Սասուն Խաչատրյանի աղմկահարույց հայտարարության հետքերով
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտնի զրույցի գաղտնաձայնագրման առիթով հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Սասուն Խաչատրյանը հայտարարեց. «2008 թ. մարտի 1-ին սպանված Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքներն առավել քան մշուշոտ են, և այսօր իրենք կարող են հայտարարել, որ վերջինս սպանվել է հատուկջոկատայինների կողմից, ինչը փաստող հստակ ապացույցներ գոյություն ունեն»։
Ըստ ՀՔԾ պետի՝ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի խոսքերն այն մասին, թե արդեն զոհեր կան, հիմնավորվեն, ու արտակարգ դրություն մտցնելու համար հիմք հանդիսանան։
Հրավիրված ասուլիսի մասնակից Սասուն Խաչատրյանը վստահ էր նաև, որ սա բավական էր, որ իր ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ իսկական որս սկսվեր, և այդ իսկ պատճառով այս տվյալներն իրենք չէին հրապարակում։
Եթե հաշվի չառնենք այն հանգամանքը, որ մենք՝ լրագրողներս, հրատապ կազմակերպված ասուլիսում հավաքվել էինք բոլորովին այլ առիթով, ու հնչեցվածը սոսկ իրողությունից ուշադրությունը շեղելու փորձ կարող էր դիտարկվել, հայտարարությունն իսկապես հնչեղ էր։
Բնական է, որ ՀՔԾ պետի հայտարարությունների ունկնդրի առաջին արձագանքն այն է, որ նախաքննությունն ավարտված է, գործը՝ թերևս, արդեն դատարանում, ինչը ենթադրում էր, որ կան կոնկրետ մարդիկ ու նրանց առաջադրված հստակ մեղադրանքներ։
ՀՔԾ-ից, սակայն, «168 Ժամի» հետ զրույցում հայտնեցին, որ Տիգրան Աբգարյանի գործն առանձնացված չէ, և այն քննվում է «Մարտի 1»-ի գործի շրջանակներում, որի նախաքննությունը դեռևս ավարտված չէ։
Մնում է միայն կռահել, թե ինչո՞ւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լյուդովիկոսյան փառահեղությամբ հայտարարեց, թե Տիգրան Աբգարյանին սպանել են հատուկջոկատայինները։
Որքան էլ որ Սասուն Խաչատրյանը սիրում է կրկնել, թե իրավաբանությունը ճշգրիտ գիտություն չէ, այնուամենայնիվ իրավաբանության մեջ մի բան հստակ է. գոյություն ունի անմեղության կանխավարկածի սահմանադրական սկզբունք, և մարդը մեղավոր է համարվում միայն դատարանի՝ ուժի մեջ մտած օրինական դատավճռով։
Այս համատեքստում, թերևս, նաև հասկանալի է, թե ինչո՞ւ աղմկալի հայտարարության կապակցությամբ Տիգրան Աբգարյանի մայրը զերծ մնաց որևէ մեկնաբանություն անելուց՝ ասելով, որ ցանկություն չունի այդ գործի մասին խոսել։