Այդ քաղցր բառը՝ պոպուլիզմ

Պոպուլիզմ՝ ահա այն բառը, որի օգտագործումը որպես քաղաքական սուր հայհոյանք՝ զարմանահրաշ քաղաքական միություններ է բացահայտում և լայնարձակ՝ համաշխարհային ծավալի կոալիցիաներ ստեղծում: «Մասոնական» մի գաղտնաբառ, որն ապահովում է մուտքը ակումբ՝ իմաստունների, վրդովվածների, ինչո՞ւ ոչ, նաև՝ ուրախների և հնարամիտների: Պոպուլիզմը քննադատում են Օբամայի ու Քլինթոնի կողմնակիցներն ԱՄՆ-ում, պոպուլիզմից խորշում են Ֆրանսիայում և Գերմանիայում, պոպուլիզմը հարգի չէ պուտինյան Ռուսաստանում: «Պոպուլիզմ»,-ասում է Ռոբերտ Քոչարյանը, և ռուս լրագրողը միանգամից ընդունում է դեմքի համապատասխան արտահայտություն՝ «այ, այ, այ»:

Ոչ ոք չգիտի` ինչ է պոպուլիզմը, բայց ինչպես տրոցկիզմը Սովետական Միությունում, որի էությունից նույնպես վաղուց ոչ ոք տեղյակ չէր,  պոպուլիզմը կարևոր կոդ է, հիմնարար սահման է, որը նզովելով և որից հրաժարվելով՝ ինչպես չար սատանայից, հավատարիմները հաստատում են իրենց հավատարմությունը, իսկ ընդդիմադիրները շեշտում են իրենց քննադատության «կառուցողականությունը», և որի միջոցով մյուս կողմից անվանվում և սահմանից այն կողմ են տեղադրվում հերձվածողները, ռևիզիոնիստներն և այլ գյավուրները: Ինչպես Գոլդսմիթից Օրուելի 1984-ում «պոպուլիզմից» պետք է խորշելով խորշել և հրաժարվելով հրաժարվել, անկախ նրանից, որ ոչ ոք չի էլ հիշում, թե ո՛վ էր Գոլդսմիթը:

Պոպուլիզմ՝ այդ քաղցր բառը որևէ իմաստ վաղուց չունենալով, կարևոր բացահայտիչ է: Դա բացահայտում է համաշխարհային էլիտաների միասնությունը, և միաժամանակ նույն էլիտաների ներքին բաժանումների պայմանականությունը: Համաշխարհային իշխող էլիտաների բաժանումը «դեմոկրատների» և «ավտորիտարների» թույլ և երկրորդական է «պոպուլիզմի» դեմ նրանց միասնության հանդեպ: Կա մեծ կոնսենսուս, կա «մեծ լիբերալիզմ», որում տեղ կա բոլորին՝ Լոսի «առաջադեմ» արվեստագետներից՝ մինչև հայ «պահպանողականներ»:

Այդ կոնսենսուսի մասն է դեմոկրատիայի նույնացումը խիստ որոշակի ինստիտուցիոնալ կառուցվածքի և կանոնների հետ: Մեկը կարող է այդ կանոններով քիչ թե շատ ազնիվ խաղալ, մյուսը՝ ավել կամ պակաս դաղալություն անել, բայց իրական զանցանքն այս հավատո հանգանակը կասկածի տակ դնելն է՝ դեմոկրատիայի այլ կառուցվածքներ և ձևեր ենթադրելը, ընդհանրապես այլ հասարակարգերի հնարավորության կասկածը: Հավատացյալը կարող է ունենալ ջերմ կամ հակառակը՝ ձևական հավատք, կարող է ունենալ հավատացյալին հարիր կամ հակառակը՝ ոչ հարիր վարքուբարք, բայց այդ ամենը տեղավորվում է միևնույն համակարգի մեջ: Բայց եթե մեկը հռչակում է այլ հավատքի հնարավորություն, կամ ընդհանրապես՝ անհավատություն, սա արդեն իրական զանցանքն է՝ անհամեմատելի մանր դաղալությունների և անպատկառ վարքուբարքի հետ: Սա բոլոր, այդ թվում՝ աշխարհիկ կրոնների հիմնարար կանոններից է:

Կա ընդդիմություն և կա հեղափոխություն: Ամեն մի «ավտորիտար» երկրում կա մի ընդդիմություն, որը քննադատում է տեղական իշխանությանը  «համաշխարհային ճշմարտության» դիրքերից՝ մերկացնելով խաղի կանոնների խախտումը, տեղական դաղալությունները: Ընդդիմությունը ընդդիմադիր է միայն իր սեփական տեղանքում, բայց մինչև վերջին ստորակետը հավատարիմ է համաշխարհային կարգին՝ աշխարհում ամեն բան կարգին է, միայն տեղանքում կան թերություններ: Ավելին՝ ընդդիմությունն իր քննադատության ողջ ուժը, օրինակարգությունը, պաթոսը փոխառում է և հիմնում է հենց աշխարհակարգի՝ «Հռոմեական Կաթոլիկ սուրբ Եկեղեցու» անսխալականության, կատարյալ ճշմարտացիության, անքննելիության դոգմատով: Եթե աշխարհն այդքան լավը չլիներ, տեղանքն էլ այդքան վատը չէր լինի:

Բնականաբար, ընդդիմությունը դառնում է հարմար գործիք աշխարհակարգի համար՝ ճնշումներ գործելու տեղական «ավտորիտար» վերնախավերի վրա՝ նրանց առավել վերահսկելի պահելու համար: «Ավոտրիտար» տեղական վերնախավերը բնավ ապստամբներ չեն աշխարհակարգի դեմ: Ընդունելով խաղի բոլոր հիմնական կանոնները, նրանք տրված սահմանների մեջ փորձում են թեկուզ հանուն միայն անձնական և խմբային շահի՝ բարձացնել սեփական երկրների ինքնիշխանության չափը, կառուցել համեմատաբար կայուն և ամփոփ քաղաքական համակարգեր, և այլն: Դա էլ իր հերթին՝ հնարավոր չէ առանց «դեմոկրատիայի» որոշակի խախտումների, առանց «փոքրիկ» խորամանկությունների, առանց «ճկունության» և «մանևրների», առանց խաղի թույլատրելիի եզրին:

Դրա համար «ավտորիտարները» աջակցում են իրենց երկրներում «պահպանողական», «ազգային» հոսանքներին, որոնք այս կամ այն չափի մեջ, նայած ավտորիտար երկրի ծավալներին, քննադատում են աշխարհակարգը և նրա պարտադրած աշխարհայացքը, նաև տեղական ընդդիմությանը՝ «ավանդական» և «ազգային» դիրքերից: Այս «քննադատությունը» նույնպես խաղի մասն է, այն մնում է մակերեսին, վերահսկելիի սահմաններում և երբեք չի կարող անցնել իրապես լուրջ սահմաններ:

Վճռական պահերին միավորվում են բոլոր հակադիր կողմերը: Վճռական պահը՝ «պոպուլիզմն է»: Ոչ ոք չի սահմանում է, թե ինչ է դա, բայց բոլորը համաձայն են, որ դա շատ վատ է: Վատ է ոչ թե սովորական իմաստով, ինչպես վատ է «ավտորիտարիզմը», այլ վատ է կատարյալ, բացարձակ, վախճանաբանական իմաստով: Իհարկե, մեղադրանքը պետք է ապացուցվի, բայց դա սովորական մեղադրանք չէ. նույնիսկ չապացուցված լինելով՝ նա ստվեր է գցում բարի համբավի վրա:

Ի՞նչ բան է վերջապես այդ չարաբստիկ պոպուլիզմը: Հիմքում լատիներեն «populus»` «ժողովուրդ» բառն է: Այսինքն՝ պոպուիզմ նշանակում է՝ պարզապես ժողովրդականություն: Զարմանալի քաղաքական հայհոյանք է մի դարի համար, որի պաշտոնական դավանանքը ժողովրդավարությունն է: Ինչո՞ւ է «ժողովրդականությունը» ոչ միայն պարզապես վատ բան (ինչը նույնպես զարմանալի կլիներ), այլև առավել պարսավելի, բացասական քաղաքական գնահատականը «ժողովրդավարության» դարում: Ինչպե՞ս կարող է ժողովրդականությունն իրոք այդքան հակադիր լինել ժողովրդավարությանը: Այստեղ մի գաղտնիք պետք է լինի, մի քողարկված դրամա, նույնիսկ ողբերգություն՝ կատակերգության երանգներով:

