Բաժիններ՝

«Սանիթեք»-ը 10-օրյա ժամկետում նոր ծրագիր կներկայացնի. ԱԻՆ-ում քննարկել են աղբամաններում հրդեհների բռնկման խնդիրը

Օգոստոսի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ աշխատանքային խորհրդակցություն «Սանիթեք» ՍՊ ընկերությանը պատկանող աղբամանների հաճախակի դարձած հրդեհների և դրանք ոչ ճիշտ տեղակայման վայրերում տեղադրելու հետևանքով քաղաքացիներին պատճառված վնասների հետ կապված խնդիրները լուծելու վերաբերյալ, որը վարեց ԱԻ փոխնախարար Արամ Թանքարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին «Սանիթեք» ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին «Սանիթեք» ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքում տեղադրված աղբամանների և աղբահանության գործընթացի հետ կապված խնդիրները. մասնավորապես՝ աղբամաններում հրդեհների բռնկման դեպքերի կտրուկ աճն ու նմանատիպ հրդեհների վերացման հնարավոր մեխանիզմներն ու ճանապարհները:

ԱԻ փոխնախարար Թանքարյանը նշեց, որ 2015թ.-ից ի վեր, որի ընթացքում եղել է աղբամաններում հրդեհների բռնկման 42 դեպք, աղբամաններում հրդեհների բռնկման կտրուկ աճ է գրանցվել. «2016 թ.-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում գրանցվել է 52 դեպք, 2017-ին՝ արձանագրված դեպքերի քանակը կտրուկ աճել է մինչև 426, իսկ 2018-ի առաջին կիսամյակում արդեն արձանագրել ենք աղբամաններում հրդեհների բռնկման 252 դեպք»,- ներկայացրեց փոխնախարարը:

Շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկելով Երևան քաղաքում աղբահանության և աղբամանների հրդեհային անվտանգության խնդիրները՝ ԱԻ փոխնախարարը շեշտեց, որ պետք է իրականացվի քաղաքում աղբամանների տեղադրման հստակ քարտեզագրում, որում կարտացոլվի նաև համապատասխանությունը հրդեհային անվտանգության և բնապահպանական պահանջներին ու չափանիշներին: Քննարկվեց նաև բնակչության հետ տեղեկատվական և ուսուցողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը, քանի որ աղբամաններում հրդեհների բռնկման հիմնական պատճառներից է անփութությունը, մասնավորապես՝ ծխախոտի մնացորդների նետումը:

«Սանիթեք» ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը, շնորհակալություն հայտնելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանն ու Ոստիկանությանն արագ արձագանքման կազմակերպման համար՝ պատրաստակամություն հայտնեց իրականացնել խնդիրների լուծմանը միտված ծրագրային բարեփոխումներ՝ խոստանալով, որ ընկերությունը տասնօրյա ժամկետում կմշակի և շահագրգիռ գերատեսչությունների աշխատանքային խմբին կներկայացնի բարձրացված խնդիրների լուծմանը միտված ծրագրային փաթեթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս