Մշակութային գործիչները հակադիր տեսակետներ ունեն «Թավշյա հեղափոխությանը» նվիրված ցուցասրահի վերաբերյալ
«Թավշյա հեղափոխության» օրերին անհանդուրժողականության ցույցերի մասնակիցները հաճախ լուսանկարում էին իրենց մաշված կոշիկները, կարգախոսներով վերնաշապիկները, հետագայում արդեն «Դուխով» գլխարկները, դրանց լուսանկարները տեղադրում էին սոցիալական ցանցերում՝ որակելով որպես «թանգարանային նմուշ»: Այս, առաջին հայացքից, զվարճալի ֆլեշմոբը շուտով վերածվելու է ոչ զվարճալի իրականության:
Օրեր առաջ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ Հայաստանի պատմության թանգարանում 5-օրյա ժամկետում կհատկացվի ցուցասրահ՝ նվիրված թավշյա հեղափոխությանը.
«Երկուշաբթի օրը աշխատանքային խումբը կապ կհաստատի թանգարանի տնօրեն պարոն Գրիգորյանի հետ և հնարավորինս սեղմ ժամկետներում կսկսի ցուցասրահը համապատասխան նմուշներով համալրելն ու կահավորելը: Ցուցասրահի պաշտոնական բացման մասին կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նախարարը:
Չնայած մոտ հազար հավանություններին, գրառումը միանաշանակ չի ընդունվել ֆեյսբուքյան օգտատերերի կողմից, որոնց շարքում են գուցե նաև նրանք, որոնք մրցակցում էին՝ ում մաշված կոշիկի ծակն է ավելի մեծ: Օգտատերերից ոմանք դժգոհ էին ընտրված ժամկետից՝ ճիշտ համարելով նման ցուցասրահի բացումն անել հեղափոխությունից 15 տարի անց՝ տեսանելի արդյունքներից հետո: Ոմանց էլ դուր չէր եկել ընտրված վայրը. «Վերնիսաժը ավելի համապատասխան տեղ էր»: Իսկ ոմանք էլ նախաձեռնությունը պարզապես որակել էին որպես հումարային և ցինիկ:
Իսկ թե ինչպիսի վերաբերմունք ունեն գալիք ցուցասրահի վերաբերյալ Հայաստանի մշակութային գործիչները, պարզել է 168.am-ը:
Երգչուհի, երգահան, ճարտարապետ Լիլիթ Պիպոյանը կարծում է, որ նման ցուցահանդես կազմակերպելու համար դեռ շուտ է, «պետք է մի քիչ ժամանակ անցներ, արդյունքներ լինեին, նոր մտածեին նման ցուցասրահի բացման մասին»: Տիկին Պիպոյանին, սակայն, գոհացրել է ինքնին գաղափարը. «Գաղափարը լավն է, կարող է գեղեցիկ ցուցասրահ լինել. գեղեցիկ բաներ էին կատարվում այդ ժամանակ»:
Իսկ թե ինչ կարծիք ունի նախաձեռնությանը վերագրված «ցինիկ» պիտակի վերաբերյալ, տիկին Պիպոյանը համակարծիք չէ. «Ես որպես ցինիզմ չէի որակի, դա երիտասարդական ռոմանտիզմ է: Ուզում են վերականգնել բարձր ոգու վիճակը, որը կարոտում են արդեն»:
Մեզ հետ զրույցում նախաձեռնության վերաբերյալ իրենց կարծիքով են կիսվել նաև ժամանակակից գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը, բանաստեղծ, երգահան, սցենարիստ, բեմադրիչ Էդուարդ Զորիկյանը և կինոռեժիսոր և պրոդյուսեր, «ՍԻՆԵՄԱ» շարժապատկերային արվեստների արդյունաբերական և կրթական կենտրոնի հիմնադիր Հովհաննես Գալստյանը: Վերջիններիս տեսակետը «Թավշյա հեղափոխությանը» նվիրված ցուցասրահ ունենալուն, դրա կազմակերպման համար ընտրված ժամկետների վերաբերյալ ներկայացնում ենք ստորև:
Վահրամ Սահակյան
«Ես կարծում եմ, որ նման նվիրական գաղափարը պետք էր հղանալ և իրագործել ոչ թե 2 օր առաջ, այլ նվազագույնը հեղափոխությունից 20 րոպե հետո։ Եվ ինչո՞ւ դրա համար պետք է ինչ-որ մի բաժին ստեղծել պատմության թանգարանում։ Թավշյա հեղափոխության մասունքները չեն կարող տեղավորվել մեկ բաժնում և իմ խորին համոզմամբ դրա համար նախարարն ուղղակի պետք է Ազգային պատկերասրահի շենքը հատկացնի հեղափոխության թանգարանին։ Եվ դա պիտի լինի հեղափոխության թանգարանի հիմնական մասնաշենքը, մնացած մասնաճյուղեր կարող են համարվել Էրեբունիի թանգարանը, հենց նույն պատմության թանգարանը, ՆՓԱԿ-ը և էլի դրանց նման անիմաստ շինություններ։
Իհարկե, շենքը պետք է ենթարկել կաղապարային փոփոխությունների։ Առաջին հերթին պետք է քանդել երգող շատրվանները և այնտեղ կառուցել ապակե բրգաձև շինություն (ինչպիսին որ կա Լուվրի բակում), որ այնտեղից մարդիկ հազարներով լցվեն ներս։ Եվ ի՞նչ առավելություններ ունի Լուվրը, ասենք այնտեղ կա ինչ-որ հնացած Ջոկոնդա, իսկ մեր Հեղափոխության թանգարանում կարող է լինել այն ռագատկան, ինչով պուճուր ժամանակ խաղացել է մեր հաղափոխության առաջնորդը, չէ՞ որ նա էլ մանուկ է եղել, սիրել սղալ, դահուկներ քշել։ Մի խոսքով, այդ թանգարանը պետք է լինի մեծ ու լուսավոր, այնտեղ պետք է լինեն հատուկ սենյակներ, ասենք սենյակ, որտեղ հավաքված են լավագույն ԴՈՒԽՈՎ գլխարկները… սենյակ, որտեղ ապակե ցուցասրահների մեջ լցված է հեղափոխության ժամանակ դուխով չրթած արևածաղկի սերմերի կճեպները… սենյակ, որտեղից կբուրի «Հեղափոխության ժամանակների ազգի կողմից արձակած քրտինքի հոտը»։ Պետք է ի ցույց հանել ամեն ինչ, ասենք ցուցասրահ-գարաժ, որտեղ ցուցադրված են ամենաակտիվ ազդանշան արձակած ավտոմեքենաները, ընդ որում՝ վարորդների մոմե արձաններով։ Եվ իհարկե, բազմաթիվ մասունքներ, այն ժամանակ դեռ պայքարող վարչապետի վիրակապը, փոխվարչապետի սանրը, կրթության նախարարի ամենօրյա շամպունը և այլն։ Բայց այս ամենը պետք չէ արգելափակել կարմիր ժապավենով, պետք է թողնել ազատ, որ ժողովուրդը մոտենա և համբուրի։ Սրահներին կից կարելի է և ստեղծել «Հետհեղափոխական պայքարի մասունքներ» բաժինը, որտեղ կլինեն մոմե քանդակներ, ասենք գեներալ Մանվելի ձերբակալության պահը, նրա վախեցած արջերը՝ կաղկանձելիս, դուրս բերվող տուշոնկաները և այլն։
Բայց ես խորհուրդ չէի տա, որ նախարարը փորձեր վերափոխել Երևանի փողոցների անվանումները, օրինակ՝ չարժի Մաշտոցի պողոտան կոչել Հպարտության պողոտա, քանի որ դրանից կօգտվեն համասեռամոլները իրենց Gay Proud Pride-ների համար։ Սասունցի Դավթի արձանը թողնում ենք տեղում, որքան էլ որ նախարարը դրա փոխարեն ցանկանա տեղադրել այսօրվա մարտիկներից որևէ մեկի հերոսապատկերը։
Մի խոսքով՝ աշխատանք կա և ես ողջունում եմ դա»։
Էդուարդ Զորիկյան
«Հաշվի առնելով այն, որ Հայաստանն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը, իր գործունեությամբ, այսօր աշխարհի ուշադրության կենտրոնում են, կարծում եմ, որ նման ցուցահանդես բացելու ժամանակը ճիշտ է ընտրված։ Հիմա նրա մասին արժե՞, թե՞ չարժե։ Մենք թավշյա հեղափոխության ընթացքին ու անդրանիկ արդյունքներին, առայժմ, գնահատական չենք տվել։ Գուցե հենց այդ ցուցահանդեսը առիթ հանդիսանա՝ վերհիշելու, վերարժեքավորելու, վերագնահատելու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն անցավ՝ քայլ անելով։ Ես չեմ բացառում, որ այդ ցուցահանդես ավելի շատ զբոսաշրջիկներ կայցելեն, քան որևէ այլ երևանյան ցուցահանդես։ Ես ինքնագնահատական ունենալու կողմնակիցն եմ։ Մենք պիտի հստակ գիտակցենք ով ենք և ինչ ենք արել։ Ուստի ես ողջունում եմ նման ցուցահանդես բացելու գաղափարը»:
Հովհաննես Գալստյան
«Ցանկացած ցուցասրահ, եթե ներկայացնում է մարդու կամ բնության կողմից ստեղծած նյութական կամ հոգևոր արժեքավոր նմուշներ, կարելի է բացել։ Մտահոգիչը տենդենցն է։ Խոսում են նաև «Դուխով» վերնագրով խաղարկային ֆիլմի աշխատանքների մասին։ Եթե սա դառնա աշխատաոճ, կառավարությունը պետք է վերանվանի Մշակույթի նախարարությունը՝ Պրոպագանդայի նախարարության։ «Թավշյա հեղափոխության» նմուշներով ցուցասրահը կարող է բացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Մերժիր Սերժին» շարժումը, ցանկացած այլ միավորում, կամ անհատ՝ իր սեփական միջոցներով։ Ու ոչ՝ Պատմության թանգարանում, այլ օրինակ՝ ՆՓԱԿ-ում կամ նկարիչների միության սրահներում։ Որովհետև պատմությունը գիտություն է, պատմական ընթացքն ընկալելու, անցյալի իրադարձությունների մասին կարծիքներ կազմելու համար, իսկ «Թավշյա հեղափոխությունը» ներկա է։
Նույնը «Դուխով» ֆիլմը, որը կարող է լինել բացառապես մասնավոր նախաձեռնություն։ Իշխանությունը սնվում է ՀՀ բոլոր քաղաքացիների հարկերից, որոնք կարող են և չկիսել իշխանության, օրինակ՝ բարձր մշակույթի ընկալումները։ Մշակույթի նախարարությունն էլ այն կառույցն է, որ պետք է կոնսոլիդացնի հասարակությունը՝ բարձր հոգևոր, ազգային արժեքների ստեղծմանը և տարածմանը նպաստելու միջոցով։ Դա է իր առաքելությունը, ոչ թե հատվածական շահի պրոպագանդան»։
Անի Գաբուզյան