Մենք այս հարցերի պատասխաններն առայժմ բաց կթողնենք: Պատասխանները գտնելը բարդ չէ, բայց հաճույքը պետք է երկարացնել: Նկատե՞լ եք, ի դեպ, որ աշխարհիս սիրած, փայփայած  արտահայտություններից է «ոչ պոպուլյար ռեֆորմը»: Ոչ միայն հետսովետական տարածքում, այլև Արևմուտքում «ոչ պոպուլյար ռեֆորմը» համարվում է լավ, ճիշտ ռեֆորմի հոմանիշ, մի տեսակ ընդհանրապես ռեֆորմի «բնօրինակ», էտալոն: Տեսականորեն, իհարկե, ռեֆորմները կարող են լինել պոպուլյար և ոչ պոպուլյար, ու կարծես դրանց պոպուլյարությունը չի կարող ուղիղ կապի մեջ լինել դրանց որակի և արդյունավետության հետ: Բայց արի ու տես, որ «պոպուլյար ռեֆորմ» արտահայտությունը դրական իմաստով լսելը նման է Աստծո հրաշքի, իսկ ահա «ոչ պոպուլյար ռեֆորմը» ոչ միայն դրականի հոմանիշ է, այլ նույնպես յուրահատուկ գաղտնաբառ, ակումբի տոմս, լրջության և սոլիդության գրավ: Ինչո՞ւ այդպես հարցը կարող է ունենալ ինչ-որ հիմնավորումներ: Բայց իրականությունն այն է, որ սա ավելի շատ գաղափարախոսություն և աշխարհայացք է, քան որևէ այլ բան:

Երբ երկրի վարչապետը հայտարարում է տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությամբ, որ Հայաստանում փաստացի կառավարման նոր համակարգ է գործում, որ այսուհետ կառավարությունը հաշվետու է Հրապարակին, որ չկա կոալիցիոն կառավարություն, այլ կա ժողովրդի իշխանություն, որ բազմաթիվ հարցեր այսուհետ լուծվելու են հանրաքվեներով, որ նույնիսկ ղարաբաղյան բանակցություններում վերջնական որոշում կընդունվի միայն Հրապարակի հավանությամբ, և այլն, այս ամենը, անշուշտ, «պոպուլիզմ է» և «դեմագոգիա» է (դեմագոգիան, ի դեպ, «դեմոկրատիա» բառի արմատակիցն է, և նշանակում է դեմոսի՝ ժողովրդի, ավելի ստույգ՝ ռամիկների առաջնորդ; հունարեն ἄγειν՝ ագեին բառը ստուգաբանորեն նույնն է հայերեն ածել բայի հետ):

Բայց ի՞նչն է դրա խնդիրը, ինչո՞վ է դա «վատ»: Չէ՞ որ բոլորն ընդունում են, որ իշխանությունը պատկանում է ժողովորդին, որ որոշումներն այսպես թե այնպես ժողովուրդն է իրացնում՝ իր ընտրյալ ներկայացուցիչների միջոցով: Այսինքն՝ նույն Ղարաբաղի հարցը ժողովուրդն է լուծում: Բա ուրիշ ո՞վ պետք է որոշի դեմոկրատական՝ ժողովրդավարական պետությունում: Եթե այդպես է, էլ ո՞րն է սկզբունքային տարբերությունը՝ ժողովուրդը որոշում է մի բան իր ընտրյալ ներկայացուցիչների՞ միջոցով, թե՞ ասենք հանրաքվեով: Ինչու է ներկայացուցչականությունն ավելի լավ անմիջականությունից: Կարծում եմ, սա ճարտասանական (հռետորական) հարց է:

Ի դեպ, խիստ մեր մեջ ասած (մարդու չասեք)՝ Ղարաբաղի հարցը լուծվել է հենց հանրահավաքային շարժման հիմքով: Ղարաբաղի հայկական վերահսկողությունը դիվանագետներն ու փորձագետները չեն ապահովել, այլ հրապարակներում հավաքված ժողովրդի ինքնակազմակերպումը: Առայժմ դա աշխարհին հայտնի Ղարաբաղի հարցի լավագույն և միակ լուծումն է: Այնպես որ, ոչ միայն հանրաքվեներով, այլև հանրահավաքներով, պատկերացրեք, կարելի է հարցեր լուծել:

Կրկնենք՝ ո՞րն է սկզբունքային տարբերությունն իշխանության իրացման ոչ անմիջական՝ ներկայացուցչական և անմիջական ձևերի միջև, եթե այսպես թե այնպես ընդունվում է ժողովրդի գերիշխանությունը: Հասկանալի է, որ կարելի է «շատ բառեր» և «խելոք դեմքեր» ձևաչափով բացատրել տարբերությունը: Բայց շատ բառերը չեն կարող թաքցնել պարզ փաստը՝ չի կարող այդքան սարսափելի լինել հանրաքվեներով հարց լուծելու «պոպուլիստական առաջարկը», եթե սկզբունքն իրոք ժողովրդի իշխանությունն է: Մեր խնդիրը, սակայն, այստեղ այն չէ, թե ինչն է ավելի լավ, իսկ ինչն է ավելի վատ, այլ, այսպես ասած, «կոդերի» բացահայտումը:

Իրական խնդիրը, իհարկե, պարզ է: Սա «ավգուրների ժպիտի» խնդիրն է կամ «թագավորը մերկ է» հեքիաթը: Ավգուրները հին հռոմեական քրմերի դաս էին, որոնք պետական կարևոր հարցերով գուշակություններ էին անում թռչունների թռիչքին հետևելով: Սա ավանդաբար համարվում էր պետական բարձր գործառույթ, դրա համար ավգուրներ էին լինում բարձրաստիճան պաշտոնյաները և լավագույն ընտանիքների որդիները: Հռոմի ծաղկման շրջանում, բնականաբար, ոչ ոք լուրջ չէր հավատում, որ թռչունների թռիչքի դիտարկուների արդյունքներով կարելի է լուրջ պետական հարցեր լուծել: Բայց ավանդույթը պահպանվում էր, և ըստ Կիկերոնի (Քոչարյանի ֆեյքերի լեզվով՝ Ցիցիռոնը), որն ինքն էլ ավգուր էր եղել, քրմերը ծեսն իրացնելիս չէին կարողանում զսպել ժպիտները՝ միմյանց նայելիս:

Ժողովրդի իշխանության նույնացումը ներկայացուցչական համակարգի հետ մեծ հաշվով նույն պայմանականությունն է: Եվ պատկերացրեք նույն Կիկերոնի ժամանակվա ավգուրների զարմանքը, և նույնիսկ զայրույթը, եթե հայտնվեր մեկը, ով պնդեր, որ թռչունների թռիչքներով գուշակությունը՝ պապերից ավանդած հին գիտությունը, պետք է ընդունել ամենայն լրջությամբ, և եթե, օրինակ, արծիվը առավոտ ծեգին ձախից է երևացել, այլ ոչ թե աջից, ապա Լուկուլոսի արշավանքը Հայաստան պետք է դադարեցնել:

Նիկոլ Փաշինյանն ուղնուծուծով քաղաքական մարդ է: Նրա տեսություններով չի դատում, այլ գործում է համաձայն քաղաքական սուր բնազդի: Նա, գիտի, որ էլիտաները նրա դեմ են, և ավելի ու ավելի ընդդիմանալու են: Ընդ որում, ոչ միայն նախկին իշխանավորները, այլև բոլոր մնացածները՝ տարբեր պատճառներով: Նրա միակ հենարանը ժողովրդական բազմությունն է: Եվ նա կատարում է քայլեր՝ սահմաններից դուրս ելնելով հենց գործնական անհրաժեշտությունից: Դրանով նա դառնում է «պոպուլիստ» արդեն ոչ թե այն իմաստով, որ սովորաբար օգտագործվում է ընդդիմադիրների դեմ՝ իշխանությանը քննադատելու հարցում չափազանցությունների համար, այլ ավելի «սարսափելի»՝ իշխանություն ունեցող «պոպուլիստ» իմաստով:

Սա արդեն ոչ թե ընդդիմություն է՝ սեփական երկրի իշխանության դեմ հանդես գալը համաշխարհային ճշմարտության դիրքերից՝ ստրկորեն հավատարիմ մնալով աշխարհակալությանը, այլ հեղափոխություն՝ աշխարհում ճիշտ համարվող խաղի կանոններից դուրս գալ կամ եզրին խաղալ: Այստեղից էլ հանրահավաքային ելույթի ներքին տրամաբանությունը՝ «աշխարհի ոչ մի վերլուծական կենտրոն չի կանխատեսել հայկական հեղափոխությունը», «մենք աշխարհին օրինակ ենք ծառայելու», «Նոր Աթենք» և այլն, որոնք ուղղակի կապի մեջ են և բխում են «պոպուլիստական» օրակարգից: Ոչ թե հեղափոխություն՝ հանուն համաշխարհային ճշմարտության, այլ հեղափոխություն, որն ինքն է աշխարհին բան սովորեցնելու:

Բայց սրանով հետաքրքիր կապ է ստեղծվում Հայաստանի և համաշխարհային «պոպուլիստական» միտման միջև: Ոչինչ տեղի չի ունենում իր ժամանակից դուրս և իր ժամանակի ոգուն հակառակ: Հայկական հեղափոխությունը համընկավ աշխարհում մթնոլորտի փոփոխության հետ: Նույնիսկ աշխարհի թիվ մեկ պետությունում իշխանության է եկել «պոպուլիստը»: Այսինք՝ Ամերիկայի ժողովուրդը «սխալ» ընտրութուն է կատարել: Եթե ճիշտ ընտրություն կատարեր, ընտրյալը կլիներ «դեմոկրատ», բայց սխալ ժողովրդական ընտրությունը «պոպուլիզմ է»: Մեզ ամենևին կարևոր չէ տվյալ դեպքում Թրամփի լավ կամ վատ լինելը, մենք անձերին չենք քննարկում, այլ միտումները և կառուցվածքները:

Անգլիացի ժողովուրդը նույնպես «սխալ» ընտրություն կատարեց Բրեքսիտի ժամանակ: Ֆրանսիացի ժողովուրդը նույնպես «սխալի» եզրին էր, և նրան սխալից փրկեցին միայն ծագմամբ ոչ ֆրանսիացիները, որոնք ապահովեցին ձայների առավելություն «ճիշտ»՝ «դեմոկրատական» թեկնածուին: Եվ այլն, և այլն: Այս դեպքում հայկական հեղափոխությունը, որքան էլ հեռու «պոպուլիզմի» կենտրոններից, դառնում է համաշխարհային միտման մաս:

Ուշագրավ է, որ ահազանգն առաջինը բարձրացրեցին հայ «պահպանողականները»՝ նրանք, ում նախկին իշխանությունը պահում էր աշխարհակարգի հետ իր սակարկություններում՝ որպես «լիբերալիզմի» և «դեմոկրատիայի» քննադատներ: Հայ պահպանողականները շփոթված են ուղիղ ժողովրդավարության հեռանկարից: Ինչո՞ւ: Օրինակ, եթե հարցերը հնարավոր լինի լուծել հանրաքվեներով, ավանդապաշտ հայ հասարակությունը կարող է ինքը որոշել՝ ընդունել, թե ոչ եվրոպական կառույցների հետ համագործակցությամբ պայմանավորված բազմաթիվ օրենքներ:

Սա, անշուշտ, բազմաթիվ խաղի կանոններ է խախտում, և սահմանում է ինքնիշխանության այլ մակարդակ: Բայց սրա ինչի՞ն են դեմ հայ պահպանողականները, որոնք վախեցնում են մեզ հեյերով, բայց որոնք, ի դեմ հանրաքվեների, կարող են ստանալ հրաշալի մեխանիզմ՝ իրանց չուզած բաների դեմ պայքարել: Կամ ինչի՞ պետք է հայ «ազգայանականները», որոնք տարիներով սարսափել են Ղարաբաղյան կարգավորման «հողերը հանձնելու» տարբերակից, անհանգստանան նրանից, որ վերջնական որոշում այս հարցում կարող է ընդունվել հանրահավաքում: Չէ՞ որ պարզ է, որ նման որոշումն ամենայն հավանականությամբ լինելու է «հանձնելուն» դեմ:

Դեմ են այնքանով, որ խաղի կանոնների մեջ տեղավորվող «պահպանողականությունը» կամ «ազգայինը» կոչված է ոչ թե իրապես խոչընդոտելու իր քննադատած երևույթներին, այլ ընդամենը փոքրիկ մանևրի դաշտ ապահովելու «ավտորիտարներին»՝ հանուն ինքնիշխանության չափի բարձրացման՝ իրենց կռվում աշխարհի հզորների դեմ:

Հ.Գ. Հոդվածը սկզբունքորեն անավարտ է, քանի որ անսպառ են թեմայի երանգները: Հուսով եմ միայն, որ կարողացա առաջ բերել արկածի և նոր տարածքներ ճամփորդելու զգացողություն ընթերցողի մեջ: Ուրախ կլինեմ, եթե նյութս ընկալվի ոչ թե՝ որպես այս կամ այն երևույթի գովք, կամ հակառակը՝ փնովում, այլ մտածելու առիթ դառնա, թեկուզ իմ մոտեցումներին ճիշտ հակառակ եզրահանգումներով:

Տեսանյութեր

Լրահոս