«Հանրապետականները կորցնելու շատ բան ունեն և մինչև վերջ կդիմադրեն». Արմեն Բաղդասարյան
«Երևանի ավանագանու ընտրությունները կարելի է վստահության մանդատ համարել, բայց իրականում այդ մանդատը մինչ այդ էլ կար, որովհետև ակնհայտ էր, որ ԱԺ-ն իր ներկայացված կազմով բոլորովին չի համապատասխանում քաղաքական իրողություններին»,- այսօր Հոդված 3 ակումբում կազմակերպված «Ե՞րբ և ինչպե՞ս կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրությունները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ Հայստանում ստեղծվել է արտառոց իրավիճակ, որը պետք է հնարավորինս շուտ փոխել՝ ԱԺ-ն համապատասխանեցնելով հասարակական տրամադրություններին և քաղաքական իրողություններին։
«Ակնհայտ է, որ ՀՀԿ-ականները մինչև վերջ կդիմադրեն, որովհետև նոր ԱԺ արտահերթ ընտրություններում նրանք, ամենայն հավանականությամբ, ընդհանրապես չեն լինի խորհրդարանում, կամ մի կերպ կհաղթահարեն շեմը, այսինքն՝ հանրապետականները կորցնելու շատ բան ունեն և կդիմադրեն։ Նույնը՝ Դաշնակցությունը։ Ավագանու ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ՀՅԴ-ն հաջորդ խորհրդարանում չի լինի։ ԲՀԿ-ի պարագան փոքր-ինչ այլ է, որովհետև նա պահպանեց երկրորդ քաղաքական ուժի կարգավիճակը, և գուցե և բանակցությունների արդյունքում ԲՀԿ-ն կհամաձայնի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ «Լույս» դաշինքը եթե դրան դեմ գնա, դա պարզապես քաղաքական ինքնասպանություն կլինի, «Լույս» դաշինքը կողմ կարտահայտվի»,- ընդգծեց վերլուծաբանը։