Իրանը դուրս կգա միջուկային գործարքից, եթե ԵՄ-ն մինչև նոյեմբերի 4-ը միջոցներ չձեռնարկի դրա պահպանման համար
Եվրոպան պետք է մինչեւ նոյեմբերի 4-ն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի Իրանի հետ միջուկային գործարքը պահպանելու համար: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին:
«Մենք եվրոպացիներին ասել ենք, որ եթե միջուկային գործարքը չհամապատասխանի մեր երկրի հիմնական շահերին, ներառյալ նավթի արտահանման հարցերը եւ բանկային հատվածի գործելը, ապա մենք դուրս կգանք ԳՀՀԾ-ից (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից), Tasnim գործակալությունը մեջբերում է Արագչիի հայտարարությունը։
Նրա խոսքով՝ «եթե Եվրոպան Իրանի շահերը պաշտպանելու անհրաժեշտ միջոցներ չառաջարկի նոյեմբերին ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերականգնումից հետո, ապա միջուկային գործարքին Թեհրանի մասնակցությունը կկորցնի իմաստը»: «Եթե նոյեմբերի 4-ից հետո մենք կարողանանք նավթ արտահանել, ապա Իրանը դուրս չի գա միջուկային գործարքից»,-հայտարարել է Արագչին:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում:
Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:
«Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները: Համաձայնագրի վերանայման դեմ վճռականորեն հանդես են գալիս Ռուսաստանը եւ Չինաստանը: Իրանը պնդում է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները վերանայման ենթակա չեն: ՄԱԳԱՏԷ-ն, որն ստուգում է Թեհրանի կողմից ԳՀՀԾ-ի պայմանների կատարումը, հաստատում Է, որ Իրանի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: