«Փաշինյանն ընդդիմությունից էր, դրա համար չէին ճանաչում. այս սխալներն այլևս պետք չէ կրկնել». Թևան Պողոսյանը՝ ռուս գործընկերներին
«Ես չլսեցի, թե Ռուսաստանը՝ իր ներկայացուցիչներով, ինչպես են պատկերացնում՝ իրենք ինչ բացթողումներ են արել, կամ ինչպես են տեսնում այն լուծումները, որ այդ բացերն այլևս չկրկնվեն»,- այսօր հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ թեմայով ֆորումի ժամանակ դիմելով ռուս գործընկերներին՝ այս մասին ասաց ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։
Նա նկատեց՝ խոսվում է Հայաստանում ռուսերենի լավ դասավանդման մասին, բայց երբ տեսնում է, թե Ռուսաստանի հայտնի բիզնեսմեններից մեկն ինչպես է խոսում, իր մոտ հարց է առաջանում՝ եթե այդ ռուսերենով կարելի է այդպես հարուստ մարդ դառնալ, ինչի՞ն է պետք լեզուն։ Ըստ նրա՝ խնդիրը հնարավորությունների դաշտի մեջ է։
«Հայաստանն ունի մեծ աշխատանք, եթե ցանկանում է, որ Ռուսաստանում իսկապես մեր խնդիրը հասկանան, ինչպես մեր դաշնակից՝ ամեն ինչով, ուրեմն՝ մենք մեծ քարոզարշավ պետք է անենք՝ փոփոխությունները ներկայացնելու ուղղությամբ։ Մենք Ռուսաստանի մասին պետք է իմանանք և կարծիք կազմենք ոչ թե այն ժամանակ, երբ Շևչենկոն գնում է Ադրբեջան, այլ՝ երբ մեր գործընկերները Ռուսաստանից գալիս են Հայաստան։ Հանրային դիվանագիտության մեջ մյուս կարևոր քայլն այն է, երբ մարդիկ կարողանում են ռիսկ վերցնել, իսկ ռիսկ վերցնում են, երբ կա ձևավորված անկախ քաղաքացիական հասարակություն, որտեղ մտքերը խոսում են արժեքային դաշտում։
Ցավոք, Հայաստանի քաղհասարակությունն ունի խնդիրներ, որ զարգանա, ոչ միայն դոնորներից կախված լինի, բայց նմանատիպ խնդիր կա Ռուսաստանում, որտեղ էլ ավելի շատ կախված են պետական ֆինանսավորումից։ Երրորդ խնդիրն էլ հանրային դիվանագիտության փոխանակման պակասն է։ Մենք պետք է կարողանանք ճիշտ քարտեզագրում անել՝ ով ով է, ինչ ճանապարհ է անցել»,- ասաց նա։
Թևան Պողոսյանը հիշեց, որ, երբ պատգամավոր էր, և ռուս գործընկերներն այցելում էին Հայաստան, հանդիպումներ լինում էին միայն իշխանական թևի հետ.
«Ստացվել էր այնպես, որ, եթե իշխանական ես՝ քեզ հետ կխոսեն, եթե ընդդիմադիր ես՝ քեզ բանի տեղ չեն դնում։ Հետո էլ հարցնում էին՝ Փաշինյանը որտեղի՞ց էր. Փաշինյանն ընդդիմությունից էր, դրա համար չէին ճանաչում։ Այս սխալներն այլևս պետք չէ կրկնել։ Ռուսաստանի և Հայաստանի ընտրովի մարմինները պետք է լինեն բաց, առնվազն Ռուսաստանում չպետք է խնդիր դնեն՝ դու ընդդիմությունի՞ց ես, թե՞ իշխանությունից, դու Հայաստանից ես, Հայաստանն է իմ ռազմավարական գործընկերը, ոչ թե կոնկրետ մի կուսակցություն։ Նույնը պետք է լինի Հայաստանի համար։ Այդ ժամանակ նոր կկարողանանք հանրային դիվանագիտության մեջ արդյունքներ գրանցել»։