Ինդոնեզիայում անտառային հրդեհի պատճառով 100 ալպինիստներ ծուղակում են հայտնվել հրաբխի կատարին
Արդեն երրորդ օրն է առնվազն 100 ալպինիստներ Ինդոնեզիայում արգելափակված են մնում Լավու հրաբխի կատարին՝ դրա ստորոտին մոլեգնող անտառային հրդեհի պատճառով: Այդ մասին հայտնել է ANTARA գործակալությունը:
Նրա տվյալներով՝ սեպտեմբերի 9-ին Արեւելյան Ճավայի նահանգում բռնկած հրդեհն արդեն ճարակել է լեռնալանջի անտառի մի մասը եւ ոչնչացրել 25-30 հեկտար հող: Ներկայում դեպի հրաբուխ տանող արահետները փակ են, բայց լեռան գագաթին են գտնվում այն 200 մարդուց բաղկացած խմբի մոտավորապես կեսը, որոնք վերելք էին կատարել կիրակի օրը:
Խմբի մնացած մասը հասցրել է իջնել մինչեւ հրդեհի սկսվելը: Սեպտեմբերի 10-ին ալպինիստներին փրկելու համար հրաբխի շրջան էր ուղարկվել փրկարարներից ու կամավորներից բաղկացած խումբ, սակայն առայժմ չի հաջողվել տարհանել մարդկանց, հաղորդել է ՏԱՍՍ-ը: