ՏՄՊՊՀ-ն առաջարկում է սահմանել պետական ռեսուրսների տրամադրման չափանիշերը. հանձնաժողովը խնդիրներ է հայտնաբերել
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական hանձնաժողովն առաջարկում է բոլոր գերատեսչություններին օրենսդրական փոփոխություններ իրականացնել:
Այսօր տեղի ունեցավ հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում պարզ դարձավ, որ հանձնաժողովն իրականացրել է ուսումնասիրություն` պարզելու, թե ինչ սկզբունքներով են պետական տարբեր գերատեսչությունների կողմից տրամադրվում բացառիկ լիցենզիաներն ու քվոտաները:
Խոսքը վերաբերում է, օրինակ, ձկան և խեցգետնի արդյունահանմանը, հանքերի շահագործմանը, անտառահատմանը, պետական գույքի վարձակալությանը, Սևանի ափամերձ տարածքների վարձակալմանը, դպրոցներում սննդի կազմակերպման համար տարածքների տրամադրմանը, բացօթյա առևտրի կազմակերպմանը, արտաքին գովազդային վահանակների տեղադրմանը, և այլն:
Հանձնաժողովն ուսումնասիրել է 27 պետական մարմինների կողմից վերոնշյալ թույլտվությունների տրամադրման գործընթացները, որի արդյունքում բացահայտել է ոչ մրցակցային հիմունքներով, առանց մրցութային կարգի իրականացվող 45 գործառույթներ:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նկատեց, որ պետական ռեսուրսները սահմանափակ են, և երբ այդ ռեսուրներն արդարացիորեն չեն բաշխվում տնտեսվարողների միջև, դա կարող է լուրջ մրցակցային անհավասար պայմաններ առաջացնել:
«Օրինակ, շատ տնտեսվարողներն են ուզում զբաղվել Սևանա լճից կամ այլ լճերից ձկների արդյունահանմամբ, հասարակական սննդի կազմակերպմամբ, բացօթյա առևտրով, և այլն: Երբ այդ լիցենզիաները, թույլտվություններն արդարացի ձևով չեն բաշխվում տնտեսվարողների միջև, սա կարող է մրցակցային անհավասար պայմաններ ստեղծել տնտեսվարողների միջև: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բոլոր պետական մարմինները, որոնք նմանատիպ լիցենզիաներ և թույլտվություններ են տալիս տնտեսվարողներին, դա կատարում են ինքնուրույն, և իրենք են որոշում ՝ որ տնտեսվարողին տրամադրել, որին մերժել: Այդ տրամադրման գործընթացում չկան չափանիշեր: Հանձնաժողովն առաջարկ է ներկայացնում կառավարությանը, բոլոր պետական մարմիններին, որ պետք է համապատասխան օրենսդրական փոփոխություններ իրականացվեն: Մենք հստակ մատնանշել ենք այն բոլոր իրավական ակտերը, այն դրույթները, որտեղ պետք է այդ փոփոխությունները կատարվեն, ու դրա արդյունքում բոլոր լիցենզիաները, թույլտվությունները, որ տրամադրվում են տնտեսվարողներին և կապված են պետական ռեսուրսների օգտագործման իրավունքի հետ, դրանք պետք է տեղի ունենան մրցակցային հիմունքներով: Այն տնտեսվարողները, որոնք ավելի լավ պայման և գին կներկայացնեն պետական մարմիններին, նրանք էլ պետք է օգտվեն այդ իրավունքից»,- նշեց Ա. Շաբոյանը
Նա ասաց, որ իրենք այլ խնդիր էլ են տեսնում. «Կան բազմաթիվ դեպքեր, երբ պետական մարմիններն իրականացնում են նաև բիզնես գործառույթ, այսինքն՝ այն նույն գործունեությունն են իրականացնում, որը զուգաբեռաբար իրականացնում են մասնավոր ընկերությունները: Քանի որ պետական մարմինները բյուջետային ֆինանսավորում են ստանում, տիրապետում են պետական ռեսուրսների և հնարավորությունների, հետևաբար՝ մրցակցային առավելություն են ստանում մասնավոր ընկերությունների նկատմամբ: Կարծում եմ՝ այս բիզնես գործառույթների առանձնացումը, տարանջատումը պետական մարմինների գործունեությունից, ոչ միայն կնպաստի մրցակցային հավասար պայմանների ապահովմանը, այլև՝ հնարավորություններ կտա փոքր և միջին բիզնեսի զարգացման համար»:
Ա. Շաբոյանն ասաց, որ իրենք առաջարկում են, որ լինի մեկ միասնական էլեկտրոնային հարթակ, որտեղ պետք է տրամադրվի ողջ տեղեկատվությունը պետական գույքի վարձակալության և օտարման վերաբերյալ:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյո՞ք հանձնաժողովն ուսումնասիրություններ իրականացրել է Երևանի քաղաքապետարանում և ի՞նչ խնդիրներ է բացահայտել: Ի պատասխան՝ Ա. Շաբոյանն ասաց. «Այս խնդիրները բոլոր համայնքներում էլ կան՝ և՛ Երևանի քաղաքապետարանում, և՛ մնացած համայնքներում: Բոլոր համայնքներում այս խնդիրները կան, ու դրա համար ենք առաջարկում իրականացնել օրենսդրական փոփոխություններ, որ պետական մարմինների ղեկավարները պատճառաբանություն չներկայացնեն, որ օրենսդրությունը սահմանափակ է, ու չեն կարողանում մրցույթներ իրականացնել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: