«Ռուսաստանը փորձում է Հայաստանի դեպքում չանել այն սխալները, ինչ Վրաստանի և Ուկրաինայի դեպքում». փորձագետ

«Որն է հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված նոր իրավիճակը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում հռետորական հարց ուղղեց վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրներին:

Հիշեցնենք, որ նախօրեին մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կտրուկ հայտարարությունը ՀՀ նոր իշխանությունների քայլերի վերաբերյալ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.

«Սա նոր իրավիճակ է, բոլորս պետք է այդ իրավիճակին ադապտացվենք, այդ թվում՝ Ռուսաստանի մեր գործընկերները, այդ թվում՝ մենք, այնպես որ, ամեն ինչ նորմալ է»:

Հարցին՝ սպասվող հանրահավաքի ու այդ հայտարարության միջև կապ կա՞, նա պատասխանել է, որ հանրահավաքը պայմանավորված է իր պաշտոնավարման100 օրվա հետ։

Նշենք նաև, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, թե Հայաստանի իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին այն մասին, որ իրենց նախորդները քաղաքական հետապնդումների չեն ենթարկվի:

Վրացի քաղաքական վերլուծաբան Սոսո Ցինցաձեն ասաց, որ, անկախ ստեղծված իրավիճակից, երկրում իշխանության փոփոխությունը մի զարգացում է, որին պետք է հարմարվեն ոչ միայն երկրի ներսում` հասարակությունը, նոր և հին իշխանությունները, ողջ քաղաքական դաշտը, այլև այդ երկրի հարևանները, գործընկերներն ու միջազգային կազմակերպությունները: Իրավիճակն այս տեսանկյունից, ըստ նրա, ավելի բարդ է, քանի որ իշխանության է եկել ընդդիմադիր ուժ, որի հետ երկրի ներսում գտնվող ուժերի համար ավելի հեշտ է հարաբերվելը, քան արտաքին ուժերի համար, որոնք ծանոթ չեն նոր իշխանություններին, նրանց քաղաքական հավակնություններին և ցանկություններին:

«Սա իսկապես նոր իրավիճակ է, և ինչպես երևում է, Հայաստանի գործընկերները փորձում են հարմարվել, հասկանալ, թե ինչ է կատարվել Հայաստանում, և ինչ են ցանկանում ՀՀ իշխանությունները: Թեև ՌԴ իշխանությունները ներկայումս շարունակում են իրենց նախկին անհանդուրժող քաղաքականությունը Վրաստանի, Ուկրաինայի հանդեպ, այնուամենայնիվ հասկացել են, որ այս ուղղություններով իրենք շատ սխալներ են թույլ տվել: Հայաստանի պարագայում ՌԴ քաղաքական վերնախավը շատ զգույշ է գործում, ավելի ճկուն դիվանագիտություն է վարում, Ռուսաստանը ցանկանում է Հայաստանի դեպքում չսխալվել, թույլ չտալ այն սխալները, ինչ Վրաստանում և Ուկրաինայում, երբ Վրաստանի և Ուկրաինայի որոշ քայլերին իր կտրուկ արձագանքից Ռուսաստանը կորցրեց Վրաստանին ու Ուկրաինային՝ նույնիսկ որպես գործընկեր երկրներ: Թե ինչ նկատի ունի ՀՀ վարչապետը՝ ասելով՝ նոր իրավիճակ, չեմ կարող ասել, թեև հասկանալի է նաև այն ակնարկը, որ նոր իրավիճակ կա նաև հայ-ռուսական հարաբերություններում, չնայած Հայաստանը մի քանի անգամ հայտարարել է, որ արտաքին քաղաքական հարցերում որևէ փոփոխություն չի պատրաստվում իրականացնել:

Եթե փոփոխություններ տեղի չեն ունենում, ապա ո՞րն է նոր իրավիճակը: ՀՀ նոր իշխանությունները ևս զգուշավորություն պետք է ցուցաբերեն, քանի որ որքան էլ Ռուսաստանի իշխանությունները փորձում են զգույշ լինել, սխալներ չգործել, որևէ երկրի կողմից շարունակական կոշտ հայտարարություններ չեն հանդուրժի:

Դրա ապացույցը Լավրովի վերջին հայտարարությունն էր: Ռուսաստանի իշխանություններն ամեն դեպքում չեն փոխվել, նրանք հարաբերություններում ձգտում են գերտերության և փոքր երկրի հարաբերությունների: Եթե Բելառուսի և Ղազախստանի դեպքում դա այդքան էլ չի հաջողվում, ժամանակ առ ժամանակ խնդիրներ են առաջանում: Եթե հայ-ռուսական ներկայիս հարաբերություններում փոփոխություններ չլինեն և ներկայիս դինամիկան շարունակվի, հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամի փուլ կմտնեն: Բնականաբար, դա վտանգավոր է, ցանկացած երկրի համար է վտանգավոր քաղաքական հարաբերություններում ճգնաժամը, Հայաստանի համար դա ավելի զգայուն հարց է, քանի որ Հայաստանը փակ սահմաններ ունի Թուրքիայի հետ, հակամարտություն Ադրբեջանի հետ:

Ռուսաստանի հետ հարաբերությունները, որքան էլ հայ հասարակության մի հատվածին չեն գոհացրել, շատերի կողմից էլ դիտարկվել են՝ որպես անվտանգության աղբյուր: Բնականաբար, Ռուսաստանն իր շահերն ունի այս տարածաշրջանում, և Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունները Հարավային Կովկասում իր ներկայության ամենակարևոր բաղադրիչն են: Ուստի Ռուսաստանի համար կարևոր է Հայաստանը:

Գուցե հենց այս գիտակցումով են առաջնորդվում ՀՀ նոր իշխանությունները և փորձում են հավասարակշռել Հայաստանի արտաքին հարաբերությունները ժամանակի ընթացքում: Դա ողջունելի կլինի, քանի որ կախվածությունը մեծ է եղել: Բայց դրան պետք է պատրաստ լինել երկրի ներսում և դրսում ցնցումներից խուսափելու համար»,- ասաց Ցինցաձեն:

Նա ընդգծեց, որ դիվանագիտությունը դժվար և նուրբ արվեստ է: «Հենց այդ պատճառով դիվանագետների լեզուն հատուկ է, նրանց հայտարարություններն ուղիղ չեն, այլ տողատակերով են»,- ասաց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս