Թույլատրելիի սահմա՞նը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հետհեղափոխական Հայաստանում շարժ սկսվեց մի շարք կարծրացած եւ լճացած ոլորտներում։ Հայ-ռուսական հարաբերությունները եւս ենթարկվում են «շոկային թերապիայի», թեեւ ապրիլից սկսած շարունակաբար հայտարարվում է, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն չի նախատեսվում։
Այդուհանդերձ, դեռեւս հեղափոխության «փողոցային» փուլի ընթացքում, ռուսաստանցի մի շարք փորձագետներ շտապեցին զուգահեռներ տանել ուկրաինական մայդանի եւ հայկական հեղափոխության միջեւ՝ պնդելով, որ գլխավոր նպատակը «Հայաստանը Ռուսաստանից պոկելն է»։ Ի հեճուկս այդ փորձագետների, պաշտոնական Մոսկվան անսպասելի սառնասրտություն եւ հանդուրժողականություն ցուցաբերեց։ Ապրիլի 23-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշեց, որ հայաստանյան իրադարձությունները Հայաստանի ներքին գործն են։
Նույն օրը ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գրառում կատարեց ֆեյսբուքում, որտեղ նա հայերին մեծագույն ժողովուրդ անվանեց եւ հավաստիացրեց, որ Ռուսաստանը միշտ մեզ հետ է: Հետհեղափոխական շրջանում եւս պաշտոնական Մոսկվայի զսպվածությունը եւ չմիջամտելու քաղաքականությունը ընթանում էր ռուսաստանյան փորձագիտական շրջանակների կողմից հայաստանյան իրադարձությունները «մայդանիզացնելու» փորձերի ֆոնին։
Այդուհանդերձ, Կրեմլը հասկանում էր, որ Հայաստանը, խոշոր հաշվով, այլ տարբերակ չունի եւ շարունակելու է դաշնակից մնալ Ռուսաստանին, իսկ կտրուկ քայլերը պաշտոնական Մոսկվայի կողմից կարող են ավելի շատ վնաս հասցնել այդ դասավորվածությանը, ուստի որոշել էր զերծ մնալ Ուկրաինայի կամ Վրաստանի սցենարները կրկնելուց։
Առավել եւս, որ նոր իշխանությունները բացեիբաց հայտարարում էին հայ-ռուսական եղբայրության մասին։ Սակայն, դրա հետ մեկտեղ, Կրեմլը, ի վերջո, ուշադրություն չէր դարձրել մեկ այլ նոր իրողության վրա՝ նա այլեւս լեգիտիմության միակ կամ գոնե ամենաազդեցիկ աղբյուրը չէ հայկական իշխանությունների համար։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: