Հեղափոխությունից հետո ամենալուրջ մարտահրավերը՝ գերակշռում է «միակարծությունը»
Հարցազրույց Ռազմավարական և Ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանի հետ
– Ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը Հայաստանում, ի՞նչ եզրահանգումներ եք արել Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներից, ի՞նչը համախմբեց մարդկանց Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ուժի շուրջ:
– Այսօր Հայաստանում իրավիճակը նույնն է, ինչպես ամեն օր ապրիլի 23-ից հետո, չեմ ասում՝ հեղափոխությունից հետո, քանի որ այն դեռ շարունակվում է։ Սեպտեմբերի 23-ը ևս կարևորագույն «հեղափոխական» օր գրանցվեց՝ կապված բոլորիս հայտնի արդար ու հանգիստ ընտրությունների հետ։ Քաղաքապետի ընտրության արդյունքներից հասկանալի է, որ քաղաքացիները, հանրությունը գնաց 23-ին ամրապնդելու կատարվածը և նյութականացնելու, այլ ոչ՝ քաղաքապետ ընտրելու։
Փաստորեն, ականատես եղանք, երբ 12 կուսակցություն կամ դաշինք տանում էին ընտրարշավ, իսկ մարդիկ մի ուղերձ էին միայն լսել՝ հեղափոխության ամրապնդում։ Մնացյալի մասին՝ աղբ ու էներգիա, վերելակ ու տրանսպորտ, արտամղել էին։ Ժողովուրդն անհաղորդ մնաց քաղաքային խնդիրների լուծմանն ուղղված քարոզարշավին։
Եթե պատկերավոր ամփոփենք, կլինի՝ ժողովուրդն ասաց՝ վերցու ու մեր անունից հանգիստ գործիր: Լեգիտիմության այս ցուցանիշն առավել քան անհրաժեշտ էր վարչապետին դրսում։ Եվ կլռի հին իշխանությունից մնացած այն հատվածը, որ ցուցանում է հրապարակում որոշում ընդունելու հունական ժամանակահատվածի վերապրումը։
– Հասարակությունը, քաղաքական ուժերը հոգեբանորեն պատրա՞ստ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
– Քաղաքապետի ընտրությունները որքանով վարչապետի թիկունքը ձգող միտում ունեցան, այնպես էլ վեր հանեցին կուսակցությունների գործող, չգործող, գոյություն ունեցող ու չունեցող ռեսուրսները։ Պատկերը հարուստ չէ։ Մեծ փոփոխությունների կարիք կա՝ թե՛ օրենսդրական դաշտում, թե՛ հենց կառույցներում։
Բայց առավել քան մտահոգիչ մի շարք հարցեր կան․
1․ Եթե մոտ ժամանակներում անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, մեծ հավանականությամբ, նույն վիճակագրությունը կարող ենք ունենալ, ու կուսակցությունները՝ չնայած նաև նրանց անմխիթար վիճակին, դուրս կմնան մրցակցությունից։ Այժմ հետհեղափոխական իրավիճակների նաև արհեստական սրմամբ է յուրաքանչյուր ընտրող մոտենալու ընտրությանը՝ «հեղափոխությանը կողմ եմ» քվեարկելու նշանաբանով։ Հերթական ոչ համապատասխան խորհրդարանը կարող ենք ունենալ։
2․ Հասարակությունը ևս պատրաստ չէ ընտրություններին։ Բացատրեմ հոգեբանական կողմը, թե ինչու կա վտանգ, որ իշխանության կուսակցությունը միահամուռ կարող է ստանալ խորհրդարանական ընտրություններում նույնիսկ մինչև 90 % ձայն։
Դիտարկումներս են, որ քաղաքացին դեռ միաձուլվածության մեջ է «մենք ամբողջի» մեջ։ Դա ցույց տվեց այս ընտրությունը, երբ հեղափոխություն առաջնորդած ուժը հավաքեց 80+ տոկոս։ Այսինքն, նման իրավիճակում բոլորը մի ամբողջի մասնիկ են կազմում և ձուլվածության մեջ են միմյանց հետ՝ տեսակը պահպանելու համար։
Այսինքն, առանձին քաղաքացու խնդիր կա, նորմալ ընտրությունների համար պարարտ գաղափարական ու այլ ուժերին հնարավոր մասնակցային դաշտ է պետք, որտեղ «մենք»-ից դուրս կգա «ես»-ը։ Իսկ առայժմ, կապված մի քանի կեղծ վտանգների հետ, գերակշռելու է «միակարծությունը»։
Հեղափոխությունից հետո, իմ դիտարկումներով, ամենալուրջ մարտահրավերը սա է։
Քանի որ մարդու գործոնը կա, այնպիսի առանձնահատկություններ, որ ժամանակի մեջ ադապտացվում, դառնում են այն տեսակը, որի դեմ էլ իրենց պայքարն է ծնվել։ 80 % ձայն ստացած ցանկացած ուժը չի կարող իրականության արտացոլումը լինել, այն զուտ այսօրվա իրավիճակն է։ Փաստորեն, ստացվում է՝ իրավիճակային լուծում է լինելու։
Մյուս կողմից՝ մեծ գործ ունեն անելու հայաստանյան կուսակցությունները, հասարակության պատրաստվածությունը պիտի գա նաև առաջարկից, քաղաքական ուժերի պատրաստվածությունից և համապատասխան ներկայացուցչությունից։
Մարդկանց արդեն չի հետաքրքրում, չի հուզում մի 2 ծրագրային թարմացված կետեր։ Մարդիկ կարիք ունեն նորի, նորագույնի ու մոբիլի։ Նույն կազմով, նույն ձևով ու դերով հանդես գալով, նույնիսկ դրական և մեծ ներդրում ունեցած կուսակցությունները մարդկանց ենթագիտակցականում Սերժ Սարգսյանի ժամանակվա տանուլ տված ուժեր են դիտվում։ Ահռելի և անկեղծ որակական աշխատանք է պահանջվում։
«Լավի» և «վատի» գնահատականի խնդիր չէ, սա պետք է հասկանան կուսակցությունները, գուցե հետ քաշեն իրենցում հայտնի դեմքեր, նույնիսկ քաղբանտարկյալ եղած, որոնց արժանիքների վրա ոչ ոք չի կասկածում, բայց ժամանակի թելադրանքի մեջ տեղավորվելու համար պետք է մոբիլ լինել, նոր ու բաց։ Այժմ թե՛ գաղափարապես, թե՛ որակական համալրվածությամբ մրցունակ կուսակցություն չկա։
– Ի՞նչ կարծիք ունեք Նիկոլ Փաշինյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականության ազդեցությունների մասին:
– Մարտահրավերները՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին, շատ են․ կարևոր է ուղին և սկզբունքները պահելը։ Առաջնահերթությունների հարց կա՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին։ Ինչով հիմա անցնում ենք՝ պատմության մեջ արդեն նախադեպեր կան, հատկապես այնպիսի տարածաշրջանների երկրների, որոնք մեզ նման շրջապատված են ոչ բարեկամ երկրներով, և շահերն էլ հակասում են։ Կարելի է դիտարկել այդ երկրների դիվանագիտությունը, մինչև այժմ դրանց ղեկավարների աշխատաոճը դրսի ատյաններում։
Նույնը ներքին քաղաքականության մեջ, տնտեսության զարգացմամբ․ ժողովուրդն իր ապրելու որակի տարբերություն պիտի զգա և վստահի համակարգերին։ Որքան էլ ինտուիտիվ դիմացկուն է դանդաղ փոփոխություններին, բայց չի կարող երկար հանդուրժել։
Ներքին քաղաքականության մեջ, մշտապես զգոն լինելու խնդիր կա․ հատկապես կապված կուսակցական հավաքի հետ, դա այնքան լուրջ հարց է, որի պատճառով փլուզվում են «կառույցներ», նույնիսկ ՊԱԿ-ի պես կառույցը, երբ համարել են, որ յուրաքանչյուր լավ կոմունիստ լավ չեկիստ է, ու կոմունիստներին տեղավորել են ծառայություններում։ Օրինակ, յուրաքանչյուր ՔՊ անդամ ամենալավ ընտրությունը չի այն դիրքերում, որը լուրջ պրոֆեսիոնալիզմ կարող է պահանջել։
Արտաքին ասպարեզում, Փաշինյանի մի շատ կարևոր ժեստ եմ ուզում առանձնացնել, երբ ուղերձ ուղարկեց Ադրբեջանի նախագահին, որ իր տղային էլ ուղարկի առաջնագիծ, սահմանում` որպես խաղաղության գրավական։ Սա նուրբ գործոն է, որի վրա կարելի է լուրջ աշխատել, քանի որ դա հակառակորդի հասարակության մեջ ներքին «քննարկումների» կհանգեցնի, զինվորների ընտանիքներում, ներքին ճնշում կարող է լինել՝ հրադադարի պահպանման համար։ Կարծում եմ՝ այդ ռազմավարությունը պետք է շատ լուրջ ու հետևողականորեն զարգացվի։
– Ի՞նչ կարծիք ունեք Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալվող գործընթացների մասին՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանք, քաղաքականություն նրա վերադարձի հայտարարություններ, ի՞նչ իրավիճակում է նա, և ինչի՞ կարող է հանգեցնել այս ամենը:
– Ռոբերտ Քոչարյանի շուրջ ինչ խոսվում է, արդեն մի քանի անգամ ավելին է, քան կարելի էր։ Բայց հասկանալի է, հակազդեցության օրենքով՝ մարդիկ չեն հանգստանում՝ ինչ վերապրել են նրա կառավարման տարիներին։ Դրա համար էլ ամեն մի քայլի, ասածի արձագանքում են, քննարկում։
Նախ՝ նրա հայտարարությունների մասին՝ պարզագույն բլեֆ արեց։ Երբ նրան մեղադրանք առաջադրեցին, և «Երկիր Մեդիայով» հարցազրույց տվեց՝ ասելով՝ ես քաղաքականություն եմ վերադառնում, չգիտես ինչու՝ բոլորը այդ պարզ խայծը կուլ տվեցին։ Ոչ մի քաղաքականություն էլ չէր վերադառնա։ Դրա վկայությունը նրա՝ որպես քաղաքական այրի, անպատրաստվածությունն էր, թեկուզ քաղաքական լեզվամտածողությամբ, կոպիտ ասած, բավականին «ժանգոտ» վիճակում էր, և իր համար հատկապես՝ անժամանակ։
Նա շատ լավ է հասկանում, որ քաղաքականությունն այն վերջին տեղն է, ուր պիտի մտնի, գոնե ինքը լավ գիտի իր գործունեության որակը։
Նա մարդկային, քանակական, որակական ռեսուրս չունի իր շուրջ կազմակերպելու կամ համախմբելու, որքան էլ թվա՝ ՀՀԿ-ն տեր է փնտրում, նորից չպետք է մոռանանք ժողովրդի գործոնը։
Մի խոսքով, քանի որ արդեն փաստի առաջ էր կանգնել, փորձեց գործածել այդ բլեֆը, որը գործեց, և մինչ այսօր էլ դատարկ տեղը շահարկում են։
Թե ինչ իրավիճակում է նա, շատ հետաքրքիր, խոսուն են իր ձևակերպումները։ Նախավերջին հարցազրույցում էր, կարծես, իրավական եզրույթների փոխարեն՝ օգտագործում է բարոյա-էթիկական բնութագրումներ՝ հղում է անում խղճին, թե՝ «այս մարդիկ խիղճ չունեն», «անելանելի վիճակ», «հորդորում եմ», սրանք շատ ավելի տեղեկատվական եզրույթներ են, քան ուղղակի բառեր։
Նա մինչև վերջ կփորձի այս կամ այն հարցով պահել իր՝ քաղաքական կերպարի ակտուալությունը, երևալ տեղեկատվականներում, շոշափեն իր անունը, կաշխատի իրապես փորձել ինչ-որ «ակտիվություն» ցուցաբերել, որ իրականում վերջին հնարավոր ճիգերն են։
Ընդհանրապես, այժմ քաղաքական դաշտի թափթփված վիճակը թույլ չի տալիս տեսնել, որ որոշ ուժեր, գործիչներ իրականում դեր ու նշանակություն չունեն, բայց իներցիայով չարչրկվում են։
– Ի՞նչ խորհուրդ կտաք ՀՀ գործող իշխանություններին։
– Ինֆորմացիան և գիտելիքն ամենաթանկն են բոլոր ժամանակներում։ Այսօր դրանց ձեռք բերելու հնարավորությունները բազմաթիվ են և բավականին բաց․ իմաստունը վերցնում է։