Միքայել Հարությունյանին բացարձակ պետք չէր Մարտի 1-ին խառնվել». Փաստահավաք խմբի անդամ
Մարտի 1-ի գործով նոր և աղմկոտ զարգացումը՝ ՀՔԾ-ի կողմից այն ժամանակ ՀՀ նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանին առայժմ որպես վկա հարցաքննության հրավիրելը, պատճառ դարձավ, որպեսզի նոր հայտարարություններով հանդես գա Ռ. Քոչարյանը: Նա հայտարարել է, թե իր ջանքերով է կանխվել բանակի՝ քաղաքական գործընթացներում ներգրավվելը, իսկ ՊՆ նախարարի, այսպես կոչված, գաղտնի՝ 0038 հրամանը (այդ հրամանով Երևանի կայազորում կոնկրետ կառույց է ստեղծվել, որի միջոցով էլ ապահովվել են բանակի գործողությունները.) զուտ «ներքին փաստաթուղթ» է, ձեռնարկած գործողությունները գտնվել են ՊՆ իրավասության տիրույթում, պաշտպանության նախարարի որոշումները նախագահի կողմից հաստատում չէին պահանջում, և զորանոցային վիճակի անցումը մարտական ստորաբաժանումների մարտունակության ամրապնդման նպատակով` բանակի համար սովորական մի բան է:
Իսկ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մեղադրանքներ հնչեցրեց Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի հասցեին՝ ասելով, թե այն ուղղորդվել է ոչ թե Սահմանադրությամբ, այլ՝ քաղաքական հստակ նպատակներով, իսկ Ռ. Քոչարյանի բոլոր որոշումները եղել են օրենքների և Սահմանադրության շրջանակներում:
Այս զարգացումների շուրջ զրուցել ենք փաստաբան, Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող լուծարված Փաստահավաք խմբում «Ժառանգությունը» ներկայացրած անդամ Սեդա Սաֆարյանի հետ
– Տիկին Սաֆարյան, Ռոբերտ Քոչարյանն ու Վիկտոր Սողոմոնյանը հերքում են, որ Մարտի 1-ին բանակն օգտագործվել է քաղաքական նպատակով, իսկ վերջինս մեղադրել է, թե Փաստահավաք խումբը բաց է թողնում Սահմանադրության այն դրույթները, որոնք բացարձակապես օրինականություն են հաղորդում Ռոբերտ Քոչարյանի գործողություններին։ Կա՞ նման «բացթողնված» դրույթ:
– Ռոբերտ Քոչարյանի և իր աշխատակազմի հայտարարությունները մի տեսակ բամբասանքի բնույթ են կրում, որովհետև երբ Ռ. Քոչարյանի աշխատողին հրավիրում են «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարին և ուզում են իր կարծիքն իմանալ, նա հրաժարվում է գալ, բայց, չգիտես ինչու, մեր ցանկացած հարցազրույցից հետո ինքն ինքնուրույն հարցազրույցներ է տալիս: Եթե բաց ենք թողնում ինչ-որ դրույթներ, թող իրենք ասեն, թե որ հոդվածներն են, որ թույլ են տալիս զորքը քաղաքական կյանքում օգտագործել: Իսկ զորքը ներքաղաքական կյանքում օգտագործվել է: Երևի Վիկտոր Սողոմոնյանը չգիտի, որ մենք շատ ավելին գիտենք, քան իրեն թվում է: Դա այդպես է բնորոշվում, որովհետև Փաստահավաք խմբում բազմաթիվ զինվորականներ եկել, մեր վրա մուննաթ են եկել և ասել են՝ «ի՞նչ է, ուզում էիք՝ հեղաշրջում լիներ, և Լևոն Տեր-Պետրոսյանը գա՞ր, տիկին»:
Այսինքն՝ իրենք չեն էլ թաքցրել ենթատեքստը, որի համար զորքը եկել և ներքաղաքական կյանքին խառնվել է: Դա իշխանափոխության մտավախությունն է եղել, դա իշխանությունն անպայման իրենց ձեռքին պահելու մտավախությունն է եղել: Եվ այսօր խոսել այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանն իրավունք է ունեցել զորքը տանել և օգտագործել ներքաղաքական կյանքում, դա անկարելի է: Միայն մի կետ կա, որ Ռ. Քոչարյանին պաշտպանում է՝ նա հանդիսացել է գերագույն գլխավոր հրամանատարը և Սահմանադրությամբ իրավունք ուներ որոշակի գործողություններ անել ու զորքի տեղաշարժով զբաղվել: Միայն այս տեսանկյունից է, որ Ռ. Քոչարյանի դիրքերն ուժեղ են, բայց որ Մարտի 1 է տեղի ունեցել և Մարտի 1-ում զորք է օգտագործվել, դա բացարձակապես Սահմանադրության որևէ նորմի մեջ չի տեղավորվում: Եթե ինքը կարող է, թող վերլուծի, ասի՝ այս-այս նորմերը թույլ են տալիս նախագահին զորքն օգտագործել: Ես Վ. Սողոմոնյանին ասելու բան չունեմ, մի տեսակ բամբասանքի հոտ է փչում նրանց հայտարարություններից:
– Նրանք հայտարարում են, թե 0038 հրամանը ՊՆ ներքին հրաման է, և Քոչարյանը որևէ կապ չի ունեցել դրա հետ:
– Չի կարող այդպիսի բան պատահել: Այդտեղ թող հղում անեն Սահմանադրության այն նորմին, որ առանց ՀՀ նախագահի հնարավոր է ՀՀ-ում զորք տեղաշարժել: Եվ ընդհանրապես այն, ինչ փետրվարի 23-ից հետո տեղի է ունեցել, խոսում է այն մասին, որ ինքն ամեն ինչից տեղյակ է եղել: Ես մնում եմ այն կարծիքին, որ սա ոչ թե այն ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն է արել, այլ Ռ. Քոչարյանն է ցուցում տվել, որովհետև Մ. Հարությունյանին բացարձակ պետք չէր Մարտի 1-ին խառնվել: Ավելին, Մ. Հարությունյանը եղել է Վրաստանում, և նրան կանչել են այնտեղից: Այս կարգի մեկնաբանությունները որևէ մեկին չեն կարող հավատ ներշնչել:
Ուղղակի ես հասկանում եմ, որ Ռ. Քոչարյանը փորձում է իր կողմից նախկինում հպարտաբար հայտարարած սպառնալիքների տակից այլ եղանակով դուրս գալ, որովհետև նրան հրավիրել են ՀՔԾ հարցաքննության: Եթե նա ունի ինչ-որ բաներ, որոնք հակադրվում են մեր հայտնած տեսակետներին, թող գնա հարցաքննվի: Ի՞նչն է պատճառը, որ այսքան ժամանակ չի հարցաքննվել: Ոչ թե մամուլով դա պետք է ասի, այլ գնա հարցաքննության և իր շահերը պաշտպանի:
– Ռ. Քոչարյանը նշել է, թե, «որքանով իրեն հայտնի է, բանակային ստորաբաժանումները Մարտի 1-ին զենք չեն կիրառել և չեն բախվել ցուցարարներին»: Եթե բանակը ներգրավվել է քաղաքական գործընթացներում, ի՞նչ էական է՝ զենք կիրառե՞լ են, բախվե՞լ են ցուցարարներին, թե՞ ոչ:
– Չեմ կարծում, որ դա նշանակություն ունի, իհա՛րկե չունի: Բանակը եկել և Օպերայի բակում կանգնել է դեռևս կեսօրին: Կարո՞ղ է բացատրել, թե ինչպես եղավ, որ սկսեցին մեկնաբանել, թե արտակարգ իրավիճակից հետո սկսվեց ռազմական ուժերի օգտագործումը, այն էլ՝ երկրի անվտանգության, հանրության շահերի պաշտպանության և նման հետաքրքիր մեկնաբանություններով: Ես կարծում եմ, որ զորքի ինքնին մասնակցությունը քաղաքական կյանքին նախ՝ հզորացրել է այն ուժերին, որոնք բուն այդ օրը գործել են ժողովրդի դեմ, էլ չեմ ասում այն, թե որտեղի՞ց Ռ. Քոչարյանին հայտնի դարձավ, որ ռազմական գործողություններին չեն մասնակցել, որտեղի՞ց հայտնի դարձավ, որ չեն կրակել, և այլն: Ես ո՛չ կարող եմ հաստատել, ո՛չ հերքել, որովհետև մեր աշխատանքը բավականին կիսատ մնաց, և չեմ կարող ասել՝ հրաձգությանը մասնակցե՞լ են, թե՞ ոչ, որևէ մեկի մահն արդյոք կապ ունե՞ր զինվորականների կիրառած հրազենային կրակոցի հետ, թե՞ ոչ: Դա քննությունը կպարզի, Ռ. Քոչարյանն էլ թող ակտիվ մասնակցի՝ որպես ՀՀ նախկին նախագահ: Պետք չէ մամուլի խոսնակներով, մամուլի միջոցով խոսել: Իրավասու մարմինը քննություն է տանում, ավելի լավ է գնան և այնտեղ իրենց ասելիքն ասեն:
Հանրությանն այսօր այդ բոլոր ասածներն ավելի շատ վրդովվեցնում են, քան ինչ-որ բան են տալիս: Հանրությանը նաև վրդովվեցնում է, որ այդքանն անելուց հետո դեռ շարունակում են փորձել Սահմանադրությունն իրենց շահերին համահունչ մեկնաբանել: Սա շատ ցավալի իրավիճակ է: Եթե անգամ իրենք իրենց սահմանադրորեն ինչ-որ ձևով ամրագրել են, ինչ-որ օրենքներ են իրենց համար հորինել, որ հետո օգտագործեն կամ իրենց անձեռնմխելիության վերաբերյալ հայտարարություններ անեն, սա ոչնչի մասին չի խոսում: Սա այն բեսպրեդելն է, որ տարիներ շարունակ գործել է և ժողովրդին պահել սարսափի մեջ:
– Վիկտոր Սողոմոնյանը Ձեզ մեղադրել է նաև Ձեր հայտարարության համար, որ Ձեզ «ՀՔԾ–ում ցույց են տվել դեպի Քոչարյան տանող ճանապարհը», և ասել է, որ դա օբյեկտիվ և ապաքաղաքականացված չէ:
– Դեպի Քոչարյան տանող ճանապարհը մենք ենք մեր Փաստահավաք խմբի զեկույցում ցույց տվել: Մենք հերթականությամբ նաև շարադրել ենք բոլոր այն իրավական փաստաթղթերը, որոնք օրինականության վերաբերյալ բավականին նշումներով են, այսինքն, որ Սահմանադրությունը, պաշտպանության մասին օրենքն արգելում են բանակի գործածումը կոնկրետ այն հանգամանքներում, ինչ հանգամանքներում Մարտի 1-ին կիրառվել է, և շարադրել ենք այն բոլոր փաստերը, որոնք մեր ձեռքի տակ եղել են, այդ թվում՝ փետրվարի 23-ից հետո քաղաքական զարգացումները, զուգահեռ զարգացումները, մի կողմից՝ իշխանությունների գործելաոճը, մյուս կողմից՝ փողոցում ընդդիմադիր ուժերի ներկայացրած պահանջները:
Եվ այս ամբողջ փաստերի շարադրանքից գտել ենք, փաստել ենք, հաստատել ենք, արձանագրել ենք, որ, այո՛, Ռոբերտ Քոչարյանը և՛ իմացել է, և՛ պարտավոր էր իմանալ, և՛ ոչ միայն իմացել է, այլև ուսանողների հետ հանդիպման ժամանակ բավականին սպառնալից արտահայտություններ է արել, և այլն: Այս բոլոր փաստերը մենք արձանագրել ենք: Եվ Փաստահավաք խմբի զեկույցները դարձել են քննության առարկա: Ինչի՞ց է զարմանում պարոն Քոչարյանը:
Դրանք 2008-2009 թթ. նույնպես պետք է դառնային քննության առարկա, և Փաստահավաք խմբի ստեղծման նպատակը հենց դա էր, որ փաստեր հավաքենք և տրամադրենք նախաքննական մարմնին կամ հանձնաժողովին: Հիմա մենք դա արել ենք, որևէ մեկը որևէ մեկին չի ուղղորդում: ՀՔԾ-ն ինքնուրույն մարմին է և կարող է վերհանել, մեր հետ որոշակի քննարկումներ կատարել որոշակի փաստերի հետ կապված: Ընդամենը դա, բայց որպես իրավասու մարմին՝ անկախ է, և մեր խոսքը չի կարող 100%-անոց վճռորոշ լինել անձանց մեղադրանք առաջադրելու հարցում, այսինքն՝ մենք չենք ուղղորդում որևէ մեկին:
– Ձեր կարծիքով՝ անհրաժեշտություն կա՞, որ Փաստահավաք խումբը կրկին կազմավորվի և շարունակի աշխատանքները:
– Անկեղծ ասած՝ կախված է նրանից, թե ՀՔԾ-ն ի վիճակի կլինի՞ այդ ծավալի աշխատանքն ապահովել՝ որպես վարույթն իրականացնող մարմին: Ինչ-որ բան իրականում սկսվել է, բայց քանի քննությունը գաղտնի է, և այդ գաղտնի ռեժիմի պայմաններում մենք չգիտենք, թե ինչ խորության աշխատանք է տարվում, և ներկա պահին ինչպիսին են քննության սահմանները, գուցե և պետք է Փաստահավաք խմբի վերաստեղծումը՝ այդ աշխատանքը հեշտացնելու նպատակով:
Բայց եթե վարույթն իրականացնող մարմինը կարողանա ձերբազատվել կողմնակի գործոններից, ազդեցությունից, իհարկե, ցանկալի կլինի, որ այդ մարմինն ավարտի այս ամբողջ պատմությունը և կարողանա արարքներին քրեաիրավական գնահատական տալ: Ես գտնում եմ, որ քրեական դատավարության խնդիրներն իրավասու մարմնի կողմից պետք է իրականացվեն: Ես նաև կողմ եմ Փաստահավաք խումբը կրկին վերաստեղծելու գաղափարին, բայց դեմ չեմ, որ քննությունը տարվի անկախ մարմին: