Մեծ հաջողություննե՞ր, թե՞ մեծ հիասթափություն. Ինչ կտա Փաշինյանի կառավարությունը ՓՄՁ-ներին

Հարցազրույց «ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի» նախագահ Հակոբ Ավագյանի հետ

– Պարոն Ավագյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը վերաբերող խորհրդակցությանը մասնակցել եք նաև Դուք: Ի՞նչ դիտարկումներ ու ակնկալիքներ ունեք:

– Ինչպես գիտեք, նմանատիպ հանդիպման մասին բազմիցս բարձրաձայնել ենք, որ օր առաջ պետք է վերսկսել երկխոսությունը ՓՄՁ շահերը ներկայացնող կառույցների հետ, վերականգնել կամ վերափոխել վարչապետին կից՝ նախկինում գործող ՓՄՁ Զարգացման խորհուրդի գործունեությունը: Ի վերջո, բացի նամակագրություններից, կայացավ նաև հանդիպումը: Հանդիպման օրակարգում 3 հարց էր, որոնցից յուրաքանչյուրը, սակայն, չափից շատ ընդգրկուն և երկար քննարկում պահանջող: Առաջին հարցը հենց վերաբերում էր Հարկային օրենսգրքով (ՀՕ) պայմանավորված հրատապ լուծում պահանջող մոտ մեկ տասնյակ խնդիրների, այդ թվում` նախևառաջ՝ հանրային սննդի ոլորտի վերջերս նորից փոփոխված դրույթներին, որոնք մասամբ լուծեցին ոլորտի խնդիրները, մասամբ` ոչ:

Այս փաստը ևս ապացուցեց, որ նմանատիպ ձևերով, առանց հանրային լայն քննարկումների, նախագիծը միշտ բերելու է դժգոհությունների: Սա այն նախագիծն էր, որն ընդունել էր արդեն նոր կառավարությունը` փորձելով լուծել նախորդից եկող խնդիրների մի մասը: Հենց առաջին հարցի շուրջ սկսվեց տարբեր կարծիքների քննարկումներ Ֆինանսների նախարարության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու հասարակական սեկտորի ներկայացուցիչների միջև: Հասկանալով, որ մի օրակարգը չի կարող բավականացնել թեկուզ միայն ՀՕ-ի վիճահարույց խնդիրների քննարկման համար, իմ կողմից առաջարկ եղավ՝ հանդիպմանն ամրագրել կառավարության հետ հետագա երկխոսության ֆորմատը, կարգն ու կանոնները, որոնք երկուստեք կպահպանենք:

Կարդացեք նաև

Դրանից հետո ավելի շատ քննարկումն անցավ տվյալ հարցի շուրջ: Վարչապետը ևս դրական մոտեցավ այդ հարցին, կարևորեց այս պահին լուծելը հետագա համագործակցության, երկխոսության մեխանիզմների հարցը: Հաշվի առնելով այն փաստը, որ այսօրվա վարչապետի ինստիտուտի լիազորությունների և անելիքների շրջանակն ավելի մեծ է և ընդգրկուն, առաջարկեց, որպեսզի ձևավորվի, այսպես ասած, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին կից ՓՄՁ երկխոսության աշխատանքային հարթակ, որտեղ հանդիպումներն ու քննարկումները կլինեն ավելի հաճախ, իսկ այն հարցերը, որոնց շուրջ կոնսենսուսի չենք գա, օրինակ, եռամսյակը մեկ անգամ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կքննարկվեն տվյալ ոլորտի համակարգման պատասխանատու, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ձևավորվելիք ՓՄՁ Զարգացման խորհրդում:

Հիմա ակնկալում ենք, որ այս պայմանավորվածություններն օր առաջ կյանքի կկոչվեն, և կսկսենք աշխատել բոլոր այն ծառացած խնդիրների վրա, որոնց լուծմանը սպասում են ՓՄՁ-ները:

– Վարչապետը նշել է, որ պետք է քարտեզագրել փոքր և միջին ձեռնարկատիրության խնդիրներն ու կառավարության անելիքները՝ ոլորտին աջակցելու առումով: ՓՄՁ  ներկայացուցիչները, այդ թվում` Դուք, բազմիցս ու պարբերաբար բարձրաձայնում են ոլորտի խնդիրների մասին: Ձեր ձայնը լսելի՞ է կառավարությունում:

– Այո, այդ խնդիրը միշտ ունեցել ենք, սկզբում՝ ճիշտ ախտորոշել, գույքագրել խնդիրը, հետո՝ գնալ լուծումներ փնտրելու: Այդ իմաստով հենց առաջնային համարվեց ՀՕ-ում առկա խնդիրների գույքագրումը, որը, ըստ երևույթին, մինչև աշուն, եթե հաջողվի ամփոփել, կբերի նրան, որպեսզի նորից վերանայվի տվյալ կիսատ-պռատ, արագացված ռեժիմով գրված փաստաթուղթը: Այստեղ շատ կարևոր է վերոհիշյալ խորհրդի դերը, եթե այն իրականում միս ու արյուն ստանա և գործուն քայլեր անի, ապա այստեղ մեծ հաջողություններ կունենանք, եթե ոչ, կունենանք մեծ հիասթափություն:

Հենց ՀՕ-ի հետ կապված՝ այսօր ՓՄՁ-ները կոնկրետ քայլերի են սպասում, իսկ տվյալ ստեղծվելիք ստորադասային ՓՄՁ երկխոսության խորհուրդը ղեկավարելու է Արծվիկ Մինասյանը, ով նախկինում ևս ղեկավարում էր Էկոնոմիկայի նախարարությունն այն ժամանակ, երբ նախորդ կառավարությունն ընդունեց այսօրվա գործող չարաբաստիկ ՀՕ-ն:
Այս պահին, եթե գնահատենք` լսելի՞ է, թե՞ ոչ մեր ձայնը կառավարությունում, ապա սա առաջին գործուն քայլն էր: Մինչ այդ ունեինք բազմաթիվ անպատասխան նամակներ, այդ թվում` ևս մեկ անգամ ՓՄՁ խնդիրները գույքագրած, ամփոփած նամակներ:

Հիմա հասկանում ենք, ըմբռնումով ենք մոտենում, որ ունենալով հանրության մեծամասնության վստահությունը վայելող կառավարություն, այնտեղ ստեղծվել է մի իրավիճակ, որ նամակների տեղատարափից կառավարության աշխատակազմը չի հասցնում նույնիսկ ժամկետներին պատասխանել մեր նամակներին:

Հասկանում ենք նաև, որ դեռևս ունենք կառավարման համակարգում անփորձ կադրերին ինտեգրման ժամանակ տալու խնդիր, բայց դրան զուգահեռ՝ թե՛ մեր երկրում գործող ՓՄՁ-ները, թե՛ նոր ներդրումներ անող նորեկները, արտահանողներն ու արտադրողները, սուպերմարկետների հետ խնդիրները չլուծած գերփոքրերը սպասում են կոնկրետ քայլերի, կոնկրետ գործողությունների: Կարծում եմ` կառավարությունը պետք է օգտվի բիզնես շահերը ներկայացնող ապաքաղաքական կառույցների պարզած օգնության ձեռքից և նորից չառաջնորդվի այն սկզբունքով, թե` «մենք ամեն ինչ գիտենք, մեզ ժամանակ տվեք, մենք կանենք…»:

Եթե համեմատականներ փորձեմ անցկացնել նախորդ կառավարությունների հետ, սա արդեն չորրորդ կառավարությունն է, ում հետ փորձում ենք աշխատել «բարիկադի» այս կողմից: ՓՄՁ-կառավարություն երկխոսության ինստիտուցիոնալ հիմքերը դրվեցին Տիգրան Սարգսյանի օրոք, երբ հիմնադրվեց հենց ՓՄՁ զարգացման խորհուրդը: Այդ ժամանակաշրջանում գոնե պահպանվում էին այն կանոնները, որոնք ամրագրված էին խորհրդի կանոնադրությամբ՝ հանդիպումներ եռամսյակը մեկ անգամ, խնդիրների քննարկում, արձանագրում, առաջմղում:

Այդպես ընդունվեցին մի շարք ՓՄՁ-ների կյանքը լավացնող օրենքներ և փոփոխություններ, Շրջանառության հարկի մասին օրենքն էլ ներդրվեց հենց այդ ժամանակ: Իմ սուբյեկտիվ կարծիքով` այդ ժամանակվա լրջագույն խնդիրներից էր ՊԵԿ-ի չափից ավելի անկախ գործելը, որը ենթարկվում էր անմիջապես նախագահին, և շատ հարցեր տեղափոխվում էին միջանձնային հարաբերությունների դաշտ, որի լուծումը գնում էր նախագահական:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ժամանակ ևս սկզբում շատ դժվար սկսվեց երկխոսությունը, եթե կհիշեք, ՊԵԿ-ի նախաձեռնությամբ շրջնառության մեջ դրվեց մի նախագիծ, ըստ որի՝ ԱԱՀ-ի շեմը 2014թ. հուլիսի 1-ից պետք է իջեցվեր 30,0 մլն դրամի, որը ևս առանց քննարկման արդեն ուղարկվել էր կարծիքների հավաքագրման նախարարություններում:

Մենք ստիպված սկսեցինք նորից բարձրաձայնել խնդիրները մամուլով, որից հետո միայն կառավարության ղեկավարը վերագործարկեց ՓՄՁ խորհրդի ֆորմատը և սկսեց լսել նաև հակառակ կողմին: Ճիշտ է, շատ հարցեր դրանից հետո նորից պարտադրվեցին երկխոսության առևտրականների բողոքի ակցիաներով, բաց նամակներով, և այլն: Այստեղ շատ կարևոր էր կառավարության աշխատակազմի և Էկոնոմիկայի նախարարության դերակատարումը, որպեսզի ճիշտ ժամանակին նաև տեղ հասցվեին հակառակ կարծիքները:

Ի վերջո, այդ ժամականաշրջանում էր, որ կոտրվեցին կարծրատիպեր, և ՀՀ-ում ներդրվեցին նաև հարկազատման մեխանիզմներ՝ ընտանեկան ձեռնարկատիրությունը հարկերից ազատելու, սահմանամերձ համայնքների և ՏՏ ոլորտի սկսնակների հարկազատման մեխանիզմները, բարձրացվեց ԱԱՀ-ի շեմը, չնայած՝ ժամանակավոր: Բայց այս ժամանակաշրջանում էր, որ մշակվեց ՀՕ-ն, եթե շատ կոպիտ բառերով չասեմ, մշակվեց ծածուկ, առանց լայն քննարկումներ ապահովելու, որն էլ սեղմված ժամկետներում արդեն ընդունեց հաջորդ` Կարեն Կարապետյանի կառավարությունը: Վերջիններս նորից եկան այդ մոտեցումով՝ «մենք ամեն ինչ գիտենք, մեզ պետք չէ ոչինչ ասել, հես ա ամեն ինչ կարգի կբերենք»:

Այստեղ արդեն ունեցանք լուրջ խնդիր, երբ նախորդ կառավարության ղեկավարը չէր պահպանում նույնիսկ խորհրդի կանոնադրությամբ սահմանված հանդիպումների կարգը՝ առնվազն եռամսյակը մեկ անգամ: Ինչպես հիշում եք, նախորդ տարի մենք հանդիպեցինք ընդամենը մեկ անգամ ՝ հուլիսի 7-ին, որի օրակարգային առաջին երկու հարցը նորից վերաբերում էին ՀՕ-ին: Այդ քննարկումն այնքան բուռն եղավ, որ նիստը շարունակվեց հուլիսի 14-ին:

Իսկ այդտեղ բարձրացված հարցերի մեծամասնությունը տեղ գտան նախորդ տարվա ՀՕ-ի դեկտեմբերի 21-ի փոփոխություններում: Ահա սա է պատկերը: Եթե փորձեմ կարճ նկարագրել` մենք այդպես էլ չսովորեցինք կառավարությունների հանձնում-ընդունում անել, գույքագրված խնդիրները տեղափոխել հաջորդներին և նորից ետ չգնալ գույքագրման մակարդակ: Իսկ որ ամենակարևորն է` պահպանել պետություն-մասնավոր հատված երկխոսության անընդհատությունը՝ անձերի փոփոխություններից անկախ: Չեմ ուզում այժմ գործող կառավարության մոտ ևս տեսնել նման վարքագիծ:

– Այսօր Հարկային օրենսգրքում ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ:

– Նախ պետք է հիմա հստակ հասկանանք` կառավարությունը պատրաստակա՞մ է ՀՕ-ի ֆունդամենտալ փոփոխությանը, թե՞ գնում է տեղային լուծումների: Եթե սա հասկանանք, ապա կընտրենք նաև ճանապարհը: Իմ կարծիքով՝ ճիշտ կլինի մինչև աշուն ևս մեկ անգամ գույքագրել խնդիրները, կատարել դաշտային աշխատանքներ, ի վերջո, սկսել հանդիպել իրական ՓՄՁ-ների հետ, գյուղմթերք արտադրողից՝ մինչև ՏՏ արտահանող: Դրանից հետո նոր մշակել փոփոխություններ կամ լրիվ նոր փաստաթուղթ: Այո՛, պետք չէ նաև դրանից վախենալ, լրիվ նոր փաստաթուղթ:

Տեսանյութեր

Լրահոս