«Այն փաստը, որ Քոչարյանը որոշեց ու համարձակվեց ասուլիս անցկացնել, գալիս է նրանից, որ թավշյա հեղափոխություն էր». Ստեփան Գրիգորյան
Հարցազրույց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ
– Պարոն Գրիգորյան, երեկ վերաքննիչ դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին պաշտպանների բողոքը։ Ձեր կարծիքով՝ դա իսկապե՞ս անկախ դատարանի որոշում էր։
– Չգիտեմ, դա դատարանին է պետք հարցնել, թե ինչի հետ է կապված, որ այդ որոշումն ընդունվեց։ Ինձ համար դա նշանակում է, որ դատական մարմինները դեռ կայացած չեն։ Ի՞նչ առումով։ Այս 20 տարի է, իրենք կոշտ գործադիր մարմնի տակ էին, նոր իշխանությունները, արդեն 3 ամիս է՝ հնարավորություն են տվել նրանց ազատ գործելու, և իմ կարծիքով, դեռ իրենք ապակողմնորոշված են, ուղղակի չեն պատկերացնում՝ ինչ անել։ Կարծում եմ՝ նոր պայմաններում ինչ-որ դատավորներ կաշխատեն, ինչ-որ դատավորներ չեն աշխատի։ Ես դա ավելի վերագրում եմ նրան, որ դատարանները «գեր ոչ անկախ» են։ Նոր իշխանությունները չեն ազդում, բայց իրենք սովոր չեն անկախ վիճակում աշխատել, արդար որոշումներ ընդունել։
Դե, հիմա ի՞նչ անենք, դատարան է, այս որոշումն ընդունեց։ Բայց շատ կարևոր է հասկանալ, որ եթե, ի վերջո, ուզում ենք նորմալ երկիր կառուցել, միանշանակ պետք է ունենանք նորմալ դատական համակարգ։ Հիմա բոլորս գիտենք, որ նախկին համակարգը դեռ շարունակում է աշխատել, և այն ունի թերություններ։ Ժամանակ է հարկավոր իրավիճակը փոխելու համար։
– Ազատ արձակվելուց հետո Քոչարյանն ասուլիս հրավիրեց, սակայն մի խումբ քաղաքացիներ ներխուժեցին և տապալեցին ասուլիսը։ Քոչարյանի գրասենյակը սա «այլախոհության բիրտ ճնշում» որակեց, ասացին, թե պետք է կարևոր քաղաքական հայտարարություններ արվեին և տրվեին բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Ձեր կարծիքով՝ սա «այլախոհության բիրտ ճնշո՞ւմ» էր։
– Այն փաստը, որ Քոչարյանը որոշեց ու համարձակվեց ասուլիս անցկացնել, գալիս է նրանից, որ թավշյա հեղափոխություն էր, Նիկոլ Փաշինյանը և՛ իր գործերով, և՛ իր կոչերով հանդուրժող մոտեցում ուներ, բայց հասարակությունը ցույց տվեց, որ ունի սկզբունքային մոտեցումներ։ Գիտենք, այստեղ անձի հարց չի։
Բոլորը հիշում են Քոչարյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը, բոլորը հիշում են այդ կոշտ, բավական դաժան կառավարումը, և մարդիկ չեն ուզում նույնիսկ լսել նրան։ Այլ բան է, որ կարող ենք դեմագոգիա անել, ասել՝ ազատություն է, եկեք խոսենք, և այլն։ Օրինակ՝ հայտնի ՀՀԿ-ական պատգամավորներն ասում են՝ ինչո՞ւ չեք թողնում՝ մարդը կարծիք ասի։ Բայց 20 տարի իրենց իշխանության ժամանակ լսել ենք այդ կարծիքները։ Թող իրենք այսօր խոսեն, թե ինչի հետ է կապված, որ իրենց խմբակցության պատգամավորների մի մասը բաց, ակնհայտ զբաղվում է բիզնեսով, ինչը հակասում է Սահմանադրությանը։ Բազմաթիվ հարցեր կան, թող խոսքի ազատության մասին այդ դեմագոգիայով չխաբեն։
Ավելի անկեղծ կլիներ, եթե իրենք իրենց սխալները ջրի երես բերեին, գոնե ներողություն խնդրեին իրենց սխալների համար, դա ավելի լավ կլիներ, քան հիմա ասում են՝ մեզ հետապնդում են, խոսքի իրավունքը ոտնահարում են։ Նիկոլ Փաշինյանն այսօր էլ դիմում է համերաշխության կոչերով։ Բայց ժողովուրդը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, եկավ ու իր խոսքն ասաց, որ չի ուզում լսել այդ մարդկանց, որոնք դաժան կառավարել են Հայաստանը։
Այո, բարդ պրոցեսներ են, տարբեր գնահատականներ կարելի է տալ, որ քաղաքական ուժը, որը դասական քաղաքական ուժ չի, որի մեջ կան օլիգարխներ, բիզնեսմեններ և այլք, պետք է մաքրի իր շարքերը, հետո գա ուսուցանի մեզ։ Թող խմբակցությունից հեռացնեն բիզնեսմեն պատգամավորներին, թող հանեն քաղաքական իմաստով կասկածելի ծագում ունեցող պատգամավորներին, հետո դասեր տան։ Ես պատրաստ կլինեմ լսել։
– Քոչարյանն իր պաշտոնավարման ժամանակ և անցած 10 տարիներին խուսափում էր ազատ մամուլի հետ շփումներից։ Ինչո՞ւ հանկարծ որոշեց նման ձևով ասուլիս անել, և կանխատեսելի՞ չէր իր համար, որ ժողովուրդն ընդվզում է իր դեմ, ամեն դեպքում սոցիալական ցանցերում տրամադրությունները նախապես արտահայտվում էին։
– Մի խնդիր կա, որ կապված է ոչ միայն Քոչարյանի հետ. մեր նախկին իշխանավորները՝ նախագահ թե վարչապետ, պաշտոնավարման ժամանակ ամբողջությամբ կտրված էին իրականությունից։ Գուցե իրենց շրջապատն էր իրենց կտրում իրականությունից, գուցե մեխանիզմները չէին աշխատում, բայց բոլորն առանց բացառության՝ կտրված էին իրականությունից, ինչը մեր երկրի լրջագույն խնդիրներից էր։
Կրկնեմ՝ խոսքը միայն Ռոբերտ Քոչարյանի մասին չէ: Եվ ես չեմ բացառում, որ այդ պատճառով, ինքը կասկած չուներ, որ իր պաշտոնավարման ժամանակ այդքան էլ վատ չէր։ Ինքը, այո, ուզում էր ելույթ ունենալ, քանի որ կտրված էր, և օգնականները չէին ասում իրականությունը։ Դա դասական բան է։ Նույնը Սերժ Սարգսյանի դեպքում էր, երբ մարդը ամսի 7-ին խորհրդարանում ելույթի ժամանակ ինչ-որ բաներ է ասում, իսկ ամսի 23-ին, ճիշտ է՝ ժողովրդի ճնշումը մեծ էր, բայց ինքը որոշ բաներ հասկացավ և հրաժարական տվեց։ Իշխանավորները կտրված էին իրականությունից, նույնիսկ միջին մակարդակի չինովնիկներն ինչ-որ ժամանակ հետո կտրվում են։ Դա լուրջ խնդիր է։ Եվ եթե այդ մարդն իմանար, որ իր դեմ այդքան բացասական տրամադրվածություն կա, ես համոզված չեմ, որ ինքը դուրս կգար, կասեր՝ չեք ուզում, չեմ խոսի։ Ի վերջո, ի՞նչ խնդիր ունի։ Բայց մարդիկ ստանում են իրեն շրջապատից, օգնականներից աղավաղված ինֆորմացիա՝ և՛ պաշտոնավարման ժամանակ, և՛ հետո։ Ես չգիտեմ՝ ինչպես անել, որ օբյեկտիվ ինֆորմացիան հասնի իրենց։
– Տեսակետ կա, որ Ռ.Քոչարյանը հայտարարելու էր քաղաքականություն իր ակտիվ, հրապարակային վերադարձի մասին։ Ըստ Ձեզ՝ Քոչարյանն ի՞նչ անելիք ունի այսօր քաղաքականության մեջ։
– Չգիտեմ, թող ինքը պատասխանի, թե ինչ էր ուզում ասել, գուցե նոր գաղափարներ ունի։ Բայց այն ելույթը, որ ես լսեցի «Երկիր մեդիայով» այն օրը, երբ իրեն մեղադրանք էր առաջադրվել, ես գաղափարներ չլսեցի, լսեցի մարդու, որ շատ դժգոհ էր կատարված փաստից։ Թե հիմա ի՞նչ ասելիք ուներ, հավանաբար, դեռ կարտահայտի։
Բայց կրկնեմ, դա լուրջ, պետական խնդիր է, երբ նախկին և այսօրվա պաշտոն ունեցող մարդիկ շատ արագ կտրվում են օբյեկտիվ իրականությունից։ Հույս ունեմ, որ նոր կառավարությունում այդ խնդիրը չի լինի։ Պետք չէ կապել անձերի հետ, խնդիրը համատարած է։