«Բրյուսելում Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը կարող է ունենալ երկու թեմա». Գերմանացի քաղաքագետ
«Ռուսաստանը, հրաժարվելով բանակցային գործընթացում կենտրոնական դերակատարությունից, այս փուլում, երբ իրավիճակը լարված է, արևմտյան համանախագահների հետ փորձելու է ներկայիս լարված իրավիճակը մեղմելու ելքեր գտնել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով Բրյուսելում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման հնարավոր արդյունքներին:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հուլիսի 11-ին Բրյուսելում կկայանա Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Ադրբեջանցի նախարարը նշել էր, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ հակամարտության կարգավորումը տարածաշրջանային համագործակցության հնարավորություններ կստեղծի, ինչի կարիքն ամենաշատը Հայաստանն ունի, և տարածաշրջանում կայուն խաղաղություն կապահովի: Նա ասել է, որ «ուշադրությամբ և զսպվածությամբ» հետևելով Հայաստանի քաղաքական գործընթացներին, ադրբեջանական կողմը հայտարարել է.
«Եթե Հայաստանում իշխանության եկած նոր ուժերը ողջամիտ քաղաքականություն վարեն, ապա հակամարտության կարգավորման գործընթացում կարելի է առաջընթացի հասնել: Եթե նրանք ևս գնան Սարգսյանի ռեժիմի ճանապարհով, ապա նրանց սպասում է նույն ճակատագիրը»,- ընդգծել էր Մամեդյարովը՝ կրկին պնդելով, որ հակամարտության կարգավորման գործընթացի առաջընթացի համար հայկական զորքերը պետք է դուրս բերվեն «օկուպացված տարածքներից»:
Իսկ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել էր ՀՀ վարչապետ Փաշինյանի դիրքորոշումը, որ որոշիչ ձայնը ղարաբաղյան կողմինն է․ «Հայաստանն ինչ էլ պայմանավորվի, առանց Ղարաբաղի ձայնի՝ կարգավորումը բնական չի լինելու, կարգավորումը կայուն և տևական չի լինելու: Ղարաբաղի ձայնը չափազանց էական է, և եղել և մնում է այդ սկզբունքն օրակարգում»:
Նա նաև հստակեցրել էր, որ հայկական կողմը բանակցությունների սկզբունքների առումով փոփոխություններ չունի:
Սյուզան Ստյուարտը դրական է համարում, որ հանդիպումը կայանալու է, ըստ էության, ՆԱՏՕ-ի`արևմտյան կուլիսներում: Սա, նրա գնահատմամբ, նշանակում է, որ Ռուսաստանը, հրաժարվելով բանակցային գործընթացում կենտրոնական դերակատարությունից, այս փուլում, երբ իրավիճակը լարված է, արևմտյան համանախագահների հետ փորձելու է ներկայիս լարված իրավիճակը մեղմելու ելքեր գտնել:
«Այն, որ Բաքուն աջակցություն էր փնտրում Մոսկվայում, դա միանշանակ էր, որի վառ ապացույցներից վերջինը Լելե Թեփե ռուս որոշ փորձագետների այցելությունն էր և ադրբեջանական դիրքորոշմանն իրենց հայտնած աջակցությունը, որը մեծ աղմուկ բարձրացրեց: Բայց, ըստ իս, Բրյուսելում որոշակիորեն կմարեն ստեղծված տրամադրությունները, քանի որ կողմերը կտեսնեն համանախագահների միասնական դիրքորոշում և պատերազմական տրամադրությունների մերժում: Բնականաբար, նախարարները շատ նեղ օրակարգ կունենան առաջիկա հանդիպմանը:
Կարծում եմ` երկու թեմա կարող է լինել: Նախարարները միանշանակ կքննարկեն իրավիճակը շփման գծում, ուժերի և զինտեխնիկայի կուտակումը: Եթե կողմերից որևէ մեկը պատրանքներ ունի, թե զենքի կիրառման սպառնալիքի ներքո հնարավոր է բանակցություններում իր համար դրական արդյունքների հասնել, դա թյուրընկալում է, քանի որ զենքը փակում է դուռը բանակցության համար: Ուստի պետք է զենքը դուրս բերել առաջնագծից, դա պետք է լինի կողմերի և համանախագահների առաջնահերթությունը, որից հետո կարելի է խոսել նախկին համաձայնություններից: Մյուս թեման, կարծում եմ, կարող է լինել նախագահական մակարդակով հանդիպում կազմակերպելու հարցի քննարկումը:
Չի բացառվում, որ նախարարները պարզապես զբաղվեն նախապատրաստական աշխատանքներով և ծանոթությամբ, հաշվի առնելով, որ սա ՀՀ ԱԳ նորանշանակ նախարարի առաջին հանդիպումն է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ»,- ասաց գերմանացի քաղաքագետը:
Անդրադառնալով պատերազմի վերսկսման հնարավորությանը` Ստյուարտն ասաց, որ Ղարաբաղում լայնածավալ պատերազմի ռեսուրս չի տեսնում, որքան էլ կողմերը հայտարարում են, որ տեխնիկապես պատրաստ են պատերազմի:
«Խոսքը տնտեսական բաղադրիչի և երկրների ամրության մասին է: Կարծում եմ` սա որոշիչ հանգամանք է, երբ կողմերը մտածում են հակամարտությունը պատերազմով լուծելու մասին: Պատերազմը ջախջախիչ հարված է երկրի տնտեսությանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը դա չեն կարող հաղթահարել, քանի որ տնտեսապես ամուր չեն: Ուստի, կարծում եմ, որ կարող են լինել կարճաժամկետ ռազմական գործողությունների ծրագրեր, սակայն դա ևս այսօր այնքան էլ հեշտ խնդիր չէ, քանի որ ձեռնտու չէ համանախագահներին, իսկ Հայաստանը 2016-ից հետո դրան ավելի պատրաստված է»,- ասաց Սյուզան Ստյուարտը: