:

Զուտ ներքին ռիսկերից բյուջեում խոսվում է երկուսի մասին։ Նախ՝ բնակլիմայական անբարենպաստ պայմանները գյու­ղատնտեսության ոլորտում կարող են լրացուցիչ ռեսուրսների ներդրման պահանջ առաջացնել՝ դանդաղեցնելով կառավարության բարեփոխումները, որի պայմաններում տնտեսական աճի մակարդակը կարող է կանխատեսվածից ավելի ցածր լինել:

Իսկ երկրորդ ռիսկը Ամուլսարի ոսկու հանքավայրն է։ Ինչպես նշվում է փաստաթղթում, Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված անորոշությունները, կամ՝ ներդրումային ծրագրով նախատեսվածից պակաս ներդրումները, ինչպես նաև աշխատանքների կատարման ժամանակացույցով նախատեսվածից ավելի ուշ արդյունահանումը, կարող են հանգեցնել շինարարության և արդյունաբերության 2019 թվականի ծավալների նվազմանը, հետևաբար նաև տնտեսական աճի ավելի ցածր մակարդակի:

Փաստորեն, կառավարությունը ընդունում է, որ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման ձգձումը կարող է բացասական ազդեցություն ունենալ կանխատեսվող տնտեսական աճի վրա, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ առաջիկայում կփորձեն այս խնդրին վերջապես լուծում տալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս