«Նախկինում եղել են նաև ցուցակային գործեր, թե որ գործով ինչ որոշում պետք է կայացվի». Կիմ Բալայան

ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ) պաշտոնաթող դատավոր, Գերագույն խորհրդի նախագահության անդամ Կիմ Բալայանի կարծիքով՝ ՀՀ Սահմանադրության մեջ չեն ամրագրվել այնպիսի սկզբունքային հարցեր, որոնք պետք է հավասարակշռեին ամբողջ իշխանությունը:

«Այսօր դատական իշխանությունը ձևավորվում է բացառապես քաղաքական մարմնի կողմից, ՍԴ անդամներին  ընտրում է ԱԺ-ն, Վճռաբեկ դատարանին ընտրում է նույն ԱԺ-ն: Ունենք թիվ մեկ քաղաքական մարմին, որը ձևավորում է դատական իշխանությունը: Հետևապես, այդ դատական իշխանությունն ինչպես կարող է անկողմնակալ լինել և Սահմանադրությանը ենթարկվել: Այդ նորմերը կենսունակ չեն կարող լինել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նա:

Կիմ Բալայանը նկատեց՝ սահմանադրական արդարադատություն իրականացնում է ՍԴ-ն, որի դատավորներին ընտրում է ԱԺ-ը՝ 12 տարի ժամկետով.

«40 տարեկանում մարդը կարող է ընտրվել, իսկ 53 տարեկանում ի՞նչ պետք է նա անի: Ստացվում է՝ ՍԴ անդամը պետք է կախյալ վիճակում լինի գործադիր իշխանությունից: ՍԴ այն անդամը, որն անաչառ կլինի և կղեկավարվի միայն Սահմանադրությամբ, հետագայում տեղ չի ունենա ո՛չ դատական, ո՛չ գործադիր իշխանության մեջ»:

Ինչ վերաբերում է Սահմանադրության կիրառմանը, նա ասաց, որ Սահմանադրության մի շարք նորմերով ամրագրված է մի բան, իսկ գործնականում այլ երևույթներ են:

«Մենք չփորձեցինք ի շահ մեր ազգային շահերի ստեղծել մի Սահմանադրություն, որը կիրառելի կլինի»,- ասաց նա։

Բալայանի խոսքով՝ չի կարող կայանալ դատական համակարգ աշխարհի որևէ երկրում, եթե այդ երկրում չկա նորմալ փաստաբանական ծառայություն, որը, ըստ նրա՝ պետք է կարգավորել՝ նաև լիազորություններ տալու միջոցով.

«Այսօր փաստաբանը սահմանադրական ճշմարտություն դատարանում ասելով՝ չի կարող արդյունքի հասնել»։

Նա նշեց, որ «թավշյա հեղափոխությունից» հետո ամբողջ դատական համակարգը կազմալուծվեց, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի միջամտելու դատական գործերին.

«Նախկինում եղել են նաև ցուցակային գործեր, թե որ գործով ինչ որոշում պետք է կայացվի: Դատական համակարգում սովորել էին, որ պետք է միջամտություն լինի, որ գործերին կարողանային ընթացք տալ: Բարեբախտաբար, ադապտացիան շուտ եղավ, և դատարանները սկսեցին ինքնուրույն որոշումներ կայացնել»:

Տեսանյութեր

Լրահոս