Բաժիններ՝

«Եթե հայտարարել են, թող բարի լինեն կարճ ժամանակում ցույց տան հատուկջոկատայինի անուն-ազգանունը, տեղը, եթե ոչ, ուրեմն՝ մենք կասկածի տակ ենք դնում նախաքննության ձեռք բերած նոր հանգամանքները ևս». Անդրանիկ Քոչարյանը՝ Սասուն Խաչատրյանին

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտնի զրույցի գաղտնաձայնագրման առիթով հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Սասուն Խաչատրյանը հայտարարեց. «2008 թ. մարտի 1-ին սպանված Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքներն առավել քան մշուշոտ են, և այսօր իրենք կարող են հայտարարել, որ վերջինս սպանվել է հատուկջոկատայինների կողմից, ինչը փաստող հստակ ապացույցներ գոյություն ունեն»։

Ըստ ՀՔԾ պետի՝ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի խոսքերն այն մասին, թե արդեն զոհեր կան, հիմնավորվեն, ու արտակարգ դրություն մտցնելու համար հիմք հանդիսանան։

Բնական է, որ ՀՔԾ պետի հայտարարությունների ունկնդրի առաջին արձագանքն այն է, որ նախաքննությունն ավարտված է, գործը՝ թերևս, արդեն դատարանում, ինչը ենթադրում էր, որ կան կոնկրետ մարդիկ ու նրանց առաջադրված հստակ մեղադրանքներ։

ՀՔԾ-ից, սակայն, «168 Ժամի» հետ զրույցում հայտնել էին, որ Տիգրան Աբգարյանի գործն առանձնացված չէ, և այն քննվում է «Մարտի 1»-ի գործի շրջանակներում, որի նախաքննությունը դեռևս ավարտված չէ։

Կարդացեք նաև

Մարտի 1-ի գործն ուսումնասիրող Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերության «Խաղի կանոններ» հաղորդման ժամանակ անդրադառնալով Ս. Խաչատրյանի վերոնշյալ հայտարարությանը՝ ասել է.

«Չեմ ընդունում, որ մամուլի ասուլիսների ժամանակ կարելի է նախաքննական գաղտնիքները դարձնել օգտագործման գործիք, որպեսզի գաղտնալսման թեմայի հնարավոր մեղադրանքները լռեցնել՝ նախաքննության նոր ձեռք բերված ապացույցներն ի հայտ բերելով: Չի կարելի այդպիսի բան անել: Բայց որ Տ. Աբգարյանի մահվան հանգամանքների մեջ կային հիմնավոր կասկածներ, գուցե նախաքննական մարմինը հիմա ձեռք է բերել շատ լուրջ ապացույցներ, որին ես տեղյակ չեմ: Բայց իմ մոտ հարց է առաջանում. Եթե մենք շեշտում ենք՝ «հատուկջոկատային», իմ մոտ հարց է առաջանում՝ կոնկրետ ո՞ր կառույցի հատուկջոկատայիններն են, որովհետև հատուկջոկատայիններ ունեցել են ՊՆ-ն, Ներքին գործերը, ԱԱԾ-ն, այլ հատուկջոկատայիններ, որի մասին հիմա այստեղ չեմ ցանկանում խոսել:

Հիմա եթե բացահայտվել է դա, ես շատ ուրախ եմ, որովհետև Տ. Աբգարյանի մահվան հանգամանքները, սպանությունը շատ մոտ է բացահայտմանը: Բայց եթե դա չկա, մենք այս ասուլիսից հետո կկանգնենք լուրջ հարցականի առաջ, և կասկածներ կլինի, որ մենք հնարավորություն կունենանք գնալու դեպի լուրջ բացահայտում, այն առումով, որ, եթե ասում ենք՝ հատուկջոկատային, և դա իրականություն է, նաև կրակողը, որը հատուկջոկատայինի մեջ է եղել, արդեն տեղեկացված է, որ ինքը բացահայտված է, և անթույլատրելի է այդպիսի տեղեկատվությունն ասուլիսում հնչեցնել:

Բայց դա գուցե այդ էյֆորիկ ազդեցությունների արդյունք էր, և հիմա պետք է այդ էյֆորիկ մասը դնել մի կողմ, ՀՔԾ-ն իր ձեռք բերած նոր ապացույցները պետք է լիարժեք ներկայացնի հանրությանը: Որովհետև սա շատ հուզիչ պահ է. Տ. Աբգարյանի սպանությունը մյուս սպանություններից տարբերվում է, որովհետև նա եղել է Ներքին զորքերի 18 տարեկան զինծառայող, և եթե որևէ մեկը մոտ տարածությունից սպանել է այդ երեխային, նշանակում է՝ ինքը կատարել է այնպիսի հրեշավոր հրաման, և դրա բացահայտումը պարզապես շոկի մեջ կգցի մեր հանրությանը, էլ չեմ ասում՝ ծնողներին:

Այնպես որ՝ եթե հայտարարել են, թող բարի լինեն կարճ ժամանակում ցույց տան հատուկջոկատայինի անուն-ազգանունը, տեղը: Եթե ոչ, ուրեմն՝ մենք կասկածի տակ ենք դնում նախաքննության ձեռք բերած նոր հանգամանքները ևս: Այնպես որ, պետք է լրջանանք, և այդ հարցերը հնչեցնելուց հասկանանք՝ արժե՞ր, թե՞ չարժեր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս