«Հայկ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործում բացակայում է որևէ դրդապատճառ, դրա մասին նույնիսկ տուժողն է խոսում». փաստաբան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 10-ին հրապարակելու է սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ալեքսանդր Սարգսյանի որդի Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու հարցով որոշումը: Թեմայի շուրջ զրուցել ենք Հայկ Սարգսյանի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանի հետ

– Պարոն Սարգսյան, դատաքննության ընթացքն ինչպե՞ս եք գնահատում:

– Դատաքննությունը սկսվեց տարրական խայտառակ խախտումներով։ Ըստ էության, եթե նպատակ կար հասնել այդ պահին կալանքի որոշումն անփոփոխ թողնելուն, դա կարելի էր՝ անգամ առանց այդպիսի ապօրինություններ անելու։

– Ի՞նչ ապօրինություններ, օրինակ կնշե՞ք։

Կարդացեք նաև

– Օրինակ՝ եթե դատախազին բացարկ ենք հայտնում, դատավորը մինչև չքննարկի դատախազի բացարկի հարցը, իրավունք չունի որևէ այլ հարց քննարկել, այնինչ՝ բացարկի դեպքում դատարանն ասում է, որ դատախազը կարող է նույնիսկ չմասնակցել դատական նիստին, չի քննարկում բացարկը, թողնում է, որպեսզի խափանման միջոց քննարկի։ Այսինքն՝ ակնհայտ է, որ միակ նպատակը դատարանի կողմից խափանման միջոցն անփոփոխ թողնելն էր։

Դատախազը դատավարության մասնակիցն է, և չի բացառվում, օրինակ, որ օբյեկտիվ դատախազ լինի և ասի՝ կալանավորման կարիք չկա և այլն։ Իսկ դատարանը պետք է կողմերի կարծիքը լսելուց հետո որոշում կայացնի։

Հաջորդ խնդիրը՝ երբ դատավորին ասացինք, որ ինքնաբացարկի ենթակա է, եթե նմանատիպ խախտումներ է թույլ տալիս, ժամանակ տվեք, որպեսզի ինքնաբացարկ հայտնենք, 15 րոպե ժամանակ է տրամադրում, ինչն իրավաբանության հետ չնչին առնչություն ունեցող որևէ մարդ չի կարող ասել, որ դա ողջամիտ ժամանակ է ինքնաբացարկի համար նախապատրաստվելու համար։ Երբ դատական նիստի ձայնագրությունն ուզեցինք, որպեսզի հղում անենք, թե կոնկրետ ինչի համար ենք դատավորին ինքնաբացարկ հայտնում, ասում է՝ ձայներիզը կտան դատական նիստից հետո, այսինքն՝ այդ հնարավորությունն էլ մեզ չտրվեց։

Եվ առանց նույնիսկ ինքնաբացարկի հարցը լուծելու՝ գնում է, որպեսզի կալանքի հարց քննարկի։ Հասարակ տրամաբանություն է՝ եթե գտնում ենք, որ դատարանը կաշկանդված է, կողմնակալ է, դատարանը պետք է այդ հարցը քննարկի՝ ճի՞շտ ենք, թե՞ սխալ։ Եթե դա չի քննարկում, չի կարող այդ հարցը չլուծած դատավորը որոշի՝ դա հետո քննարկել, բայց կալանքի հարցը քննարկել։ Իսկ եթե կալանքն անփոփոխ թողնի, հետո պարզվի, որ ինքնաբացարկի ենթակա էր, ո՞նց է լինելու այդ հարցը։ Այսինքն՝ պարզվելու է, որ ինքնաբացարկի ենթակա դատավորը կալանքի ժամկետ երկարացրեց, կամ կալանքն անփոփոխ թողեց։

Սրանք կոպտագույն խախտումներ էին, որ դատարանը թույլ տվեց և, ըստ էության, կարգապահական վարույթի հիմքեր ստեղծեց ինքն իր համար։ Կամ հաջորդ հարցը՝ պատճեններ են ներկայացվել դատարան, օրենքով սահմանված կարգով պատճենների իսկությունը հաստատված չի, դատարանին ասում ենք՝ ինչպե՞ս պետք է պատճենի հիման վրա որոշում կայացնեք, որի իրավունքն ընդհանրապես չունեք, միջնորդում ենք պահանջել, որ պատճենն օրենքով սահմանված կարգով հաստատվի, դատարանն այդ պահին միջնորդությունը նորից չի քննարկում։ Բայց պետք է պատճենի հիման վրա կալանքի կամ ազատության հա՞րց քննարկի։

Ընդ որում՝ այդ միջնորդությունն անգամ չպետք է ներկայացնեինք։ Երբ գործն ընդունվել էր վարույթ, այդ ժամանակ դատարանն իր նախաձեռնությամբ պետք է պահանջեր, որ պատճենների իսկությունը հաստատվեր սահմանված կարգով, բայց չի արել։ Այսինքն՝ ակնհայտ է, որ դատարանը եկել է ընդամենը 10 րոպեում կալանքի որոշումն անփոփոխ թողնելու որոշում կայացնելու համար, բայց այդ պլանները, ըստ էության, իրականություն չդարձան, որովհետև մենք թույլ չէինք տա, որ նման անօրինական կարգով պրոցեսներն ընթանային։

Եվ այստեղ մի խնդիր կար, թե ես՝ որպես պաշտպան, ինչ էի ուզում դատարանին հասկացնել. եթե թեկուզ քննչական մարմինը, դատախազությունը՝ մեղադրանքի կողմ հանդիսանալով, նման ապօրինություններ էին թույլ տվել, գոնե դատարանը պետք է ցույց տար, որ ինքը զերծ է նման կաշկանդվածություններից, և պետք է արդարադատություն իրականացներ ու օրենքները երաշխավորեր։ Եթե օրենքով սահմանված կարգով կհաստատվեր, որ մեղավորություն կա, թող դատապարտեն և պատիժ նշանակեն։ Բայց եթե չեն կարողանում հիմնավորել և դա ապօրինություններով են ուզում անել, այստեղ արդեն որևէ մեկը չի կարող արդարացնել։ Պետական մարմինը նպատակ ունի ենթադրյալ ապօրինությունն ապօրինությա՞մբ հաստատի։ Ի՞նչ է ստացվում, ուզում են ասել՝ այն ժամանակ դու հանցագործություն ես արել, հիմա ապօրինության միջոցով փորձում ենք ցույց տալ, որ դու հանցագործությո՞ւն ես արել։ Եթե իրենց համար սա նորմալ մեթոդ է, ինձ համար անընդունելի է։

– Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ սպանության փորձով մեղադրանք է առաջադրվել, որովհետև դրանից ավելի մեղմ ցանկացած հոդվածով հանցագործության համար վաղեմության ժամկետները լրացել են, և այդ հիմքով քրեական գործը պետք է կարճվեր։ Կպարզաբանե՞ք սա։ 

– Այդտեղ մի քանի հանգամանք կա, որ աչք է ծակում։ Օրինակ՝ պայմանականորեն ընդունենք, որ իրականում կրակողը Հայկ Սարգսյանն է, նույն գործի տվյալների համաձայն, ըստ տուժողի ցուցմունքի՝ դեմ դիմաց, 1 մ հեռավորությամբ կանգնած մեկ անգամ կրակել է փորին, որից անմիջապես հետո տեղափոխել է հիվանդանոց։ Այսինքն՝ եթե որևէ մեկը որևէ մեկին ուզում է սպանել, չի՞ կարողանում մարմնի այնպիսի հատվածի կրակել, որպեսզի հասնի իր նպատակին, կամ դրանից հետո ի՞նչ կարող է անել, կամ անմիջապես հետո ինչո՞ւ է հիվանդանոց տեղափոխում։ Հանգամանքներն ակնհայտ են, որ այստեղ առնվազն սպանության փորձի մասին խոսք չկա։

Սպանության փորձ կլինի այն դեպքում, երբ կհիմնավորեն, որ հատուկ նպատակով, դիտավորությամբ ուզում էր կյանքից զրկել, միակ նպատակը դա է եղել։ Սա օրենքի պահանջն է, ուղղակի դիտավորություն է պահանջում։ Եթե որևէ մեկը կարծի, որ այստեղ սպանության փորձ կա, ուրեմն կրկին նույն տրամաբանությամբ է ղեկավարվում։ Բայց եթե մտածում են, թե հիմնավորել են, թող որակումը ճիշտ տային, վաղեմության ժամկետ կիրառեին, կպարզվեր, որ քննություն է եղել։ Բայց եթե նման ապօրինությունների միջոցով ուզում են ինչ-որ նպատակի հասնել, սա չի տեղավորվում որևէ սկզբունքի, որևէ տրամաբանության մեջ։

– Այսինքն՝ վստա՞հ եք, որ Հայկ Սարգսյանը սպանության փորձի որևէ դրդապատճառ չի ունեցել։

– Եթե ունեցել է, գոնե քրեական գործով թող ցույց տային։ Քրեական գործում բացակայում է որևէ դրդապատճառ, դրա մասին նույնիսկ տուժողն է խոսում։

– Գրավի կիրառումը մերժվե՞ց։

– Ոչ, չի մերժվել, դատարանը երկուշաբթի օրը կհրապարակի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը, այսինքն՝ կմերժի՞, թե՞ չի մերժի, երկուշաբթի օրը կերևա։

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ որոշում կկայացվի։

– Եթե դատարանը գոնե ցանկանա անօրինականությունները որոշակի առումով վերացնել և օրինականություն հաստատել, միանշանակ պարտավոր է օրենքի բոլոր սկզբունքներից ելնելով՝ այս գործով խափանման միջոց կալանքը վերացնել։ Ընդ որում՝ կալանքի որևէ հիմք բացարձակապես չկա։ Բայց այն խայտառակ ապօրինությունները, որ տեղի ունեցան, դրանց մասին նախկինում իմացել են նաև քննչական մարմինը, դատախազությունը, դա էր պատճառը, որ «Զվարթնոց» օդանավակայանից բերման ենթարկելուց անմիջապես հետո ստորագրություն էին ընտրել չհեռանալու մասին։ Սա էլ է խափանման միջոց կալանքի նման, նույն հիմքերի շրջանակում։

Այսինքն ՝գտել էին, որ հիմք չկա, որ անձը կթաքնվի կամ կխոչընդոտի։ Եվ 7 օրերի ընթացքում Հայկ Սարգսյանն առնվազն 4 անգամ ծանուցագրերով ներկայացել է հարցաքննությունների, առերեսումների, կալանքի դատական նիստին ինքնակամ գնում է, մասնակցում, և, թե կալանքի անհրաժեշտությունն ինչով է պայմանավորված, այստեղ բարցարձակապես որևէ պատճառաբանություն չի կարող լինել՝ բացի կոնկրետ անձանց ցանկություններն ու ուղղորդված քննությունը։

Տեսանյութեր

Լրահոս