Երրորդ գեներալին սպասելիս
Թավշյա հեղափոխության ժամկետները հաստատ համաձայնեցրած չէին Հիդրոմետ ծառայության հետ: «Բա դա անելու բան է՞ր» հարցն առաջին հերթին լրատվամիջոցներին է հետաքրքրում: Այս օրերին բոլոր լրատվամիջոցների ղեկավարները նախորդ տարիներին ճարահատյալ արձակուրդ էին ուղարկում իրենց աշխատակիցներին:
Որովհետև պետական բոլոր կառույցներում սկսված էր լինում «վաստակած» հանգստի` արձակուրդի շրջանը: Աշխատատեղերում ոչ նախարար կար, ոչ պատգամավոր: Նույնիսկ արտախորհրդարանական ուժերն էին մեկնում արձակուրդ: Իսկ հիմա երկրում իրավիճակ է փոխվել: Էս շոգին-կրակին խորհրդարանը նիստ է գումարել: Կառավարության ոչ մի անդամ (նույնիսկ վարչապետը) նոր աշխատատեղում բավարար ստաժ չունի արձակուրդ ձևակերպելու համար: Հետևաբար՝ արձակուրդները չեղյալ են հայտարարված: Գոնե նորանշանակ իշխանավորների ու լրատվամիջոցների համար:
Իսկ նորանշանակները, որպես կանոն, առաջին դեմքեր են: Հետևաբար՝ պետական ապարատի «պատասխանատու» աշխատակիցների զգալի մասը ևս խոհեմաբար արձակուրդ չի գնա: Ինքնապաշտպանության բնազդային զգացումը կստիպի փորձել պահպանել աշխատատեղը: Բայց, որ անտանելի շոգն իր ուղղումներն է մտցնում` ակնհայտ է: Եթե նկատեցիք, անցած շաբաթ թե Ոստիկանությունը, թե ԱԱԾ-ն ավելի համեստ բացահայտումներ հրապարակեցին:
Նրանց աշխատանքի տեմպի անկումն աննկատ չանցավ: Նոր անեկդոտ ծնվեց: Ապարանցին ասում է՝ «Ինչ լավ կլիներ՝ ԱԱԾ-ն մի քանի ժամով մեր տուն գար ու մի քիչ փող գտներ»… Կարճ ասած՝ շոգն իր անմիջական դրոշմն է թողնում մեր անձնական ու հասարակական կյանքի վրա: Երկու գեներալների ձերբակալությունից հետո հասարակությունը երրորդ գեներալին է սպասում: Իսկ լրագրողները, որպես հասարակական պահանջմունքների սպասարկող, վերցնում են իրենց տեսաձայնագրող սարքերն ու շտապում հաջորդ գեներալին գտնելու:
Բայց երրորդ գեներալը` Միհրան Պողոսյանը, խորհրդարանական միջանցքում ինքն է հարցեր ուղղում լրագրողներին: «Ես հրաշալի տեսք ունե՞մ,- հարցնում է նա ու շարունակում,- Ակտիվ մարդը չի մարում»: Շարունակում է ու ավելացնում, որ «օֆշորի գործի» վերաբացվելու դեպքում ինքը պատրաստ է օգնելու նոր իշխանություններին: Հասարակական այս սպասումը Բեքետի վերնագիրն է հիշեցնում: Բոլորը Գոդոյին են սպասում:
Հատկապես` ԱԱԾ-ից: Եվ ԱԱԾ-ն հայտարարում է, որ իրականացված գործողությունների արդյունքում բերման է ենթարկվել Մարտունու զինվորական կոմիսարը: Ափսոս, կոչումը չի նշվում: Չնայած, որ հասարակությանը շոգն առայժմ խանգարում է նկատել, որ խանութներում բոլշևիկյան բառապաշարով ասած՝ «սողացող թունդ հակահեղափոխություն» է սկսվել` պակասում է ապրանքատեսականին: Փոխարենը՝ գեների «հակահեղափոխական սողաճ» է սկսվել:
Բնականաբար` դեպի վեր: Շոգին նման բաներն առժամանակ չնկատելը հեշտ է: Հատկապես, որ ձեթն ու շաքարավազն էժանանում են: Իսկ նախորդ իշխանությունների ժամանակներից է դեռ հայտնի, որ աղքատ մարդիկ մսի թանկանալը չեն նկատում: Նրանք հիմա ձմեռային կոմպոտ-պահածոներ են պատրաստում: Գործընթաց, որի համար հիմնականում շաքար ու ձեթ է պետք:
Մեկ էլ՝ որոշակի գյուղմթերք, որն ամառային այս ամիսներին էժանանալու սովորություն ունի: Սովորություն, որ բոլորովին հաշվի չի առնում հասարակական սպասում-տրամադրությունները: Իսկ ՊԵԿ-ը հաշվի առնում է: Հետևաբար՝ շարունակում է ստուգումները: Ստուգում ու հրապարակում է, որ 6-7 գազալցակայաններում սպառած գազի ծավալները քիչ ցույց տալու պատճառով, միասին վերցրած, բյուջե չեն մուծել 690 մլն 900 հազար դրամ փող: Այս տեղեկատվությունը հավանաբար կմեղմի շոգի աղետալի հետևանքները մեր հասարակական կյանքի վրա:
Բայց հարազատ ու ազգային վիճծառայությունը երկու ամիս շարունակ հրապարակում է տվյալներ տնտեսական ակտիվության աճի ցուցանիշի նվազման մասին: (Ասեք, որ զգլխիչ ձևակերպում է` աճի ցուցանիշի նվազում: Փաստորեն, աճի ցուցանիշ կա, բայց այն նվազում է: Համարյա փիլիսոփայական ձևակերպում է): Սակայն երկրում իրավիճակ է փոխվել:
Հարազատ վիճակագիրները սկսել են նվազում արձանագրել: Մի երկու ամիս էլ նման կերպ վարվեն՝ ահագին բան կփոխվի: Կամ իրենք կփոխվեն: Իսկ մինչ այդ Հիդրոմետ ծառայությունը ոչ մի մխիթարական տեղեկություն չի հրապարակում: Եղանակը մեր հասարակական կյանքի նման թեժ է լինելու: Խոստացված 42 աստիճանը հանաք բան չկարծեք: Եղանակին համահունչ ընթանալու համար ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, ՊԵԿ-ը գերմարդկային` համարյա տիտանական ջանք պիտի ներդնեն: