Բաժիններ՝

«Պարզվում է՝ Հայաստանում կա նաև ստվերային գյուղատնտեսություն». Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն արդեն 1.5 ամիս է՝ քննարկում է ոռոգման համակարգում ստեղծված իրավիճակը: Ինչպես գործադիրի նիստում այսօր նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քաղաքական դիրքորոշում կար, որպեսզի Սևանա լճից ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չառաջանա:

Նրա խոսքով՝ բուռն քննարկումների արդյունքում ակնհայտ դարձավ, որ կա որոշակի ռեալ ռիսկ, որ կարող է գյուղատնտեսության համար բավականին փակուղային իրավիճակ ստեղծվել, որը կառավարության համար կրկնակի փակուղային է:

«Ոռոգման համակարգում պետք է գնանք լրջագույն լուծումների, այդ թվում՝ կազմակերպչական, որպեսզի հասկանանք, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, ինչպես մամուլում են սիրում շրջանառել, ՀՀ-ում ջրային մաֆիայի գոյությունը: Միանշանակ է, որ այդ ջրային մաֆիան, եթե գոյություն ունի, պետք է շատ արագ կապիտուլյացիայի ենթարկվի»,- ասաց վարչապետը:

Նա տեղեկացրեց, որ կստեղծվի օպերատիվ խումբ, որը կուսումնասիրի իրավիճակը և խնդիրները կկառավարի այնպես, որ, եթե կա գործնական հնարավորություն սեզոնը փակել առանց հավելյալ 40 մլն խմ ջրառի, դա իրականացվի, իսկ եթե պարզվի, որ գյուղատնետսական բերքը ոչնչանում է, ջուրն ապահովվի և գյուղատնտեսական աղետ չլինի:

Ն.Փաշինյանը հարցադրում արեց, որ ներկայացված պահանջարկը չափելի չի, և ամեն ինչ աչքաչափի վրա է, ու սա կատաստրոֆիկ համակարգ է: Վարչապետը դիմեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, որ պետք է կազմակերպչական լուրջ լուծումների գնալ, և հանձնարարեց վերահսկողություն իրականացնել: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանին Ն.Փաշինյանը խնդրեց, որ աշխատանքային խմբին միանան նաև ոստիկանության մասնագիտական խմբերը: Վարչապետը նշեց, որ ի հայտ է եկել տեղեկատվություն, որը պետք է ստուգվի.

«Պարզվում է՝ Հայաստանում կա ոչ միայն ստվերային տնտեսություն, պարզվում է՝ Հայաստանում կա նաև ստվերային գյուղատնտեսություն, այսինքն՝ կան այգիներ, որոնք գրանցված չեն ընդհանրապես»: «Կոնսպիրատիվ այգիներ են: Պատկերացնո՞ւմ եք, սենց ինստիտուտ կա Հայաստանում»,- հավելեց Ն.Փաշինյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս