Երևանի ավագանու ընտրություններ. Քաղաքական, թե տնտեսական մրցակցություն
Երևանի ավագանու ընտրությունները քայլ առ քայլ մոտենում են իրենց հանգուցալուծմանը և զուգահեռաբար տեսնում ենք, որ քաղաքական ուժերը որոշակիորեն սրում են իրենց հռետորաբանությունը։ Այդպիսի հռետորաբանության ակնկալիքը էլ ավելի շատ համախոհներ ու համակիրներ ներգրավվելն է սեպտեմբերի 23-ի ընտրությանը ընդառաջ։ Ասվածը հատկապես ակնառու է կապված «Մի քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի դաշտը «սևերի և սպիտակներ» բաժանելու արտահայտության հետ։
Բոլոր հիմնական ուժերը խոսում են քաղաքի տնտեսական խնդիրներից որպես հիմնական թիրախ, մոռանալով կամ չնկատելով, որ քաղաքը նախևառաջ սոցիալական հարաբերությունների միջավայր է և հենց դրանով էլ պայմանավորված է իր քաղաք լինելը։ Այս տրամաբանության լավագույն ցուցիչն է նաև թեկնածուների միջև քաղաքական բանավեճերի բացակայությունը։
Հատկանշական է, որ քարոզարշավի սկզբում բոլոր քիչ թե շատ ազդեցիկ ուժերը ոչ մի կերպ չէին ցանկանում շեշտադրել հնարավոր «սև-սպիտակ» բաժանման հարցը և առավելապես դիրքավորվում էին որպես կառուցողական և կոնսենսուսի պատրաստ ուժեր, որոնց միակ թիրախը Երևանի և երևանցիների տնտեսական բարեկեցությունն էր։ Այսպիսի մարտավարությունը իր հետ բերում էր մի քանի հետաքրքրական լուծումներ՝ հենց քաղաքական ուժերի հռետորաբանության և դիրքավորման առումով։
Եթե խոսում ենք ընտրություններից, պետք է հասկանանք որ դրանք նախևառաջ քաղաքական իրադարձություններ են, որոնք միտված են քաղաքացիներին համոզելու, ներգրավվելու հանրային կյանքում։ Իսկ քաղաքականությունը, եթե վերցնենք դրա լայն հասարակական սահմանումը դա ազդեցության գործընթաց է։ Որպեսզի քաղաքացիները իրենց քվեն տան որոշակի ուժի, պետք է նրանց համոզել որ հենց այդ ուժն է ունակ կյանքի կոչել քաղաքացիների ցանկությունները։ Այսպիսով, ընտրությունները նախևառաջ քաղաքական են՝ ըստ էության, հետո արդեն՝ ըստ իրավական և ֆորմալ սահմանման։ Այստեղ է, որ մտահոգիչ է դառնում ավագանու ընտրության տնտեսական կողմի շեշտադրումը։ Հասկանալի է, որ «Իմ քայլը» դաշինքը ի սկզբանե գտնվելով ավելի նպաստավոր ստարտային պայմաններում մյուս քաղաքական ուժերի համեմատությամբ, առավել մրցունակն է և քաղաքական առումով առավել նպաստավորը։ Իսկ մնացյալ ուժերը չկարողանալով կամ չցանկանալով ուղղակի դիրքավորվել ընդդեմ այդ դաշինքի և կորցնել առանց այդ էլ մշուշոտ անցումային շեմերը, պետք է այլ տարբերակներ գտնեին մրցակցության։ Եվ հենց այդ տարբերակն էր քաղաքական ընտրության «տնտեսականացումը», թեպետ քարոզարշավի կեսին քաոտիկ բնույթ ստացած սրությամբ պայքարը որոշակիորեն տեղափոխվեց քաղաքական հարթություն, սակայն, մնալով միայն հակաքարոզչության մակարդակում։ Իսկ հիմնականում բոլոր ուժերն էլ խոսում են քաղաքի սոցիալ-տնտեսական խնդիրներ մասին՝ սկսած վերելակներից ու աղբահանությունից մինչև էլեկտրական հանրային տրանսպորտ ու սմարթ այգիներ։
Իհարկե, հաշվի առնելով նախորդ քաղաքական ժառանգությունն ու հասարակության կողմից քաղաքականության բացասական ընկալումը, այս ամենը կլինի տրամաբանական։ Բայց, այդ ուժերը խոսելով առաջին ազատ ու արդար ընտրությունների մեծ հավանականության և քաղաքական դաշտի բազմաբևեռացման մասին ի դեմս նոր կուսակցությունների և դեմքերի՝ իրենց գործունեությամբ մերժում են այդ գործընթացին քաղաքական իմաստ տալը։ Մերժում են քաղաքական գործընթացը կոչել քաղաքական, ինչպես նաև տնտեսական տրամաբանությունը ստորադասել քաղաքակաին, դիրքավորումներին, դաշինքներին և իսկական քաղաքական պայքարին։
Այս մտայնությունը հատկապես նոր իրողությունների պայմաններում կարելի է մտահոգիչ համարել, քանի որ առնվազն խոսքային մակարդակում, կամա թե ակամա շարունակվում են նախկինում ընդունելի համարվող հանրային դիսկուրսը, որը մերժում էր քաղաքականությամբ զբաղվելն ու հանդես գալիս ընտրությունները ապաքաղաքականցնելու ջատագովությամբ։ Նախորդ իշխանությունները գիտակցված էին դա անում, որպեսզի պահպանեին իրենց քաղաքական մենաշնորհը և ակտիվ ուժերին ու քաղաքացիներին հեռու պահեին այս գործընթացներից։ Հռետորական հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ շահ ունեն ներկա ուժերը, որոնք ամեն կերպ հրաժարվում են ավագանու ընտրությունները ընդունել որպես քաղաքական գործընթացներ՝ տուրք տալով քաղաքանության «տնտեսականացմանը», փոխարենը դուրս գալու այդ փակ շղթայի անպտուղ տրամաբանությունից։
Գոռ Մադոյան