Միասնական արժույթի թեման և ԿԲ-ի նուրբ ակնարկը

Սեպտեմբերի 15-ին սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ սկիզբ առան՝ կապված ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ ԾՌՐ 24-ին տված մի հարցազրույցի հետ։ Խոսքը վերաբերում էր ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթի ներդրմանը։

Հայաստանյան ԶԼՄ-ները, հղում անելով ԾՌՐ 24-ին, գրեցին, որ Մհեր Գրիգորյանն առաջարկել է հրաժարվել դոլարից և ԵԱՏՄ տարածքում անցնել միասնական արժույթի։ Հնչեցին քննադատություններ և անգամ վիրավորանքներ՝ հատկապես, որ շատերին թվացել էր, թե խոսքը նաև ազգային դրամից հրաժարվելու մասին է։

Փոխվարչապետը ստիպված եղավ պարզաբանում ներկայացնել և «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց, որ «Միր 24» հեռուստաընկերության նյութում ոչ ճշգրիտ են ներկայացրել իր խոսքերը, քանի որ ինքը կոնկրետ արժույթի կամ արտարժույթի, առավել ևս՝ արտարժույթից հրաժարվելու մասին ոչինչ չի ասել։

Թեման դրանով փակվեց, ինչին նպաստեց նաև այն հանգամանքը, որ Երևանի ավագանու նախընտրական եռուն շրջանն էր, և բոլորի ուշադրության կենտրոնում քարոզարշավն էր։ Այժմ, երբ ընտրություններն ավարտված են, չէր խանգարի հետահայաց անդրադառնալ արժութային այդ աղմուկին, որպեսզի մութ կետեր չմնան։

Ուշագրավն այն էր, որ շատերը հաշվի չառան մի կարևոր հանգամանք. Մհեր Գրիգորյանը փորձառու բանկիր է, մինչև պետական պաշտոնի նշանակվելը երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը և լավ ծանոթ է ԿԲ մոտեցումներին։ Նրա պես մարդիկ, որպես կանոն, ուշադիր են իրենց շուրթերից դուրս եկած ցանկացած բառի նկատմամբ և դժվար թե չհամաձայնեցված ու անզգույշ արտահայտություններ անեն։

Աղմուկը, որը բարձրացավ, 2 պատճառ ուներ։ Նախ՝ ԾՌՐ 24-ը (դիտավորյալ, թե ոչ) այնպես էր ներկայացրել նյութը, որ լսարանի մոտ տպավորություն էր ստեղծվել, թե Մհեր Գրիգորյանն առաջարկում է անցնել միասնական արժույթի։ Հաջորդ պատճառն այն էր, որ հայաստանյան լսարանը, չափազանց զգայուն լինելով այս թեմայի նկատմամբ, ուշադիր չէր եղել և չէր նկատել, որ խոսքը ոչ թե ընդհանրապես միասնական արժույթի անցնելու մասին է, այլ ԵԱՏՄ երկրների միջև առևտրի մասին։

Հարցը հնչել է ուղիղ այսպես. «Եվրասիական տնտեսական միության տարածքում միտում կա՝ փոխադարձ հաշվարկներում հրաժարվել դոլարից։ Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ են երկրները պատրաստ ամբողջությամբ անցնել ռուբլով, կամ, ասենք, տենգեով հաշվարկներին»։

Ինչին ի պատասխան՝ ՀՀ փոխվարչապետը պատասխանել է. «Գիտեք, իհարկե, այլընտրանքային և դիվերսիֆիկացված արժութային հաշվարկներ ունենալը շատ լավ է և արդյունավետ: Դա ցանկալի արդյունք է պոտենցիալ միությունների համար: Այդ թվում՝ նաև բավականին դժվար առաջադրանք է, որը պետք է լուծել շատ նրբորեն և մանրամասնորեն: Սա ոչ միայն արժույթի հարցն է, այլ նաև վերաբերում է գործառնական հարցերի:

Սա, վերջիվերջո, Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտին սիմետրիկ աջակցության հարց է: Եվ սա վարչական, կարգավորող և այլ նորմատիվ բազաների ներդաշնակեցման հարց է: Տեսականորեն դա հնարավոր է, գործնականում դա նույնպես հնարավոր է, բայց այդ ուղղությամբ պետք է աշխատել: Եվ, իհարկե, դա դժվար աշխատանք է: Բայց այն իրական է, եթե ուսումնասիրենք: Ես կարծում եմ, ակտիվության տարբեր աստիճաններում ցանկացած տնտեսական միություն, այդ թվում՝ նաև Եվրասիական տնտեսական միությունը, այս աշխատանքը կակտիվացնի:

Դա ակնհայտ է, քանի որ նույնիսկ առանց որևէ միասնական արժութային գոտու, այն ազդեցությունները, որոնք կարելի է ստանալ տնտեսական ինտեգրացիայից, միություններից, ամբողջական չեն, եթե աշխատում են այլ միության կամ այլ երկրի արժույթով: Այդ իմաստով, կարծում եմ` այո, այդ գործընթացը ակնհայտ է, դրա արդիականությունն ակնհայտ է, և գործընթացը կընթանա բավականին ակտիվ կերպով: Համենայնդեպս, ես այդպես եմ կարծում»։

Ինչպես տեսնում եք, Մհեր Գրիգորյանը բավականին հավասարակշռված և դիվանագիտական պատասխան է տվել։ Ավելին, ԵԱՏՄ երկրների միջև ռուբլով առևտրի անցնելը տնտեսապես ձեռնտու է Հայաստանին, քանի որ ապահովագրում է մեզ դոլարի փոխարժեքի տատանման ռիսկերից (օրինակ՝ գազի գնի առումով)։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ նախկին կառավարությունները նույնպես նախկինում փորձել են հասնել ԵԱՏՄ տարածքում փոխադարձ առևտրում դոլարից հրաժարման։

Շատերին կարող է նաև զարմանալի թվացած լինել, որ այս աղմուկին բացարձակապես անմասն մնաց արժույթի գծով ամենակոմպետենտ կառույցը՝ ՀՀ Կենտրոնական բանկը՝ որևէ կերպ չմեկնաբանելով այս խոսակցությունները։ Սակայն ԿԲ-ն միայն առաջին հայացքից էր լուռ։

Մհեր Գրիգորյանի հարցազրույցի հաջորդ իսկ օրը ԿԲ-ն հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում ՀՀ դրամի ներդրման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպվել է բարձր մակարդակի միջազգային համաժողով: Այսինքն, ԿԲ-ն կարևորեց ազգային դրամի ներդրումն ու կայացումը՝ փարատելով այն մտավախությունները, որ Հայաստանը կարող է հրաժարվել ազգային արժույթից։

Իսկ դրանից երկու օր անց ՀՀ Կենտրոնական բանկում գումարվեց ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 17-րդ նիստը: Ինչպես նշվում էր հաղորդագրության մեջ, միջոցառման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի, ԵԱՏՄ ֆինանսական կենտրոնի կարգավորման ազգային մարմնի խնդիրների և լիազորությունների, միության անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակի, իրականացվող դրամավարկային քաղաքականության, արժութային քաղաքականության վերաբերյալ հարցեր: Մասնակիցներին ներկայացվել է ՀՀ դրամական փոխանցումների միասնական համակարգը:

Ինչպես տեսնում եք՝ ԵԱՏՄ տարածքում դոլարից հրաժարվելու և անգամ փոխադարձ առևտրում միասնական արժույթի անցնելու թեմայի մասին խոսք չկա։ Ինչը նշանակում է, որ նման հարց այս պահին օրակարգում չկա։ Համենայն դեպս, սա է ԿԲ-ի մեսիջը։

Տեսանյութեր

Լրահոս