Կովկասում վսեմ բաժակաճառն ավելի կարևոր է, քան գռեհիկ իրականությունը

Կրկին քաղաքական ու մերձքաղաքական թեմաները հասարակական ուշադրությունը շեղում են տնտեսականից: Այս պարագային, սակայն, հասարակությանը չես մեղադրի: Կատարվածը նույնիսկ անտիուտոպիայի ժանրի գրական ստեղծագործություններում չես հանդիպի: Գաղտնալսել են նրան, ով օրենքի շրջանակներում գաղտնալսելու բացառիկ իրավունքներ ունի:

Մինչ հասարակությունը՝ պարզ սպառողից մինչև հպարտ քաղաքացի ու հեղափոխական, փորձում է կատարվածի որևէ տրամաբանական բացատրություն գտնել, մոտենում է սեպտեմբերի 15-ը: Դա այն վերջնաժամկետն է, որից հետո Վրաստանն արգելելու է ցամաքային ճանապարհով հացահատիկ տեղափոխել Հայաստան: Վրաստանի վարչապետի այցից առաջ այս խնդրի մասին մի քանի անգամ մեր գյուղնախարարները խոսել են:

Բայց ոչինչ հասկանալի չէր: Հետո մեր երկաթգիծը կառավարող (կամ, եթե կուզեք` շահագործող) ռուսական երկաթգծի՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տեղական ղեկավարները հայտարարեցին, որ «Վրացական երկաթուղու» հետ համաձայնության են եկել, որ իրենք 52 տոկոսի չափով կնվազեցնեն հացահատիկի տրանզիտային տեղափոխման սակագինը: Բայց դա բավարա՞ր էր, թե՞ ոչ՝ չգիտեր անգամ հեղափոխության արդյունքում նշանակված մեր նոր գյուղնախարարը: «52 տոկոս նվազումից հետո ցորենի գինը նախկինի համեմատ բա՞րձր կլինի, թե՞ ցածր» հարցին նախարարը պատասխանեց, որ համապատասխան հաշվարկներ դեռ չեն արվել:

Այսօր` այդ հարցուպատասխանից 15 օր անց էլ, պաշտոնապես ոչինչ չի հրապարակվել: Հացահատիկի (հատկապես՝ ցորենի) ոչ արտադրության, ոչ ներմուծման մասին հասկանալի տվյալներ ճշտելը համարյա անհնար գործ է: Տեսեք, պաշտոնապես հայտարարվում է, որ 2015թ. ՀՀ-ում արտադրվել է 362,8 տոննա ցորեն: 2016թ.` 350,4 տոննա: 2017թ. արտադրանքի ծավալը կտրուկ, համարյա կրկնակի կրճատվել է` արտադրվել է 176,4 տոննա:

Կարելի էր ենթադրել, որ այդ կրճատմանը զուգահեռ՝ պետք է աճած լիներ ներմուծումը: Բայց նման եզրահանգումն ակնհայտ հակասության մեջ է պաշտոնական վիճակագրության հետ: 2013թ. ներմուծվել է 143,5 մլն դոլարի հացահատիկ, 2014թ.՝ 123,5, 2015-ին՝ 94,3, իսկ 2016-ին՝ 71,7: Այսինքն՝ պաշտոնապես և՛ արտադրությունն է կրճատվել, և՛ ներմուծումը: Միայն այն փաստը, որ 2013-17թթ. ՀՀ-ում սով չի եղել, հնարավորություն է ընձեռում հասկանալ, որ ոլորտի վիճակագրությունը պակաս արժանահավատ է:

Պաշտոնական լրատվամիջոցներից մեկն օրերս Գյուղնախարարության պատասխանատու աշխատակցի անունից տվյալներ էր հրապարակել, որ այս տարվա բերքահավաքի ընթացքում «կուտակվել է 100-150 000 տոննա բերք, իսկ մինչև սեզոնի վերջ այդ թիվը կանցնի 200 000-ը»: Նկատեցի՞ք՝ ինչ ճշտության հաշվարկ է: Համարյա ոսկերչական` պարզ չէ, թե ում կողմից, բայց արդեն կուտակվել է 100 կամ 150 000 տոննա: Փաստորեն, տվյալների ճշտության գործակիցը 50 տոկոս է: Ասեք, որ կարելի է «Գինեսի գիրք» մտցնել. որպես կառավարման աննախադեպ օրինակ: Աննախադեպ, բայց իրական: Սա դեռ ոչինչ:

Պաշտոնապես հայտարարվում է, որ մեր կառավարության մեկ այլ պաշտոնատար անձ, այդ դեպքում՝ ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարը, այս խնդրով հանդիպել է «Վրացական երկաթուղու» և «Հարավկովկասյան երկաթուղու» տնօրենների (այս մարդիկ էին մեզ 52 տոկոսանոց զեղչ խոստացել) և ներկրմամբ զբաղվող երկու գործարարի հետ: Հանդիպման մասին պաշտոնապես տեղեկացվում ենք, որ երկաթուղիների ղեկավարության պայմանավորվածությա

ն համաձայն՝ մեզ խոստացվել է, որ 52 տոկոսանոց զեղչը վերաբերում է մինչև 150 000 տոննա հացահատիկի փոխադրմանը:

«Ցնծա՛ բյուրվիշապ Հայաստան աշխարհ»:

Այս ու այլ հին ու նոր քաղաքական, ազգային ու ոգևորիչ կոչեր կարելի էր հղել առ տիեզերք: Եթե, իհարկե, նույն պաշտոնական տվյալները (ՊԵԿ հրապարակած) չլինեին: 2016թ. ներմուծվել է 280,3 հազար տոննա, իսկ 2017թ. մոտ

300 000 տոննա ցորեն: Փաստորեն, 52 տոկոս զեղչ մեզ խոստանում են ներմուծման ծավալի կեսի համար: Սրան գումարած՝ ըստ նույն նախարարի՝ տարեկան ներմուծվում է նաև 500 տոննա ցորենի սերմացու: Փաստորեն, այս խմբաքանակի ներմուծման արժեքն էլ առայժմ պարզ չէ: Մինչդեռ ներմուծվող ցորենի գինը հատկապես այս տարի կարևոր է՝ լրացուցիչ ծագած խնդիրների պատճառով:

ՌԴ-ն դադարեցրել է հացահատիկի վաճառքը, որովհետև երաշտի ու մյուս անբարենպաստ պայմանների պատճառով հացահատիկի սպասվող բերքի 20 տոկոսը փչացել է: Ենթադրվում է, որ արտահանման արտոնություն ռուսական իշխանությունները կտան միայն տարվա վերջին, երբ վերջնական կհաշվառեն իրենց բերքն ու սպառման ծավալները: Որպես լրացուցիչ տեղեկություն՝ նշենք, որ հենց վրացական կողմը հայտարարեց սեպտեմբերի 15-ից սահմանափակումներ մտցնելու մասին՝ մեր ներքին մեծածախ շուկայում ալյուրի գինը բարձրացավ (պարկը մոտ 500 դրամով):

Քաղաքական իրավիճակից ելնելով՝ գործարարները գերադասեցին լռել այս մասին: Իսկ ինչ են անում մեր իշխանությունները: Նախ՝ տեղեկացնում են, որ երկրում 200 օրվա սպառման հացահատիկի պաշարներ կան:

Երկրորդ, որ Պարսկաստանի հետ բանակցություններ են տարվում: ՌԴ-ից արտահանման արգելքների երկարաձգման դեպքում մեր հույսը կմնա պարսկական հացահատիկը: Որովհետև այս դեպքում խնդիրը կախված չի լինի «Վրացական երկաթուղուց»: Հատկապես, որ հայ-վրացական հարաբերություններն աննախադեպ բարի ու լավն են մեր մյուս բոլոր արտաքին հարաբերությունների հանգույն: Օրինակ, օրերս Վրաստանի վարչապետն էր ժամանել:

Նրանք մեր վարչապետի հետ հայտարարեցին, որ ուզում են քառապատկել հայ-վրացական ապրանքաշրջանառությունը և հասցնել 1 մլրդ դոլարի: Եթե չլիներ սեպտեմբերի 15-ի սպասումը` մեր ներքին շուկայում ցորենի ինքնարժեքի բարձրացման տխուր հեռանկարով, վարչապետների հնչեցրածը կարելի կլիներ դասել Կովկասում հնչած լավագույն բաժակաճառերի թվին: Իսկ Կովկասում վսեմ բաժակաճառն ավելի կարևոր է, քան գռեհիկ իրականությունը:

Տեսանյութեր

Լրահոս