Կարծես թե «գաղտնալսման» գործող անձանց ավելի շատ հետաքրքրում էր այն, թե ով է կազմակերպել ինֆորմացիայի արտահոսքը դեպի զանգվածային լրատվության միջոցներ». Սերգեյ Մարկեդոնով

ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանում խոշոր քաղաքական սկանդալ է զարգանում: ԶԼՄ-ներ է ընկել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում նրանք քննարկում էին «Քոչարյանի գործը», ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովինն ու նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանինը:

Որոշ լրագրողներ «գաղտնալսման» հետ կապված պատմությունը շտապեցին անվանել Նիկոլ Փաշինյանի նոր կառավարության պատմության առաջին սկանդալը: Դա այնքան էլ այդպես չէ: Նոր իշխանության ճանապարհն արդեն իսկ նշված է և «մարտի 1-ի գործով», և մի շարք հակակոռուպցիոն մերկացումներով ու ձերբակալություններով, և ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների բարդություններով:

Սակայն, եթե քրեական հետապնդումները կարելի կլիներ բացատրել «անցյալի հետ հաշիվները մաքրելու» անհրաժեշտությամբ, իսկ Մոսկվայի հետ գզվռտոցը՝ երկկողմանի հարաբերությունները հավասարազոր փոխգործակցության ձևաչափ փոխադրելու մղմամբ (այդպիսի փորձեր կատարվում էին նաև Փաշինյանի նախորդների կողմից), ապա երկու հայ ուժայինների «երկխոսությունը» մի շարք տհաճ հարցեր է առաջացնում արդեն սեփական նոր կառավարության համար:

Նախ, Վանեցյանի ու Խաչատրյանի խոսակցության մեջ պարունակվում են ոչ երկիմաստ ակնարկներ առ այն, որ քննությունն ու դատական գործընթացը փաստորեն լուրջ «հովանավորության ներքո» է գտնվում գործադիր իշխանության կողմից: Դա խիստ խփում է Փաշինյանի՝ որպես այն քաղաքական գործչի իմիջին, ով հայտարարում էր «հեռախոսային արդարադատության» ու «վարչական ռեսուրսի» դեմ պայքարի մասին: Նույնիսկ եթե նա անձամբ ապացուցի, որ կապ չունի տվյալ պատմության հետ, տհաճ նստվածքը կմնա:

Ավելին, նոր իշխանության առաջին արձագանքը բավականին յուրահատուկ էր: Կարծես թե «գաղտնալսման» գործող անձանց ավելի շատ հետաքրքրում էր այն, թե ով է կազմակերպել ինֆորմացիայի արտահոսքը դեպի զանգվածային լրատվության միջոցներ: Եվ այստեղ մտածելու բան կա: Այստեղից հետևում է երկրորդը: Ակնհայտ է, որ բարձրաստիճան ուժայինների անկեղծությունների՝ «հասարակությանը» ծանոթացման ողջ գործընթացը չէր կարող կազմակերպել սիրողական մակարդակի բլոգերը: Նշանակում է՝ հատուկ ծառայությունների ու քննչական մարմինների շարքերում կան սեփաական ֆրոնդերներ, և նոր իշխանությունն այնքան էլ միասնական չէ, որքան ուզում է: Եվ եթե դա այդպես է, ապա վեր է հառնում էլ ավելի սուր հարց՝ ի՞նչ անել:

Ժողովրդին, իհարկե, կարելի է ուղղակիորեն դիմել՝ «հեղափոխությունը վտանգված է» կոչով: Տվյալ քայլը, չի բացառվում, թույլ կտա մոբիլիզացնել ուժերը հակառակորդին ոչնչացնելու համար: Տակտիկական հաղթանակն ապահովված է: Երևանի ավագանու ընտրությունների նախօրեին դա կարևոր է:

Սակայն ռազմավարական արդյունավետությունը կասկածելի է, քանզի նոր իշխանությունն արդեն իսկ բախվել է պահեստայինների կարճ նստարանի հետ: Ոչ այնքան է հասկանալի, թե ումով փոխարինել «ոչ ճիշտ ուժայիններին» ու բյուրոկրատներին, ինչպես քիչ կորուստներով պրոֆեսիոնալներին բերել պետական կառույցներ»:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը:

Տեսանյութեր

Լրահոս