«Խորհրդարանական կառավարմամբ պետություններում չի կարող այնպիսի իրավիճակ ստեղծվել, երբ ԱԺ-ն ու կառավարությունը միմյանց հակադիր են»
Երևանի ավագանու ընտրություններից հետո քաղաքական քննարկումները վերստին կենտրոնացան Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հարցի վրա։ Քաղաքական հիմքերի առկայությամբ հանդերձ՝ թերևս առկա իրավիճակում աչքի է զարնում իրավական պարադոքսը։ Ըստ այդմ՝ ԱԺ ղեկավարությունն այսօր պատկանում է իրեն ընդդիմություն հռչակած ուժին, ինչը իրավական առումով անհեթեթություն է։ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին պարզ դարձավ, որ ՀՀ Սահմանադրությունը ի վիճակի չէ լուծումներ առաջադրելու կոնկրետ քաղաքական ճգնաժամին, իսկ արդեն մայիսի 8-ին խորհրդարանական փոքրամասնության թեկնածուի ընտրությունը վարչապետի պաշտոնում քաղաքական ճգնաժամին հավելեց սահմանադրական ճգնաժամը։
2015թ. Սահմանադրական փոփոխություններով ԱԺ-ի փոխխոսնակների քանակը 2-ից դարձավ 3, ինչի հռչակված նպատակներից մեկը ընդդիմության ազդեցության ընդլայնումն էր։ Փոփոխությունների հեղինակները պնդում էին, որ ԱԺ փոխխոսնակներից մեկի հաստիքը ընդդիմությանը վերապահելով՝ վերջինս օժտվում էր նոր լծակով և մասնակից դառնում ԱԺ-ի ղեկավարման գործին։ ԱԺ նախագահի ու տեղակալների ընտրության կարգը սահմանվում է ՀՀ Սահմանադրության 104-րդ հոդվածով. «Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից»։
Աշխարհի յուրաքանչյուր խորհրդարանում դրա ղեկավարությունն իրականացնում են այն ուժի ներկայացուցիչները, որը մեծամասնություն է կազմում։ Այդպես է եղել նաև անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում։ Նույնիսկ 1998թ. փետրվարին նախագահի հրաժարականի ժամանակ ԱԺ-ում հարաբերակցության փոփոխությունը հանգեց նաև ԱԺ ղեկավարության փոփոխությանը։ Այն ժամանակ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը հրաժարական տվեց՝ հիմնավորելով, որ չի կարող խոսնակ լինել ԱԺ մեծամասնության համար, որի ներկայացուցիչ ինքը չի հանդիսանում։ Նրա հետ հրաժարականներ տվեցին նաև այլևս փոքրամասնությունը ներկայացնող փոխխոսնակները, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները։ Իսկ «Երկրապահը» ստիպված եղավ այդ պաշտոններում ընտրելու իր ներկայացուցիչներին՝ թեպետ ձգտում էր կանխել Արարքցյանի հրաժարականը։
Նույնաբնույթ, սակայն հակառակ իրավիճակն է ներկայումս, երբ ԱԺ նախագահն ու երկու փոխնախագահները ներկայացնում են այլևս փոքրամասնության վերածված ու կառավարությանը ընդդիմություն հռչակած ուժին։ Իսկ վերոհիշյալ սահմանադրական հոդվածը իմպերատիվ է, ըստ որի՝ ԱԺ-ի փոխխոսնակներից միայն մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչը, մինչդեռ փաստական առումով ԱԺ նախագահն ու երկու փոխխոսնակներն են ներկայացնում ընդդիմությանը։ Ի դեպ, իրավական այս նոնսենսը ցայտուն կերպով դրսևորվեց նաև ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում, երբ պատգամավորներն իրենք իսկ չէին կարողանում հասկանալ՝ ով է ընդդիմություն, ով՝ իշխանություն։
Անշուշտ, այսպիսի իրավիճակ նույնպես կարող է ծագել, եթե գործադիրն ու օրենսդիրը ղեկավարվում են տարբեր կուսակցությունների կողմից, ինչը բնորոշ է նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգերին։ Մինչդեռ խորհրդարանական կառավարմամբ պետություններում չի կարող այնպիսի իրավիճակ ստեղծվել, երբ Ազգային ժողովն ու կառավարությունը միմյանց հակադիր են։
Ի դեպ, սահմանադրական փոփոխությունների ժամանակ նախկին իշխանության հիմնական թեզերից մեկը հենց վերաբերում էր պետության կայունությունը իրավական մեխանիզմներով երաշխավորելուն, և, որպես օրինակ, մատնանշվում էր այն հնարավոր զարգացումը, որ նախագահական համակարգի պարագայում նախագահն ու ԱԺ մեծամասնությունը տարբեր ուժեր կարող էին ներկայացնել՝ առաջացնելով գործադիր-օրենսդիր աշխատանքի խաթարման վտանգ։ Այժմ ստացվում է, որ այդ վտանգից խուսափող ՀՀԿ-ն, ինքն է իր գործունեությամբ հարուցում այն։
Խորհրդարանական կառավարումը մյուս եղանակներից տարբերվում է նախ և առաջ օրենսդիր-գործադիր հարաբերության սկզբունքով, երբ գործադիրը օրենսդիրի ածանցյալն է։ Նախագահական կառավարման համակարգում խորհրդարանն ու նախագահը հակակշռում են միմյանց, որովհետև, որպես ինստիտուտ․ ձևավորվում են առանձին մանդատներով, իսկ խորհրդարանական կառավարման համակարգում թե՛ օրենսդիրը, թե՛ գործադիրը ձևավորվում են միևնույն մանդատով։
Այսինքն՝ Ազգային ժողովը, ձևավորվելով հանրության վստահությամբ, ընտրում է վարչապետ, որը կատարում է ԱԺ պատգամավորների հանձնարարությունը՝ հաշվետու լինելով նրանց։ Եվ երբ այդ շղթան խափանվում է, պետությունը համակվում է սահմանադրական ճգնաժամով, որը, ինչպես պատմությունն է փաստում, կա՛մ հանգուցալուծվում է ընտրությունների միջոցով, կա՛մ նոր ցնցումների ենթարկում պետությունը։
Նժդեհ Հովսեփյան
«Արմենպրես»