Հեշտացված օրվա կարգացուցակով ծառայողները վեց ամիսը մեկ փորձաքննության են ենթարկվելու առաջացող խնդիրները լուծելու նպատակով
Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության և անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչությունների կարևոր առաքելությունն է լինելու այն փոփոխությունների դիտարկումը, որոնցով նախկինում տարկետում ստացող զորակոչիկներն այժմ հայտնվում են ծառայության մեջ: Լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ արտահայտեց ՀՀ պաշտպանության նախարարին կից Հասարակական խորհրդի համակարգող Գեղամ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այս իրողությունը պայմանավորված է նաև ապրիլին, կառավարությամբ որոշմամբ, մի քանի հիվանդությունների փորձաքննության չափանիշների մեջ կատարված փոփոխություններով, համաձայն որոնց, եթե նախկինում տրվում էր տարկետում, ապա ներկայում այդ հիվանդություններով տղաները զորակոչվում են բանակ:
«Իհարկե, դա ենթադրում է ծառայության ընթացքում համապատասխան պայմանների ստեղծում, դրա համար այս զինակոչի նորություններից մեկն էլ այն է, որ սահմանվել է ծառայություն՝ հեշտացված օրվա կարգացուցակով: Նրանք պարապմունքների ավելի ցածր ծանրաբեռնվածություն են ունենալու, հանգստի երկար ժամանակ, իհարկե, կարող են ընդգրկվել պահակային ծառայության մեջ, բայց դա չշփոթել դիրքերում ծառայության հետ: Բացի այդ՝ վեց ամիսը մեկ ծառայության ընթացքում փորձաքննություն է իրականացվելու՝ պարզելու նրանց առողջական վիճակում տեղի ունեցած տեղաշարժերը»,- ասաց Գեղամ Հարությունյանը:
ՊՆ պաշտոնյայի դիտարկմամբ՝ գնահատվելու, թե այդ հիվանդությունները կրող զինծառայողները որքանով են հարմարվել ծառայությանը, ինչպիսին է նրանց բարոյահոգեբանական վիճակը: «Եթե բացահայտվեն խնդիրներ, որոնք անհամատեղելի կլինեն այս փոփոխությունների հետ, կարծում եմ՝ պետք է մտածել ինչ-որ փոփոխություններ կատարելու մասին: Բանակը դինամիկ փոփոխությունների մեջ է, այն մշտապես արձագանքում է ժամանակի պահանջներին ու ծառացող խնդիրներին»,-վստահեցրեց Հասարակական խորհրդի համակարգողը:
Գեղամ Հարությունյանը դժվարացավ նշեց, թե հեշտացված օրվա կարգացուցակով քանի նորակոչիկ է զորակոչվել բանակ՝ հույս հայտնելով, որ այդ տվյալները պարզ կդառնան ամառային զորակոչի ավարտից հետո:
Նա նկատեց, որ այս փոփոխությունները հարուցել են մի խումբ ծնողների ու զինակոչիկների բողոքը և Հասարակական խորհրդի ներքո գործող Քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովը ամառային զորակոչի օրերին ստացել է դիմումներ հենց այս առնչությամբ: «Բողոքների մի զգալը մասը հենց այդ փոփոխություններին են վերաբերում. մի մասը բողոքում է, քանի որ չի ընդունում կատարված փոփոխությունները, մյուս մասը՝ իներցիայով։ Հատկապես մարդիկ, ովքեր նախկինում ունեցել են մի քանի տարկետում ու հիմա փոխվել է կարգը, բողոքում են»,-հավելեց պաշտոնյան։
Փոփոխություններ են կատարվել թերքաշության և գերքաշության չափորոշիչներում, մասնավորապես, թերքաշության դեպքում նվազագույն շեմը 45 կգ-ից իջեցվել է 43-ի, գերքաշության դեպքում՝ սահմանային է համարվում 176 սմ հասակ, 130 կգ քաշը, 1 կգ ավելիի դեպքում անձը չի զորակոչվում: Փոփոխություն է կատարվել նաև մեկ լիտր արյան մեջ բիլիռուբինի անցողիկ չափաբաժնի առումով՝ 25 միկրոմոլից այն բարձրացվել է 40-ի: Համաձայն փոփոխությունների՝ բանակ են զորակոչվում նաև գիշերամիզություն ունեցողները։