Նշաններ, որ ավելորդ քաշը էստրոգենի բարձր մակարդակի հետևանք է
Էստրոգենը կնոջ օրգանիզմում արտադրվող կարևոր հորմոն է, որը պատասխանատու է օրգանիզմում մի շարք կարևորագույն գործառույթների համար: Brainum.ru-ն ներկայացրել է նշաններ, որոնք կարող են վկայել օրգանիզմում այս հորմոնի բարձր մակարդակի մասին:
Քաշի ավելացում: Էստրոգենի բարձր մակարդակը կարող է հանգեցնել օրգանիզմում հեղուկի կուտակման: Արդյունքում՝ կարող եք ավելորդ քաշ կուտակել, թեև հետևում եք սննդակարգին և ֆիզիկական ակտիվություն ցուցաբերում:
Փքվածություն: Այտուցվածության, փքվածության զգացումը կարող են վկայել այն մասին, որ Էստրոգենի մակարդակը նորմայից բարձր է:
Անկանոն դաշտանային ցիկլ: Սեռական հորմոնների ինչպես՝ բարձր, այնպես էլ՝ ցածր մակարդակը կարող են հանգեցնել անկանոն դաշտանային ցիկլի:
Ցավ կրծքերում: Սա հիմնականում հորմոնալ անհավասարակշռության հետևանք է:
Սեռական ցանկության նվազում: Սեռական ցանկության նվազումը կարող է վկայել օրգանիզմում հորմոնալ ֆոնի խնդիրների մասին:
Նախադաշտանային համախտանիշ: Էստրոգենի բարձր մակարդակը կարող է դաշտանից առաջ հոգնածության, տրամադրության փոփոխությունների, գլխացավերի, որովայնում ցավերի և այլ ախտանշանների պատճառ դառնալ:
Գլխացավեր: Այս ախտանշանը ևս կարող է առավել զգալի դառնալ դաշտանին նախորդող օրերին: Օրգանիզմում հորմոնալ տատանումներ են լինում, էստրոգենի մակարդակը բարձրանում է, ինչի հետևանքով կարող են ուժեղ գլխացավեր առաջանալ:
Հոգնածություն: Մշտական հոգնածությունը, էներգիայի ցածր մակարդակը կարող են վկայել էստրոգենի բարձր մակարդակի մասին:
Արյան բարձր խտություն: Հորմոնալ թերապիան կարող է նկատելիորեն մեծացնել թրոմբների առաջացման հավանականությունը: Թրոմբի դիրքից կախված՝ կարող են նկատվել այտուցվածություն կամ վերջույթների թմրում, շնչառության խնդիրներ և այլն:
Տրամադրության անկումներ: Հորմոնալ փոփոխությունները կարող են էապես ազդել հոգեբանական վիճակի վրա՝ առաջացնելով տրամադրության կտրուկ փոփոխություններ, դեպրեսիա:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը