«Մոտ է այն ժամանակը, երբ Հայաստանի ֆիլհարմոնիկը կհայտնվի շատ լուրջ նվագախմբերի շարքում»
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմակերպած մշակութային իրադարձությունը տևելու է մինչև հոկտեմբերի 25-ը, դրանից հետո նվագախումբը մեկնելու է Բեռլին՝ հյուրախաղերի: ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի աշխատանքային գրաֆիկը պակաս հագեցած չէ. փառատոնից հետո դիրիժորը ևս բազում համերգներ ունի:
«Արմենպրես»-ի #CultTalk հեղինակային նախագծի հյուր մաեստրո Թոփչյանը պատմում է Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի, նվագախմբի առաջիկա ծրագրերի ու ոլորտի խնդիրների մասին
Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկը՝ ինքնատիպ համերգով
Սեպտեմբերի 10-ին փառատոնը մեկնարկեց յուրահատուկ համերգով: Ելույթ ունեցանք ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ: Նրա հետ նվագելը յուրահատուկ է, որովհետև նա իմ ամենասիրելի ջութակահարն է, բայց ոչ նրա համար, որ հայ է: Նա ունի հատկանիշներ, որոնք ոչ ոք չունի:
Չտեսնված ծրագիր էր, ներկայացվեցին Բրամսի Ջութակի կոնցերտը և Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, որի վրա շատ լուրջ աշխատել էինք: Կարծում եմ, որ բավական լավ նվագեցինք, բոլոր երաժիշտները ոգևորված են: Մեզ համար կարևոր է, թե ինչպես ենք նվագում: Դա ավելի կարևոր է, քան դահլիճի արձագանքը, չնայած դահլիճի արձագանքը բուռն էր:
Փառատոնի բացառիկ հյուրերը
Փառատոնի բոլոր համերգներին հանդես կգան հայտնի և բարձրակարգ մենակատարներ: Մեր այս անգամվա փառատոնին, իսկապես, հրավիրել ենք այնպիսի արտիստների, ովքեր շատ լավ են նվագում: Սեպտեմբերի 20-ի համերգին ելույթ կունենան դաշնակահար Վադիմ Խոլոդենկոն (Ռուսաստան), ջութակահար Կլարա-Ջումի Կանը, թավջութակահար Թիմ Փարքը (Գերմանիա): Բոլորը մեծ երաժիշտներ են: Հաջորդ համերգներին նվագախմբի հետ հանդես են գալու աշխարհի թիվ մեկ ֆլեյտահար Էմանուել Պայուն (Շվեյցարիա), թավջութակահար Սթիվեն Իսերլիսը (Մեծ Բրիտանիա), ջութակահար Բորիս Բելկինը (Բելգիա) և այլք: Փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 25-ին Ջ. Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի բեմադրությամբ մեր փայլուն օպերային երգչուհի, սոպրանո Լիանա Հարությունյանի (Ֆրանսիա/Հայաստան) և հանրահայտ տենոր Ջանլուկա Տեռանովայի (Իտալիա) մասնակցությամբ: Կարծում եմ, որ իսկապես արտակարգ փառատոն է ստացվել:
Գերմանական շրջագայություն
Փառատոնից անմիջապես հետո կայանալիք համերգը մեզ համար մեծ կարևորություն ունի: Փիթեր Ունջյանն է ղեկավարելու նվագախումբը (վերջապես կգա Հայաստան), համաշխարհային անուն ունեցող երաժիշտներից մեկն է: Նոյեմբերին նվագախումբը կմեկնի Բեռլին՝ հյուրախաղերի. նոյեմբերի 28-ին հանդես կգանք «Կոնցերտհաուս» սրահում՝ կրկին Սերգեյ Խաչատրյանի հետ:
Անձնական ծրագրեր
Ես բազում հյուրախաղեր ունեմ, նոյեմբերին կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակի կապակցությամբ Լեհաստանում կայանալիք միջոցառումների շրջանակում պետք է ղեկավարեմ նրա 5-րդ սիմֆոնիան: Մոսկվայում համերգ ունեմ, հետո երկու ելույթ Գերմանիայում: Շատ ծրագրեր կան:
Դասական երաժշտության մերօրյա խնդիրներ
Ունկնդիրները քիչ են: Հաճախ հրավիրում ես համաշխարհային մեծության երաժիշտների, որոնց հայաստանյան ունկնդիրը չգիտի, իսկ դահլիճը լեփ-լեցուն չէ: Ես կհամարեմ, որ մենք իսկական ունկնդիր ունենք, երբ բոլոր դասական համերգների ժամանակ դահլիճները լեփ-լեցուն լինեն, բոլոր տոմսերը վաճառվեն: Բոլոր կոլեկտիվները գոյատևելու խնդիր ունեն, իսկական օգնություն կլիներ, որ համերգների տոմսերը վաճառվեին: Առայժմ այս առումով հեղհեղուկ վիճակ է:
…Դասական երաժշտությունը սպորտի պես մասնագիտություն է, երաժիշտները մի քիչ մեծանում են, մատները սկսում են փոքր-ինչ չենթարկվել: Երիտասարդներ են պետք գալիս: Ֆիլհարմոնիկ նվագախումբը պարբերաբար 1-2 նոր երաժիշտներով համալրվում է, լավագույններին գտնելուն պես բերում ենք նվագախումբ, նույնիսկ եթե տեղ չի լինում, փորձում ենք ինչ-որ բան մտածել, լավ երաժիշտ է, հանկարծ չկորցնենք: Հիմա գալարափողահարների, շեփորահարների, տրոմբոնահարների պակաս կա, հսկայական խնդիր ունենք: Ի դեպ, չորս տրոմբոնահարներից երկուսն իսպանացիներ են:
Ֆիլհարմոնիկը՝ հեռուն նայող կոլեկտիվ
Մոտ է այն ժամանակը, երբ Հայաստանի ֆիլհարմոնիկը կհայտնվի շատ լուրջ նվագախմբերի շարքում: Եվ դա մեր երկրի համար հսկայական դիվիդենդ կլինի՝ ինչու չէ, նաև քաղաքական առումով: Հայաստանում հեղափոխություն եղավ, մեր երկրի վարկանիշը բարձրացավ: Պատկերացրեք, որ իրոք համաշխարհային սիմֆոնիկ նվագախումբ, համաշխարհային օպերային թատրոն և այլ բաներ ունենանք, ի՞նչ կլինի:
Նվագախմբի համերգային շրջագայության կազմակերպմամբ զբաղվում է Wright Music Management անգլիական գործակալությունը: Հիմա նվագախումբը շատ լուրջ ճանապարհ է բռնել:
Ռոզա Գրիգորյան